Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու նկատառում՝ 30 տարվա փորձից

Մայիս 05,2018 10:00

«Հեղափոխությունը հաղթել է» արտահայտությունն ինձ չափից դուրս լավատեսական է թվում: Եթե մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա անգամ այդ դեպքում ես չէի շտապի արձանագրել հեղափոխության հաղթանակը: Հաջողության մասին հնարավոր կլինի խոսել այն դեպքում, եթե մենք կարողանանք ավելի լավ պետություն եւ հասարակություն ունենալ: Քանի որ այս ամենը մենք արդեն անցել ենք, ինձ թույլ կտամ երկու նկատառում հայտնել:

1/ Պետք չէ սպասել արագ արդյունքների: Մայիսի 8-ից հետո (եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի) հազարավոր մարդիկ, որոնք այս 25 տարվա ընթացքում առնչվել են անարդարությանը, կամ կարծում են, որ առնչվել են, գալու են կառավարության շենքի մոտ իրենց արդար կամ անարդար պահանջներով: Կամ ավելի զարգացածներն այդ պահանջները ձեւակերպելու են «բաց նամակների» տեսքով: Մեր քաղաքացիների մեծ մասը իրավամբ չի հավատում ինստիտուտներին՝ դատախազությանը, ոստիկանությանը, առաջին հերթին, իհարկե՝  դատարանին,  նրանք իրենց հույսը կապում են երկիրը ղեկավարող անհատի հետ, առավել եւս այս պարագայում, երբ նրան վստահում են: Համոզել մարդկանց, որ նրանք, այնուամենայնիվ, դիմեն համապատասխան պետական մարմիններին, այս պահին, ինձ թվում է, հնարավոր չէ:  Բնականաբար, պետք է փոխվեն այդ ինստիտուտները: Կասկածում եմ, որ դա հնարավոր է մի քանի օրում անել, եւ այդ առումով քաղաքացիները պետք է, կարծում եմ, մի փոքր համբերատար լինեն: Բայց որ այդ ինստիտուտները հնարավոր է փոխել, չեմ կասկածում: Փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր ազնիվ, բարի, իրար նկատմամբ հարգանքով եւ սիրով լցված մարդիկ, մնում է, որ նրանք իրենց աշխատավայրերում նույնպես դրսեւորեն այդ գովելի հատկությունները: Ինչպես դա անել՝ մասնագետները կասեն, միջազգային փորձն էլ կա:

2/ Պետության համար «շարժման տղերքը» ոչնչով ավելի լավը չեն, քան մնացած քաղաքացիները: «Ես շարժման տղա եմ, ես պայքարել եմ, զրկանքներ եմ կրել, բերման եմ ենթարկվել, ուրեմն ինձ մի հատ կուկլա պաշտոն է հասնում»՝ այդ տրամաբանությունը բերում է տխուր հետեւանքների: Տասնամյակների փորձը ցույց է տալիս`  «շարժման տղերքից» շատերը 2-3 տարում կարող են դառնալ ճիշտ այնպիսի կերպարներ, որոնք մերժվել են հեղափոխության ժամանակ: Այդ նույն տրամաբանության մեկ այլ դրսեւորում է՝ «էս տղեն մեր թիմից է, մենք չենք կարող նրան պատժել» արտահայտությունը: Կամ էլ մեկ այլ տարբերակ՝ «դու ո՞ւր էիր, երբ ես ճամփա էի փակում»: Հեղափոխական ռոմանտիկան հաճախ վերածվում է փոխարժեքի, որը, ինչպես ասում են, կապիտալիզացիայի է ենթարկվում միանգամայն պրագմատիկ եղանակներով:

Ոչ մեկի բարձր տրամադրությունը չեմ ուզում փչացնել: Պարզապես հիշում եմ, թե ինչ է տեղի ունեցել 30 տարի առաջ եւ դրանից հետո:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (28)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Ես հուսով եմ, որ քաղաքացիների մեծամասնությունը հենց գիտակցությամբ կշարժվի, հասկանալով որ 26 տարվա արատները մի ամսում չէն վերանա։ Բայց կարծում եմ, որ շատ արագ արդյունքներ այնուամենայնիվ կտեսնենք։ Ու ամենակարևորը՝ որ այսօրվա հերոսները չդառնան վաղվա հրեշները, ինչպես երեկվա մեր հերոսները վիշապ էին դարձել այսօր։

