Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի մշակույթը ինքնահոսի չմատնվի եւ չհանձնվի ազատ շուկայի քմահաճույքներին

Մայիս 17,2018 13:00

Կամ՝ ինչպես են աշխարհի խորհրդարանները
օժանդակում մշակույթի նախարարության գործունեությանը

Անկախության երկուսուկես տասնամյակի ընթացքում «մի ձեռքի մատների վրա» կարելի է հաշվել, թե քանի անգամ են ՀՀ ազգային ժողովի պատգամավորները հարց ուղղել մշակույթի նախարարին: Կարծես ամենաանկարեւոր ոլորտը լինի մեզանում, քանի որ ստացվում է, թե ավելի կարեւոր հարցերն այնքան շատ են, որ անկարեւոր հարցերի համար ժամանակ չի մնում: Այնինչ անընդհատ գոռում-գոչում ենք հայկական մշակույթ, մեծագույն արժեք, բայց մեր խիստ բազմազբաղ խորհրդարանը ժամանակ չի գտնում մշակույթին անդրադառնալու: Սա այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներում խորհրդարանները մեծ դեր են խաղում մշակութային կյանքը կազմակերպելու համար ու ամեն ինչ չեն թողնում մշակույթի նախարարության վրա՝ եթե, իհարկե, այդպիսի կառույց ունի տվյալ երկիրը: Որոշ երկրների խորհրդարաններ էլ ուղղակի մասնակցություն են ունենում մշակութային ծրագրերի ստեղծմանն ու մասսայականացմանը: Կարող ենք բերել բազմաթիվ օրինակներ, թե աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններ ինչ կերպ են օժանդակում մշակույթի զարգացմանը՝ դրանով գումարվելով իրենց մշակույթի նախարարության գործունեությանը, այն հիմնական նկատառումով, որ մշակույթի ոլորտը ինքնուրույն լինելով հանդերձ, համենայնդեպս՝ ինքնահոսի չմատնվի եւ չհանձնվի շուկայի խիստ ազատ քմահաճույքներին։ Ազատ շուկան շատ անգամ կործանարար դեր է խաղում հատկապես դասական եւ ավանդական արվեստների ոլորտներում։ Ներկայանալի, չափանիշային արժեք ունեցող այդ ասպարեզները գրեթե բոլոր երկրներում պետության հոգածության խիստ կարիքն ունեն։

Ռուսաստանի նման հզոր երկրում, օրինակ, որտեղ մշակույթի ոլորտը ուղղակի երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է գտնվում, մեծ պարտավորություն է իր վրա կրում երկրի երկպալատ պառլամենտը՝ Դաշնային ժողովը (Դաշնային խորհուրդ ու Պետական Դումա), որն իր ուղղակի օրինաստեղծ գործունեությունից բացի, հատուկ ֆինանսական միջոցներ է հատկացնում այն հստակ նպատակով, որ Պետդումայի պատգամավորները պարտադիր մասնակցեն մշակութային ամենատարբեր միջոցառումներին ու այդ մասնակցության համար կարողանան ունենալ հատկապես Դումայի կողմից գնված եւ ոչ թե հրավիրյալ տոմսեր։ Երբեմն՝ անհրաժեշտության դեպքում, գնվում են ամբողջական դահլիճներ կամ առանձնահատուկ կարգով տրամադրվում են ծրագիրն իրականացնող բավականին մեծ միջոցներ։ Իսկ հանդիսություններին իրականում անձամբ ներկա են լինում պատգամավորները, որոնց ֆիզիկական մասնակցությունը տվյալ ծրագրին մեծ հեղինակություն եւ ազդեցություն է ունենում։

Ճապոնիայում երկրի պառլամենտը՝ երկպալատ Կոկկայը (Խորհրդականների պալատ եւ Ներկայացուցիչների պալատ) յուրօրինակ կերպով է լուծում հատկապես դասական երաժշտության նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության ու մասսայականացման խնդիրր։ Դասական երեկոներին հաճախած հանդիսականի ամբողջ տարվա ընթացքում գնված տոմսերի զումարները, երկրի կառավարությունը, Կոկկայի ֆինանսական աջակցությամբ, տարեվերջին, ներկայացված տոմսերի հիման վրա, տոմսերի գինը վերադարձնում է հանդիսականին։

