Լրահոս
Օրվա լրահոսը

Gallup International Association-ի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը պարզաբանում է ուր են Կարեն Կարապետյանին համակրող 60 %-ը

Ապրիլ 26,2018 21:07

Մոտ հինգ ամիս առաջ, Gallup International Association-ի լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը այլ քաղաքական գործիչների թվում հրապարակեց նաեւ արդեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի վարկանիշը:  Սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, 2017-ի դեկտեմբերի դրությամբ, Կարեն Կարապետյանի հեղինակությունը 57 տոկոս էր: Այս տարվա ապրիլին արդեն, նույն ընկերության կատարած հարցումները մի փոքր դրական տեղաշարժ են արձանագրել՝ մոտ 60 տոկոս:

Այսօր Aravot.am-ը պարոն Նավասարդյանից հետաքրքրվեց, թե ո՞ւր են այդ 60 տոկոսը, այն դեպքում, երբ այսօր հրապարակում հավաքված քաղաքացիները, որոնք փոքրաթիվ չեն, մերժում են Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Մեր հարցին ի պատասխան, Արամ Նավասարդյանն ասաց. «Փորձեմ մի փոքր չհամաձայնել ձեզ հետ, այո, հանրությունը, որն այսօր դրսում կանգնած է եւ բողոքում է, եւ ինչպես դուք ասացիք՝ մերժում է, կարող է համաձայն չլինել, որ Կարեն Կարապետյանը լավ թեկնածու է: Մենք ոչ թե գնում ենք եւ հարցնում ենք այն հանրությանը, որը միայն դժգոհ է իր աշխատանքից, մենք հարցնում ենք հանրապետության ներկայացուցչական ընտրանքով: Ինչպիսի պատկեր որ արձանագրվում է դա ներկայացնում ենք: Եկեք չմոռանանք, որ կան նաեւ այն քաղաքացիները, որոնք որ դուրս չեն եկել եւ չեն մասնակցում այդ բողոքի ցույցերին: Եվ այն մարդիկ, որոնք որ դուրս չեն եկել նրանց շրջանում էլ կարող են լինել մարդիկ, որոնք որ հավանություն չեն տալիս, այսինքն՝ միանշանակ հղում անել դրսում ցույց անող ցուցարարներին, որոնց կարծիքն, իհարկե, պիտի հաշվի առնել, բայց ասել, որ այ, եթե 100 հազարը երկու միլիոնի մեջ ակտիվ ասում է, որ մենք դեմ ենք, որ դուք դառնաք վարչապետ, դա, կարծում եմ, այդպես չի: Չի կարելի ասել, որ մեծամասնությունը դեմ են»:

Պարոն Նավասարդյանն ասաց, որ, եթե փորձեն հիմա հարցումն իրականացնել, միգուցե, պատկերը փոխված լինի, քանի որ փոխվել է իրադրություն եւ տեղեկատվական ֆոնը լրիվ ուրիշ է, զարգացումները շատ սրընթաց փոփոխվում են. «Որքանով փոխված կլինի, որքանով փոխված չի լինի, ես չեմ կարող հիմա պատասխանել, որովհետեւ դա կլինի ոչ ճիշտ: Կարծում եմ որոշակի անկում կլինի, որովհետեւ ընդհանարապես այդ դժգոհության ալիքը ազդած կլինի, բայց, թե  որքանով ազդած կլինի՝ չեմ կարող պատասխանել, միայն կարող եմ ասել, որ առաջիկայում, երբ որ այս իրադրությունները մեզ մոտ հանդարտվեն եւ արդեն իսկ մենք ունենանք կայուն իրավիճակ, անպայման անցկացնելու ենք հարցում եւ մի շարք հարցերի ենք անդրադառնալու նաեւ կարծում եմ, կփորձենք հասկանալ, թե ինչպիսի վերաբերմունք կա Կարեն Կարապետյանի նկատմամբ, եթե դա ակտուալ լինի իհարկե»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30