  2. Մարգար Մախսուդյան says:

    Այո՛, պետք է հիշել, ՛՛թե ինչ է տեղի ունեցել 30 տարի առաջ եւ դրանից հետո՛՛, ասեմ ավելին՝ ո՛չ միայն հիշել, այլև հեշեցնել, թեկուզ՝ ամեն օր:
    Համամիտ եմ նաև այն մտքին, որ ամենաախտահարվածն ու հավատ չներշնչողը դատական համակարգն է, սակայն համոզված եմ նաև, որ դատավորների գերակշիռ մեծամասնությունը արհեստավարժ և նույնիսկ կարելի է ասել՝ կարգին մարդիկ են, պարզապես ստիպված են եղել գոյատևել գործադիր իշխանության կողմից համալարված և ամեն ինչ ապականող ՛՛մերն ուրիշ է, իսկ նրանց էդ էլ ա քիչ՛՛ իրավական, ավելի ճիշտ՝ անիրավության դաշտում:
    Իսկ ի՞նչ անել: Կարծում եմ պետք է իրավական համաներում հայտարարել, սակայն միայն նրանց, ովքեր մեղայականով հանդես կգան, և հստակ ցույց կտան, որ իրենք կառավարական ճնշումների ներքո են անարդար վճիռներ կայացրել: Առաջին հայացքից կարող է ուտոպիա թվալ, սակայն իմ՝ թեկուզ համեստ փորձառությունից ելնելով հակված եմ այդպես կարծել:
    2010-ին դատական մի գործընթացում կողմի ներկայացուցիչ էի: Դատավարության ընթացքն ու բուն դատաքննությունը անցնում էին իրոք՝ մրցակցային պայմաններում և վճռի դրական ելքը արդեն որևէ կասկած չէր հարուցում, սակայն հրապարակման օրը դատավորը ներկայացավ շատ գունատված և դողացող ձայնով կարդաց թղթի մի կտորի վրա գրված մի ՛՛վճիռ՛՛, որն ասես մեկ այլ գործից լիներ:
    Առանց չափազանցության՝ հիասթափությունից զատ, կարեկցում էի նաև այդ դատավորին, ինչպես նաև նրա գլխիկոր օգնականին:
    Բնականաբար իսկական վճիռը կողմերին այդ օրը չտրվեց, թեև օրենքը հենց դա՛ էր պահանջում, իսկ դատարանի նախագահը փորձում մեզ համոզել. ՛՛համակարգիչն է խափանվել, մի երեք օրից պատրաստ կլինի՛՛…

  3. avag says:

    Նկատառումներ իմ 50 տարվա փորձից

    երբ պետք է հասկանք, որ այդ “հանցավոր ռեժիմը”- դա դուք էք?

    դա ամբողջ “Ով հայ ժողովրդի” էությունն է, ու կաշառակեր դատավորը դուք եք. “մլիցեն” դուք եք…

    …կարծում եմ երբեք էլ դա չեք հասկանա, քանզի հասկացող մարդը երբևէ “փողոց” չէր դուրս գա “հեղափոխություն” անելու:

    • Աշոտ says:

      Իսկ ինչ պետք է աներ հասկացող մարդը?

