Լրահոս
Օրվա լրահոսը

«Պալատական» հեղաշրջո՞ւմ թավշյա հեղափոխության արդյունքում

Ապրիլ 26,2018 11:00

Ինչպե՞ս իրեն կդրսեւորի Մոսկվան այսօր, երբ ակնհայտ է, որ հասարակությունը նաեւ «մերժում է Կարենին»

Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական այս գործընթացներում աշխարհաքաղական ոչ մի կոնտեքստ ու դավադրություն գոյություն չունի: «Սա ուղնուծուծով մաքուր, զտարյուն հայկական թավշյա հեղափոխություն է: Եվ որեւէ այլ մեկնաբանություն չի կարող լինել: Աշխարհի տարբեր երկրներ ի գիտություն են ընդունել այս ուղերձը եւ հենց այդպես էլ ընկալում են իրավիճակը: Շատ կարեւոր է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, արձագանքելով այդ դեպքերին, ասել է՝ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է: Եվ ես հույս ունեմ, որ նմանատիպ արձագանք կլինի միջազգային հանրության մյուս առանցքային ներկայացուցիչներից»,- ասաց նա: Ն. Փաշինյանը Մարիա Զախարովայի խոսքը մեջբերեց նաեւ ապրիլի 20-ին, այդ օրն էլ Զախարովան նշել էր. «Մենք վստահ ենք, որ բարեկամ Հայաստանում ստեղծված իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով` իրավական դաշտում»: Փաշինյանի գնահատմամբ` այդ հայտարարությունը չափազանց կարեւոր է, ինչը նշանակում է, որ «Սերժ Սարգսյանը կորցնում է նաեւ Ռուսաստանի աջակցությունը»:

«Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ»՝ հստակ ուղերձ է հղում Փաշինյանը:

Համաժողովրդական ընդվզումը շարունակվում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Նիկոլ Փաշինյանի ուսերին բավական ծանր բեռ է ընկած: Դատելով Մոսկվայի ուղղությամբ նրա ուղերձներից՝ նա վստահաբար գիտակցում է, որ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը ոչ մի դեպքում չպետք է տեղափոխվի Հայաստան: Դա կլինի ամենակործանարար սցենարը Հայաստանի ու Արցախի համար: Նա արտասահմանցի լրագրողներին տված հարցազրույցում օրերս հավասարակշռված դիրքորոշում արտահայտեց թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի հետ հարաբերությունների եւ Հայաստանի երկու հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ակնհայտ է, որ Փաշինյանն ակնկալում է, որ Մոսկվան աջակցի հասարակությանը, ոչ թե հայաստանյան իշխող համակարգին:

Ի դեպ, Ռուսաստանի պահվածքը խիստ ուշագրավ է: Վերջին տարիներին հայաստանյան ամենամասսայական ընդվզման առկայության պայմաններում Ռուսաստանը զարմանալիորեն զուսպ ու հավասարակշռված էր վերջին օրերին, նույնիսկ գովեստի խոսքեր էին շռայլում «հայկական հեղափոխության» ու «իմաստուն հայ ժողովրդի» մասին, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ Մոսկվան Սերժ Սարգսյանի հրաժարականին ինչ-որ կերպ նպաստել է: Այսինքն՝ եթե Հայաստանը փոթորկած իրադարձությունները Մոսկվայի համար անակնկալ եղած լինեին, վաղուց տարբեր մակարդակի ռուս պաշտոնյաներ արդեն Երեւանում կլինեին:

Ինչպե՞ս իրեն կդրսեւորի Մոսկվան այսօր, երբ արդեն ակնհայտ է, որ հասարակությունը նաեւ «մերժում է Կարենին»: Ահա, այստեղ է, որ դեռ «կենացները» կարող են «քաղցրանալ»:

Վերջին օրերի տարբեր դրվագներ, խճանկարներ, երբ փորձում ես վերհիշել, բազմաթիվ հարցերի պատասխաններ կարծես հնարավոր է դառնում ստանալ:

Օրինակ՝ երբ փորձում ես հասկանալ, այնուամենայնիվ Սերժը Սարգսյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բացարձակ զիջելու կեցվածք չուներ, ինչպե՞ս որոշեց հրաժարական տալ:

Այսպես, հայտնի է, որ Ս. Սարգսյանի հրաժարականի նախորդ օրը հանրապետականները նույնիսկ զարմանալի էին համարում Ս. Սարգսյանի հրաժարականի մասին հարցին պատասխանել: Անգամ Ս. Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին առավոտյան, հանրապետականները լծված էին արտահերթ նիստ հրավիրելու ստորագրություններ հավաքելու գործընթացով՝ ըստ ամենայնի, ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով: Ավելին, այդ օրը տեղեկություններ տարածվեցին, որ ժամը 14:00-ին ԱԺ նիստ պետք է հրավիրվի: Բայց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց, տարածվեց Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը, որում կարեւոր արձանագրում կար. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ»:

Ապրիլի 23-ի առավոտյան ինչ-որ գործընթացներ, խմորումներ են տեղի ունեցել ներիշխանական կուլիսներում: Տպավորություն է ստեղծվում, որ համաժողովրդական պայքարը, հասարակական ընդվզումն իր մասշտաբներով, թավշյա հեղափոխությամբ ուղեկցվել է պալատական հեղաշրջման նման մի գործընթացով: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը թիկունքից հարված է ստացել եւ զիջել է:

Նիկոլ Փաշինյանը հստակ ընդգծել էր, որ վարչապետի ընտրությունը պետք է տեղի ունենա մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո պետք է ձեւավորվի կառավարություն, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան ողջամիտ ժամկետներում: Ապրիլի 25-ին «Արմենիա Մարիոթում» ծրագրված բանակցությունները «իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ»՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ չկայացան: Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը խուսափում երկխոսությունից: Նա այլ ակնկալիքներ ունե՞ր (գուցե նաեւ հիմա ունի՞) Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո:

Պատկերը առավել քան հստակ է. հասարակությանն այլեւս իշխող համակարգի ներկայացուցիչների` անձերի փոփոխությամբ հնարավոր չէ հանդարտեցնել: Այստեղ է, որ պետք է հիշեցնել «համակարգային փոփոխություններ» չարչրկված արտահայտությունը, որն այդպես էլ այս տասը տարիների ընթացքում կյանքի չկոչվեց: Այսօր գոնե սա գիտակցո՞ւմ է իշխող էլիտան:

Այսօր բոլոր կողմերից ակնկալվում է խոհեմություն: Երիտասարդական, համաժողովրդական այս զարթոնքը պետք է ծառայեցնել Հայաստանի զարգացմանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 26.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30