Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ասում են՝ անփորձ եք, մենք անփորձ ենք կոռուպցիոն մեխանիզմների եւ ատկատների արվեստի մեջ». Հայկ Կոնջորյանի ելույթը

Մայիս 22,2018 17:52

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Նա նախ շեշտեց, որ ԱԺ դահլիճը կիսադատարկ է, հետո շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացուն, որը Հայաստանը վերադարձրեց հայ ժողովրդին. «Մենք պատմական սերունդ ենք, քաղաքացիների առաջին սերունդն ենք, որն ապրում եւ գործում է իրավամբ ազատ ու անկախ երկրում», – ասաց Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ նոր Հայաստանը պետք է դառնա մի շարք հին ճշմարտությունների մերժմամբ կառուցվող Հայաստան. «Մեզ ասում էին, որ քաղաքականությունը, գիտեք, կեղտոտ միջավայր է, մի մտեք, ի՞նչ գործ ունեք ու բազմաթիվ տաղանդավոր մարդիկ հեռու էին մնում: Մենք ասում ենք, որ եթե սենյակում օդը ծանր է, ուրեմն պետք է պատուհանը բացել, որ մաքուր օդ լցվի: Մեզ ասում են, որ դուք անփորձ եք, դուք չեք կարող սա անել, նա անել: Մենք ասում ենք՝ այո, մենք անփորձ ենք, անփորձ ենք կոռուպցիոն մեխանիզմների եւ ատկատների արվեստի մեջ եւ մեր անփորձությունը մեր առավելությունն է: Մեզ երկար տարիներ ասում էին, որ երիտասարդությունը մեր ապագան է, սպասեք, ձեր հերթը կգա, կգաք մի բան կանեք: Մենք ասում ենք՝ երիտասարդությունը ոչ թե Հայաստանի ապագան է, այլ Հայաստանի ներկան է: Հենց այսօր, հենց հիմա պետք է երիտասարդությունը ակտիվորեն մասնակցի Հայաստանի հզորացմանը: Բազմաթիվ սերունդներ երազել են այն ամենի մասին, որը մենք այսօր ունենք»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ելույթից հետո նրան արձագանքեց. «Բարեկամս, տեղեկացնեմ, որ ՀՀ քաղաքացիները առնվազն 26, 5 տարի ապրում են անկախ Հայաստանում եւ մեծապես սխալ է ցանկացած ներքաղաքական պայքար նույնականացնել արցախյան կամ Սարդարապատի պայքարի հետ: Պետք է էլեմենտար հարգանք ունենալ թե՛ անկախական շարժման, թե՛ արցախյան հերոսամարտի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ, որոնք մեզ նվիրել են անկախ Հայաստան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031