      • Հ.Շ. says:

        քաղաքական գետնի վրայ, պէտք է աներ ինչ որ Պարոն Փաշինյանը ասում էր, փողոց իջնելէ առաջ: Նոր Սահմանադրութեան շնորհիւ, Հայաստանում գոյացնել իսկական,իր խօսքերով «ինստիտուցիոնալ» Ընդդիմութիւն, եւ համբերութեամբ ու խելքով, քայլ առ քայլ (բայց ոչ փողոցի քայլերով…) ընթանալ դէպի ընտրութիւններու ճամբով, լեգիտիմ իշխանափոխութեան

        մնացեալ ոլորտներում՝ գործի դաշտը անծայրածիր էր – ու կը մնայ, այժմու վիճակով, աւելի երկար կը մնայ այդպէս –

        • Աշոտ says:

          Իսկ դուք ձեզ հարց տվել եք, ինչու բռնակալական կամ ավտորիտար երկրներում ընդդիմություն որպես այդպիսին չկա? Ինքս էլ պատասխանեմ. Որովհետև ավտորիտար ռեժիմը սիստեմատիկ կերպով ոչնչացնում, գնում, բանտարկում, կամ պառակտում է ընդդիմությանը: Ձեր ասածը գործում է Կանադայում, ԱՄՆ-ում, ԵՄ-ում, բայց ոչ հայաստանում:
          Ինչու պիտի ընդդիմությունը սահմանադրական տառով շարժվի, երբ իշխանությունները հավատարիմ չեն հայրենի օրենսդրությանը, կամ փոխում են այն ըստ իրենց քմահաճույքի:
          Այն, ինչ դուք այս վերջին օրերին անդադար գրում եք, ինքնա խաբեություն է ու դեմագոգիա:
          Sorry man.

          • Հ.Շ. says:

            թէ որ այդպէս էր, իսկական, լուրջ յեղափոխութիւն կատարէիք. եւ ոչ թէ այս խեղկատակութիւնը. sorry, indeed…

          • Հ.Շ. says:

            իսկ դեմագոգիան լինելով ամբոխահաճութիւնը, գրածներս ճիշդ ատոր հակառակն են. ամբոխի այժմու հոսանքին դուր չեկող կարծիքներ եմ արտայայտում, լուրջ եւ մասնագիտական հիմնաւորումներով.

      • avag says:

        Աշոտ- Հասկացող մարդը Հայաստանում պետք է աներ — ոչինչ
        Այսինքն հասարակական առումով- ոչինչ:

        • Աշոտ says:

          Հա բա?
          Մոտավորապես այսպես. Իսկ ինչու քնելու հանվել, եթե առավոտյան միևնույն է հարկավոր է հագնվել:

          • avag says:

            Հայաստանում սա իրական ձևն ա, շորերը պիլասոսի բերանը չտալու ))))

  4. Ruben says:

    Դեռեւս ոչ ոք ինձ չի համոզել, որ հնարավոր է այս աստիճանի կախված լինել Ռուսաստանից եւ չլինել «հետխորհրդային» երկիր, ինչպես նաեւ անել «թավշյա հեղափոխություն» եւ տարածքներ չկորցնել:

  5. Nara says:

    Ինձ թվում է այստեղ պետք է շատ միասնական դիրքորոշում ցուցաբերեն բոլոր լրատվական միջոցները ու խիստ քննադատեն այդ երևույթը, որովհետև չկրթված մասսան իր մոտեցումներն ունի այդպիսի դեպքերում և մենք արդեն այդ ամենն անցել ենք . Փաշինյանի այն մոտեցումը, որ վենդետա չի լինելու դա շատ շատ ու շատ կարևոր կետ է և պետք է տեղ հասնի ամենուր, մարդիկ պետք է հասկանան, որ ռեկտորի հեռացմամբ պրոբլեմը չի լուծվում, եթե համակարգը նույն է, առավել ևս մեր սերունդը արդեն այդ փորձը ցավոք ունեցել է

    • Հ.Շ. says:

      իսկ նախկին վարչակարգի հեռացմամբ – որ ես կը համարեմ իրականացած -, պրոբլեմները պիտի լուծվե՞ն կը կարծէք… աւելի հաւանական է որ վատթարանան… պիտի հասնիք այս եզրակացութեան, սակայն չգիտեմ որքան ժամանակից… եւ անկէ ետք, յուսահատութիւնը, հոգեկան ընկճուածութիւնը շատ աւելի ծանր պիտի լինեն, քան թէ նախապէս

    • Գէորգ says:

