Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «Առաջարկել եմ սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով»

Մայիս 25,2018 01:21

Կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով՝ Կառավարության քննարկմանն եմ ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել եմ սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը: Նշված ժամանակը անհրաժեշտ է օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վեր հանելու և դրանց հիմնավոր, արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ տալու համար՝ ներգրավելով հասարակության լայն զանգվածներին, համակարգի շահառուներին՝ հաշվի առնելով նաև նրանց կարծիքը:

Ընդհանրապես, նոր կառավարությունը զերծ է մնալու նախորդ կառավարությունների արատավոր աշխատաոճից, երբ օրենքներում պարբերաբար կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնց մի մասը բավականին մեծ արագությամբ: Այս ամենը միշտ խորացրել է անվստահության մթնոլորտը, որը առկա է նաև կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Մի քանի հարյուր հազար քաղաքացիներին վերաբերվող օրենքը պետք է լինի այնպիսին, որ ապահովի երկարաժամկետ վստահությունը: Ոչ միայն սոցիալական վճարի վճարումը, այլ նաև ՀՀ քաղաքացու կողմից վճարվող յուրաքանչյուր դրամի արդյունավետ օգտագործման նկատմամբ վստահությունը պետք է դառնա նոր կառավարության գլխավոր առաքելություններից մեկը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետագա փոփոխությունների քննարկումները կլինեն ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ակտիվ մասնակցությամբ և համոզված եմ, որ առաջիկայում կունենանք ամբողջական և արդյունավետ լուծում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում կներկայացնի առաջարկներ ապագա քննարկումների ժամանակ, որի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ:

Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031