Լեհաստանում, որտեղ բավականաչափ բարձր զարգացած թատերական կյանք գոյություն ունի, երկպալատ Պառլամենտի (Սենատ եւ Սեյմ) նախաձեռնությամբ ու ֆինանսական մասնակցությամբ աշխատավարձերի հետ պարգեւավճարի կարգով, ամեն ամիս, տրվում են թատերական ներկայացումների եւ դասական համերգների տոմսեր, որն էլ հենց ակտիվ զարգացող թատերական կյանք ունենալու բուն երաշխիքն է։ Այսօր Լեհաստանն ամենաշատ թատրոններ ունեցող երկրներից մեկն է աշխարհում։ Սեյմի գործուն ֆինանսական աջակցության շնորհիվ Լեհաստանում է գտնվում Եվրոպայի թատերական փորձերի ու ներկայացումների ամենամեծ վիդեոլուսանկարչական արխիվը։
Ամենաբազմաժանր թատրոններով ու բեմարվեստի փորձարարություններով հարուստ երկիրը մնում է Չեխիան՝ հին Չեխոսլովակիայում հիմնավորված եւ ավանդության վերածված այն մոտեցումով, որ նոր մտածողության թատրոնների ստեղծման ու զարգացման համար հնարավորինս արագ կանաչ ճանապարհ է բացվում, որի հոգածությանը ոչ միայն օրինաստեղծ, այլեւ ֆինանսական աջակցության գործնական մասնակցությամբ խնդրի լուծումն իր վրա է վերցնում Նոր Չեխիայի երկպալատ Պառլամենտը (Սենատ եւ Պատգամավորների պալատ)։

Գերմանիայի երկպալատ Պառլամենտը (Բունդեսրատ եւ Բունդեսթագ) գործուն մասնակցություն է ունենում երկրի թատերական կյանքի ձեւավորման ու աջակցման գործում՝ հատկապես պարբերաբար կրկնվող ճգնաժամերի դեպքերում, երբ ֆինանսական աջակցության խնդիրը վերածվում է լինել-չլինելու հարցի։ Վերջին շրջանի հայտնի դեպքերից է, երբ երկու տարբեր քաղաքների արդեն փակվող թատրոնները երկրի պառլամենտի նախաձեռնությամբ միավորվեցին մեկ ստեղծագործական միավորի մեջ եւ այդ մեկ օղակին հատկացում կատարվեց շոշափելի գումարով՝ 21 միլիոն եվրո բյուջեով։
Մեծ Բրիտանիայի Պառլամենտը (Լորդերի պալատ եւ Հասարակության պալատ) ուշադրության կենտրոնում է պահում Շեքսպիրի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող գրեթե բոլոր կարգի գործունեությունները՝ Էյվոնի Ստրադֆորդի տուն-թանգարանից սկսած՝ մինչեւ շեքսպիրյան արքայական եւ միջազգային փառատոների կազմակերպումը եւ հաճախ նաեւ ամբողջական ֆինանսավորումը։ Շեքիսպիրը Անգլիայում գնահատվում է որպես ազգային արժեք եւ Պառլամենտի ուշադրության կենտրոնում է նրան առնչվող գործունեությունը՝ երբեմն նաեւ երկրի սահմաններից դուրս։
Ֆրանսիայի երկպալատ Պառլամենտը (Սենատ եւ Ազգային ժողով) ինքնատիպ համադրություն է իրականացնում ակտիվ մասնակից եւ անմասնակից դիրքորոշումների մեջ։ Օրինակ՝ ամերիկյան արվեստի նման ազատ լինելով եւ թատրոնները հիմնականում մասնավոր հատվածին թողնելով հանդերձ, դասական արվեստի դարբնոց «Գրանդ֊Օպերա» թատրոնը ամբողջությամբ եւ լիարժեք ֆինանսավորվում է պետության կողմից, որն ամենեւին չի խանգարում ունենալու օպերային արվեստի սիրահար բազմաթիվ հովանավորներ։ Այս խնդիրները մեծամասամբ համակարգում է Ֆրանսիայի պառլամենտը։
ԱՄՆ-ի երկպալատ Կոնգրեսը (Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ) աշխարհի այլ երկրների համեմատությամբ ավելի ազատ ու անմասնակից վերաբերմունք ունի մշակույթի ոլորտի գործունեության նկատմամբ, այն գրեթե լիովին թողնելով շուկայական հարաբերությունների ընթացքին։ Արդյունքում դասական եւ ազգային համարում ունեցող արվեստները իրենց տեղը զիջում են շոու-բիզնեսին, որը հենց իր բնույթով ավելի առեւտրային ոլորտ է, քան արվեստի ոլորտ։ Դա է, թերեւս, պատճառը, որ ամերիկյան մշակույթը դասական արվեստի համարում չունի աշխարհում, թեպետ ունի, օրինակ, «Մետրոպոլիտեն թատրոնի» նման բարձրակարգ դասական բեմ։