      Նարա ջան, արդէն վենդետտան սկսել է, իսկ ռեկտորն դոմինոյի երկրորդ քարն է…. Լաւ բան դուրս չի գալու: Ասում են վիրաւոր անասունն աւելի վտանգաւոր է լինում…

      • Nara says:

        Հույսով եմ դեր Հայաստանում մտածող մարդիկ մնացել են ու բարձրաձայն կքննադատեն այդ երևույթը, որովհետև այս հեղափոխությունը մտածելակերպի հեղափոխություն է, այլ ոչ թե ինչ որ անձանց նկատմամբ տեռորի ակտ և այս վարվելակերպը արդեն մի անգամ մեզ տարելէ դեպի Սերժ, Քոչարյան և մնացած երևույթները…

  6. Հ.Շ. says:

    Այսուհետեւ յստակ, ժողովրդավարական ճանապարհ բացուած է որ, ժամանակաւոր իրաւիճակներից յետոյ, յաջորդ խորհրդարանական ընտրութիւններից աւարտին՝ Գագիկ Ծառուկյանը դառնայ Հայաստանի Վարչապետ: (Նախապէս երբ պիտի տիրանար երկրի քաղաքական գերագոյն ղեկին, միակ խոչընդոտը հանդիսացաւ Սերժ Սարգիսյանը, արտակարգ միջոցներով: )

  7. Mher says:

    Մեր ժողովուրդը շատ համբերատար է: կսպասի մինչև հերթական, ամիսը 2 միլիոն դրամի պետբյուջեի հաշվին հեռախոսով խոսացող պատգամավորը կամ նախարարը կխոսի երկրի անվտանգությունից կամ թոշակի բարձրացման համար բյուջեում գումար չլինելուց:

  8. Աշոտ says:

    Հ.Շ. ինչ ասել է “իսկական հեղափոխություն”?
    Ասենք հոկտեմբերյան հեղափոխության նման մի բան? Թե ֆրանսիական նման? Իսկ միգուցէ ուկրաինական սցենարների էր ձեր սրտին ավելի հաճո?

    • Nara says:

      Հույով եմ դա կլինի մարդկային արժեքների հեղափոխություն: ՀԱՐԳԱՆՔԻ, ՀանԴՈՒժՈՂԱԿԱնՈՒԹՅԱն, Իրավահավասարության : Ոչ ոք աստված չի որ իմանա որն է ճշմարիտ ուղին, այդ ուղին գտնելու միակ բանաձևը դա կարծիքների արտահայտման ազատությունն է ու դրանց բախումը, սա այն փաստն է որ հասկացել են զարգացած երկրների ժողովուրդները և հույսով եմ որ մենք այդ ճանապարհն ենք ընտրելու այս հեղաշրջումից հետո, այլապես այս ամենն անիմաստ է դառնում……

    • Հ.Շ. says:

      Սիրելի Աշոտ, պարզապէս ասում եմ՝ ոմանք յեղափոխութիւն են համարում եւ կոչում մի բան, որ յեղափոխութիւն չէ, բնաւ: Ասեմ, տակաւին փաստօրէն իշխանափոխութիւն իսկ չէ, նոյնիսկ երբ որ պատուարժան Պարոն Փաշինեանը հասնի իր եւ իր հետեւորդների մուրազին, հեսա դառնայ վարչապետ:

      Անշուշտ թէ աւելի վատ սցենարնրեն բաղձալի չէին ու չեն: Չես կարող լրջօրէն մտածել թէ ես այդպիսի բան եմ ուզում… Պարզապէս, եւ վերեւի Խմբագրականի նիւթի համապատասխան – եւ յաւելեալ – մտահոգութեամբ, ասում եմ՝ մի կարծէք թէ ինչ որ պատահեցաւ լուծելու է Հայաստանի էական խնդիրները:

