Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական լրատվամիջոցները՝ Փաշինյան-Կարապետյան հանդիպման մասին

Ապրիլ 27,2018 22:20

Թուրքիայի առաջատար լրատվականները շարունակում են ակտիվորեն լուսաբանել հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակը:

Թուրքական լրատվական կայքերն անդրադարձել են վերջին երկու օրերին Հայաստանում ծավալված իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի չկայացած հանդիպմանը:

«Ermenihaber» լրատվական գործակալությունն առանձնացրել է թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած ամենաուշագրավ հրապարակումները:

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը «Հայաստանում կառավարությունը հրաժարվեց հանդիպել Փաշինյանի հետ» վերնագրով նյութում մեջբերել է Կարապետյանի խոսնակ Արամ Արարատյանի խոսքերը, թե Փաշինյանի առաջարկը նախորդից չի տարբերվում և անընդունելի է, որ  օրակարգ ներկայացնում է մի կողմը, իսկ մյուսին նման հնարավորություն չի տրվում:

Կարապետյանի կողմից Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը մերժելու թեմային անդրադարձել է «Akşam» թերթի կայքը, որը ներկայացրել է  նաև Սերժ Սարգսյանի հրաժարականին հանգեցրած իրավիճակին նախորդած գործընթացները՝ սահմանադրական փոփոխություններ, վարչապետի պաշտոնում Սարգսյանի ընտրությունը, բողոքի ակցիաներ: Նշվում է նաև, որ ընդդիմությունը Սարգսյանին մեղադրում է պետությունը վատ ղեկավարելու, տնտեսությանը վնաս հասցնելու մեջ:

Թուրքական լրատվականը ներկայացրել է Սարգսյանի հրաժարականից բացի Փաշինյանի մյուս պահանջները՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Timetürk» լրատվական կայքը գրում է, որ 3-րդ շաբաթն է, ինչ Հայաստանում  բողոքի ակցիաներ են ընթանում: «Հայաստանի նախագահը հանդիպել է ցույցերի առաջնորդ Փաշինյանի հետ» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել է կատարվել Կարապետյան-Փաշինյան չկայացած հանդիպմանը:

Իսկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Փաշինյանի հանդիպման մասին կայքը գրում է, որ նրանք քննարկել են քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցը:

«Haberler» լրատվական կայքը ներհայաստանյան իրադարձությունների վերաբերյալ 2 լուր է հրապարակել: Կայքը ներկայացրել է, որ Փաշինյանը Կարապետյանին հրավիրել է բանակցությունների 2-րդ փուլի, որը պետք է տեղի ունենար «Մարիյոթ» հյուրանոցում: Ինչպես նաև ընդգծել է, որ վարչապետի պաշտոնակատարը հրաժարվել է հանդիպել ցուցարարների առաջնորդի հետ:

Կայքը, հղում անելով Փաշինյանի ֆեյսբուքյան էջին, նշում է, որ ցուցարարների առաջնորդը ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Habertürk» լրատվական կայքը «Հայաստանում կրքերը չեն հանդարտվում: Կրեմլը հայտարարություն է արել…» նյութում անդրադարձել է Կարապետյան-Փաշինյան չկայացած հանդիպմանը, Փաշինյանի պահանջներին, ինչպես նաև այս հարցով Հայաստանի ամենամերձավոր դաշնակիցներից Ռուսաստանի հայտարարությանը:

«Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծվի հնարավորինս կարճ ժամանակում և բոլոր կուսակցությունների համաձայնությամբ»-հայտնում է «Habertürk»-ը:

«Ապրիլի 24-ը և Հայաստանի դասերը» վերտառությամբ հոդվածում Հայաստանում ընթացող գործընթացներին անդրադարձել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Էդուարդ Տանձիկյանը:

Պոլսահայ հոդվածագիրը թվարկել է Թուրքիայում հայ համայնքի դժվարությունները, որոնցից են խստացվող պայմաններում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել-չանցկացնելու հարցը, Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում պետության միջամտությունը:

Այս համատեքստում նա գրում է. «Հոռետեսության մատնվելու կարիք չկա: Ամենածանր օրերին անպայման մի ելք գտնվում է: Նայե՛ք Հայաստանին, նայե՛ք Երևանին: Երիտասարդները տնօրինեցին իրենց ճակատագիրը և առաջին քայլն արեցին դեպի մեծ փոփոխություն»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30