Էստոնիայի Ռիյգիկոգու միապալատ պառլամենտը շրջանառության մեջ է դրել որոշում, ըստ որի՝ հատկապես ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքի շրջանառությունից որոշակի տոկոս ուղղակիորեն հատկացվում է միայն մշակույթի ոլորտի խնդիրների լուծմանը։ Այդ գումարները չեն կարող ծառայել այլ նպատակների։

Վերը շարադրվածը ի մի բերելով ասենք, որ բարձր արվեստը երկրի համար մնում է միջազգային ամենաներկայանալի այցեքարտը։

Անհրաժեշտ է, որ ՀայաստանիՀանրապետության Ազգային ժողովը հատուկ հոգածության կենտրոնում պահի ոլորտը՝ որպես մշակութային երկրի համարում ունեցող պետություն, որը վերարժեւորվելու խիստ կարիք ունի եւ մեր տնտեսական սահմանափակ շուկան ամենեւին պարարտ միջավայր չէ ազատ գործունեություն ծավալելու համար։ Անհրաժեշտ է ոչ միայն մշակույթի նախարարության միջոցների նպատակային օգտագործումը, այլեւ հատուկ ծրագրված միջոցների ներդրումը, միջոցառումների մասնակցության կազմակերպումը, նույնիսկ այդ գործը համակարգելու համար հատուկ անձի նշանակումը եւ պատգամավորների անձնապես մասնակցությունը տարբեր միջոցառումներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

16.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թող հեղինակը ինձ ների, որին շատ հարգում եմ, բայց հոդվածը գրված է սովետական ոգով, որը վաղուց հնացած է … Նշված երկրներում լուծված է մշակութային ներքին շուկայի հարցը, որն ամենակարևորն է ոլորտի զարգացման համար, իսկ մեզ մոտ, նախարարության վարած սխալ քաղաքականության պատճառով, այդ հարցը չի լուծվում: Այդ է պատճառներից գլխավորը, որ մեզանում դահլիճները դատարկ են, տոմսեր չեն վաճառվում, քանի որ բարձր արվեստը կտրված է հասարակությունից … Հիշենք, որ եվրոպական Մեծ արվեստը զարգացել է մշակութային շուկայի զարգացման սկզբունքով: (Պետությունը չէ, որ վճարել է Բեթհովենին, Վերդիին կամ որևէ հռչակավոր կատարողի, այլ՝ զարգացած մշակութային շուկան) … Կարծում եմ, որ նորանշանակ, երիտասարդ նախարարի առաջնահերթ խնդիրը, հենց ներքին մշակութային շուկայի զարգացումը պետք է լինի, որով կլուծվի շատ-շատ հարցեր … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Լևոն Իվանյան says:

    Հարգելի պարոն Բաբայան,
    Ձեր դիտարկումը տեղին է մշակութային ներքին շուկայի լուծման առումով և համամիտ եմ, որ մեր մշակնախը այդ հարցը չի կարողանում կազմակերպել: Սակայն չեմ կարծում, որ հոդվածը «սովետական ոգով» է գրված – նախ այն հանգամանքի բերմամբ, որ հատկապես ներկայացված են տարբեր երկրներում կիրառված փորձը և ցավոք, մինչև այժմ մեր «նորանակախ» երկիրը դեռևս գործում է «սովետական» ժամանակաների շենքերում ու հաստատություններում: Եթե չեմ սխալվում մշակութային նոր կառույց (շենք) այս 26 տարիների ընթացքում դեռ կառուցված չէ: Հինը չկարողանք պահել, նոր չկարողացանք ստեղծել: Իսկ մշակութային ներքին շումայի իսպառ բացակայության մասին Ձեր հետ լիովին համաձայն եմ:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031