Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սփյուռքի նախարար չեմ նշանակվել, որպեսզի որոշեմ Առաքել Մովսիսյանի ճակատագիրը»

Մայիս 17,2018 14:30

Սփյուռքի նոր նախարարը վստահեցնում է, որ ինչ նախարար
է նշանակվել` «Համշեն տուրի» հետ խզել է իր կապերը

«Առավոտը» սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանին հարցրեց՝ Դուք «Համշեն տուր» տուրիստական ընկերության համահիմնադիրներից եք, հաշվի առնելով, որ սփյուռքի նախարարությունը գործուղումների հետ մեծ առնչություն ունի, կարո՞ղ է հետագայում պարզվի, որ նախարարության գործուղումների ժամանակ տոմսերը գնում եք հենց ձեր ընկերությունից, շահերի բախում առաջանա: Նախարարը պատասխանեց. «Ես այլեւս «Համշեն տուրի» հետ որեւէ կապ չունեմ: Համահիմնադիրներից եղել եմ, բայց էլ կապ չունեմ»: Մեր հարցին՝ երբվանի՞ց կապ չունեք, նա պատասխանեց՝ «այսօրվանից», այսինքն՝ ինչ նախարարի պաշտոնն է ստանձնել: Նախարարը հավելեց, որ «Համշեն տուրը» տուրեր է իրականացնում միայն Արեւմտյան Հայաստանի տարածքում, ուստի, որ դուք նշում եք, թե տոմսերը կգնեմ այդ ընկերությունից, նման խնդիր չկա: Եթե նույնիսկ լիներ էլ, այդ դեպքում դա ակտուալ չէ, որովհետեւ ես որեւէ առնչություն ունենալ որեւէ ընկերության հետ չեմ կարող: Զուգահեռ գործունեություն միայն պատկերացնում եմ ինձ կրթական ոլորտում՝ դասընթացներ իրականացնելիս, որովհետեւ ես 2011-ից կրթական դասընթացներ եմ իրականացնում երիտասարդության համար, ուրիշ ոչինչ»:

Մենք Մխիթար Հայրապետյանին հարցրինք՝ հաճախ կարծիքներ են հնչում, որ մեզ այս սուղ բյուջեի պայմաններում սփյուռքի նախարարություն պետք չէ, դա ավելորդ բեռ է, ընդամենը բավարար է ունենալ արտգործնախարարությունում համապատասխան վարչություն, Դուք համամիտ չե՞ք, նա պատասխանեց. «Եկեք մի քիչ սպասենք, եթե սփյուռքի նախարարությունն իր գործունեությամբ շարունակի թողնել այդպիսի տպավորություն, ապա ես համաձայն կլինեմ այդ կարծիքին: Բայց ես առավել քան վստահ եմ, որ արդյունավետ կառավարման դեպքում բոլոր այդօրինակ դիրքորոշումները, տեսակետները փոփոխվելու են: Ես, իհարկե, հասկանում եմ, որ դրանք հիմք ունեն: Չեմ ցանկանում շատ գնահատականներ տալ նախորդ կառավարման ձեւին, բայց այն նորը, որ գալիս է, ես հավատացնում եմ՝ հույս կներշնչի նույնիսկ ամենավատատեսներին: Սա ամենաանհրաժեշտ նախարարություններից մեկն է, եթե իսկապես ծառայի իր առաքելությանը լավագույնս»:

Նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնի կոչեր ուներ, որոնք դարձել էին քննարկման ու քննադատության առարկա: Մասնավորապես, կոչերից մեկով Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայերին ասել էր, որ ամեն մեկը 1000 դոլար փող բերի Հայաստան ու բանկերում ավանդ դնի: Հետո նա ասաց, որ ահագին սփյուռքահայեր հետեւել են իր կոչին ու աշխուժացրել են տնտեսությունը: Մենք նոր նախարարին հարցրինք՝ Դուք Հրանուշ Հակոբյանի այդ կոչը շարունակելո՞ւ եք, դրա արդյունավետությունն ինչպե՞ս եք գնահատում, նախարարը պատասխանեց. «Հրանուշ Հակոբյանի գործունեությանը եւ առավել եւս նրա արած հայտարարություններին չեմ ուզում անդրադառնալ, առավել եւս՝ կրկնել նրա կոչերը: Ես կոռեկտ չեմ համարում դա այս պահին: Ես կոչերով, անշուշտ, հանդես կգամ, բայց այլ՝ որակական, փոփոխված: Մշտապես հարցեր են տալիս՝ կապված նախկին նախարարի հետ, ես այս պահին ճիշտ չեմ համարում դրան անդրադառնալ, առավել եւս մեկնաբանել նրա կոչերը»:

Մխիթար Հայրապետյանը ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հետ կապված մի գրառում էր արել Ֆեյսբուքում՝ մինչ նախարար դառնալը: Գրառման մեջ նա նշել էր. «Քիչ առաջ տեսա, որ Շմայսը, որը, իմիջիայլոց, լավագույնս է մարմնավորում ՀՀԿ-ն, մեր պայքարը որակեց որպես հիմարություն, ու որոշեցի մի 2-3 րոպե ծախսել իր վրա: Գիտեք, երբ Շմայսն իր կարիերայի ընթացքում ամեն անգամ հերթական էշությունն էր դուրս տալիս կամ անում, շրջապատումս մարդիկ ներվայնանում էին, քֆրտում, ասում էին՝ որ օրը իրենց ձեռքն ընկավ, սատկացնելու են, մինչդեռ ես շարունակ պնդում էի՝ թեթեւ տանեն՝ համոզելով, որ ոչինչ, նա անգամ արժանի չէ, որ իրեն շան տեղ դնենք»: Հետո նա մեջբերելով Մարկ Տվենի հոդվածը՝ գրառման մեջ գալիս է այն եզրակացության, որ նա արժանի է, որ «թքեն իր երեսին»:

Մեր հարցին՝ ձեր նախարարական պորտֆելը չի՞ կաշկանդի ձեզ նման բան անել, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Ես ոչ մի բանից ոչ մի դեպքում կաշկանդվածություն չունեմ, ուղղակի մենք պիտի հասկանանք մեր առաջնահերթությունները: Ես սփյուռքի նախարար չեմ նշանակվել, որպեսզի որոշեմ Առաքել Մովսիսյանի ճակատագիրը: Ես բացառապես ինքս ինձ սահմանափակելու եմ այս գերատեսչությունում կատարվելիք աշխատանքներով: Այստեղ խոսքը վճռականության մասին չէ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

16.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031