      Թէ որ, որոշ ժամանակուայ մը համար, լինելու է ծաւալուն, նոյնիսկ ծայրագոյն լաւատեսութիւն, ժողովուրդի մի հատուածի մօտ հոգեբանական դրական փոփոխութիւն, այո, դա հաստատ, եւ ինքնին վատ բան չի. սակայն այս բոլոր տակնուվրայութեան այդ միակ նշանակալից արտադրանքը նախ վերացական է միայն, ապա ժամանակաւոր է. եւ անկէ ետք, հիասթափութիւնը լինելու է աւելի խորտակիչ, քան նախկին վարչակարգի ժամանակ. այսպէս կ’ըլլայ ամէն պարագաների, կեանքի բոլոր ոլորտներում, հաւաքական եւ անհատական, ամէն անգամ որ ծայրայեղ զգացումները տիրապետեն տարրական բանականութեան:

    • Ruben says:

      «Չկախվես ափոյի բանից, քամի փչելով ման արի»:
      Առանց Նիկոլի էլ, ամռան վերջին, մեկա սոված ժողովուրդը դուրս էր գալու փողոց:

  9. Ruben says:

    Սերժը կազմակերպեց, Նիկոլայը կատարեց՝ «Ես կամ թավշյա քաոս»:
    Համարյա Ավգուստո:

  10. Լավատես says:

    Երեսուն տարվա փորձը թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել առաջին հեղափոխության՝ խորհրդային կուսակցականների կաշառակեր ու անիրավ համակարգի դեմ ու երկրորդ հեղափոխության՝ հանրապետական կուսակցականների կաշառակեր ու անիրավ համակարգի դեմ եւ երկու դեպքում էլ հեղափոխականների թիկունքին կանգնած են նույն ուժերը՝ առաջին Նախագահի շքախումբը: Եթե մեզ հերթական մութ ու ցուրտ տարիներն են հրամցնելու, հետագայում իշխանությունը փոխանցելով լուսանցքային կուսակցականների կաշառակեր ու անիրավ համակարգին, ժամանակն է զուտ հայկական շքախումբ ու զուտ հայկական համակարգ ստեղծել:

  11. Գոհար says:

    Ariel Sharon-ի՝ Իսրայելի հանգուցյալ Վարչապետի օրինակով, Նիկոլ Փաշինյանը պետք է անաչառ լինի։ Կատարած հանցանքի համար իր մերձավորներն առաջին հերթին են բանտ գնալու։Նա այդպե՛ս հասավ նոր ստեղծվող Իսրայելի պետության անհերքելի հզորացմանը։ Ամենից խիստ հե՛նց նրանց է պատժելու, ինչպես Շարոնն արեց։ Այնժամ ժողովուրդը չի զղջա իր պայքարի համար և երկիրն էլ ,իրոք կդառնա երկիր՝ արժանապատիվ, հզոր , հպարտ։
    Պ-ն Աբրահամյանի ասած, ոչ մեկը Փաշինյանի մտերիմ աջակցողներից չ՛պետք է առավելություն ունենա չ՛մասնակցող արժանի մարդու համեմատ։ Ամեն ինչ պետք է անի որ ժողովրդի համար կասկածի տեղ չ՛մնա։ Կարծում եմ այս թափանցիկության մեջ կլինի Նիկոլի Նոր Հայաստանի կառուցումը։

  12. Kara says:

    Հիմա այլևս ունենք այն ինչին ձգտում էինք, և փառք Աստծո հասանք մեր ուզածին առանց արնահոսության և արժանապատվորեն ու ամենակարևորը աշխարհի առջև Հայի կերպարը բարձր պահած. հիմա եկել է խստապահանջ աշխատելու ժամանակը, խստապահանջություն ոչ միայն իշխանության, կառավարության, Դատական համակարգի, ինստիտուցիոնալ կառույցների և այլ վերադասների հանդեպ, այլ առաջին հերթին ինքներս մեր հանդեպ, սկսած շենքերի կողքին աղբ չթափելուց մինչև մեր գործը ազնվությամբ և պատասխանատվությամբ կատարելուց.

    Թող ՔԱՅԼ ԱՐԱ կարգախոսը որդեգրի ամեն մի հայ, Հայաստանից մինչև սփյուռք, և իր ամենօրյա քայլերը ուղղորդի մեր միակ հայրենիքի իրական բարեկեցությանը…..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031