Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխական օրերի մասնակի քրոնիկոն

Ապրիլ 26,2018 17:00

Ինչքան էլ փորձենք շրջանցել հեղափոխության թեման, չի ստացվի: Որովհետև այս օրերին դա բոլորիս հուզող գերխնդիրն է: Որ նախքան Նիկոլի սկսած շարժումը մեզ հարցնեին, ոչ մեկս չէր գուշակի, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի իր շուրջ այսքան ժողովուրդ հավաքել: Նույնիսկ ինքը՝ Նիկոլը դա չէր պատկերացնի: Ինչ վերաբերում է Նիկոլի առասպելական անսպառ էներգիային, դա մարդաբաններին թողնելով՝ փորձենք գոնե մասամբ հասկանալ այն, ինչ տեղի ունեցավ իրականում: Իրականում Նիկոլի անսպառ էներգիային գումարվեց մեր երիտասարդության անսպառ էներգիան, և արդյունքում ստացվեց ռեալ հեղափոխական իրավիճակ:

Փաշինյանի ու երիտասարդության մասին այս օրերին շատ գրվեց ու էլի կգրվի, բայց գրեթե ոչինչ չի ասվել քաղաքական այլ ուժերի ու գործիչների պահվածքի ու վարքագծի մասին: Երբ Նիկոլը մարզերից սկսեց իր քայլարշավը, քաղաքական ուժերից ու գործիչներից ոչ ոք չմիացավ Փաշինյանին, ավելին, նրանցից շատերը քամահրանքով ու ծաղրով էին արտահայտվում Փաշինյանի սկսած քայլարշավի ու շարժման մասին: Բայց երբ Փաշինյանի շարժումը հասավ մայրաքաղաք և պարզ դարձավ, որ Նիկոլին ու նրա սկսած շարժմանը բազմահազար հավատացողներ կան, քաղաքական ընդդիմադիր ուժերն ու գործիչներն անմիջապես հանդես եկան հայտարարություններով՝ պատրաստակամություն հայտնելով միանալ Նիկոլ Փաշինյանի սկսած գործընթացին: Հայտարարություններով միացան, բայց իրականում նրանց միանալը ոչ ոք չտեսավ: Նիկոլին միացած ստաժավոր կուսակցություններն ու քաղաքական գործիչները ոչ Նիկոլի երթերին էին մասնակցում, ոչ էլ նրա հանրահավաքներին էին ելույթներ ունենում:

Փաստորեն, սրանց միանալուց հետո էլ, Նիկոլ Փաշինյանը շարունակում էր միայնակ առաջնորդել շարժումը: Ասում ենք միայնակ, բայց, իհարկե, առանց ժողովրդի ու զանգվածների, Փաշինյանն էլ ի վիճակի չէր լինի որևէ բան անել: Այդուհանդերձ, ժողովրդի ահռելի քանակության առկայությունն էլ էր առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի շնորհիվ:
Նիկոլի ու բազմության շնորհիվ, փաստորեն, շատ բան փոխվեց: Առաջին հերթին փոխվեց «Լուսավոր Հայաստանի» Էդմոն Մարուքյանի խոսքի ինտոնացիան: Հիմա նա արդեն Նիկոլի պես խրոխտ է խոսում: Եվ ժողովրդի վերաբերմունքն էլ նրա հանդեպ փոխվում է : Ավելի ճիշտ՝ ոչ թե ժողովրդի վերաբերմունքն է փոխվում, այլ ժողովուրդը նոր-նոր սկսում է իմանալ, որ Էդմոն Մարուքյան անունով քաղաքական գործիչ ու պատգամավոր կա: Իսկ նախկին արհեստավարժ վարչապետ և ներկայիս ռեկտոր Արմեն Դարբինյանը, ով Սերժ Սարգսյանի ակնհայտ համակիրներից էր, իրադարձությունների փոփոխությունից ու հեղափոխական իրավիճակից հետո հայտարարեց, որ «երկրին հրամցված խորհրդարանական համակարգը չդիմացավ առաջին իսկ լուրջ փորձությանը»:

Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի ձախողված հանդիպումից հետո իրավիճակն ավելի փոխվեց: Ըստ այդմ, փոխվեցին նաև մեր քաղաքական գործիչների հայացքները: Այնուհետև, ձախողված հանդիպումից ընդամենը ժամեր անց բերման ենթարկվեցին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը: Նույն օրը պարզ դարձավ, որ դա նույնպես հանգուցալուծում չի կարող լինել: Դա առաջինը հասկացավ Սերժ Սարգսյանը և ոչ միայն ընդդիմության լիդերներին ազատ արձակեց, այլև հրաժարական տվեց: Դա բոլորի համար էր անսպասելի: Մանավանդ այդ օրն ու այդ պահին, երբ ընդդիմադիր զանգվածը ցնծության մեջ էր՝ իր առաջնորդների ազառ արձակման առթիվ:

Այդուհանդերձ, իշխանության ձևավորման ամենածանր ու ամենաբարդ շրջանն առջևում է: Ձևական առումով ՀՀԿ-ն, փաստորեն, շարունակում է խորհրդարանական մեծամասնություն մնալ, բայց չեմ կարծում թե՝ ՀՀԿ-ն կփորձի վարչապետի սեփական թեկնածու առաջադրել: Կարծում եմ, առնետավազքի տարատեսակ ու հետաքրքիր դրսևորումների ականատեսն ենք լինելու ոչ միայն Ազգային ժողովում, այլև՝ Ազգային ժողովից դուրս: Ասացինք, որ Նիկոլ Փաշինյանի անսպառ էներգիային գումարվեց երիտասարդության անսպառ էներգիան, և արդյունքում ստեղծվեց հեղափոխական իրավիճակ:

Երիտասարդության վճռական ու որոշիչ դերն այս հեղափոխության հետ կապված բազմիցս է շեշտվել և իմ էս ասածը նորություն չէ: Բայց երիտասարդության դերն ու նշանակությունը վերաշեշտելով՝ ուզում եմ նշել, որ կանայք ու տարեցներն էլ չափազանց մեծ մասնակցություն ունեին:

Բնական է, որ տարեցներն առողջական ու տարիքային պատճառներով երիտասարդների չափ շատ ու ակտիվ չէին կարող լինել: Բայց եղան: Իրենց հնարավորության չափով: Կանայք՝ նույնպես: Կանանց մասնակցությունը նույնպես մեծ լիցք էր հաղորդում հեղափոխությանը՝ այն դարձնելով իսկապես համաժողովրդական:

Ինչ վերաբերում է սպասվելիք առնետավազքին, կարելի է արձանագրել, որ այն արդեն մասամբ սկսվել է: Թե ինչ չափերի կհասնի՝ մոտակա օրերին կտեսնենք: Եվ ընդհանրապես՝ առաջիկա օրերին շատ բաներ կտեսնենք, որ հիմա չենք էլ ենթադրում:

Այս օրերին մեր շատ ենթադրություններ սխալ դուրս եկան: Տա Աստված, որ շարունակենք սխալվել՝ ի շահ մեր երկրի ու մեր ժողովրդի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

26.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30