Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Քաղաքական հետապնդումները քողարկվում են արդարադատության գործընթացով

Հունիս 06,2018 15:59

ՀՀԿ խմբակցությունից գործարար թեւի ներկայացուցիչների դուրս գալը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պայմանավորում է «պետական ապարատի ոչ համաչափ ռեպրեսիվ հնարավոր գործողություններով»: Այդ մասին այսօր Արմեն Աշոտյանն ասաց խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում. «Ակնհայտ է, որ այս գործընթացները նաեւ գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են և խորհրդարանն ավելի համահունչ է դառնում հասարակության քաղաքական տրամադրություններին, այն առումով, որ գումարային որոշիչ ձայներ այլեւս ՀՀԿ-ինը չեն»:

Հիշեցնենք, ՀՀԿ- խմբակցությունից դուրս եկան Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գեւորգյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը: Այսպիսով, ՀՀԿ 58 հոգանոց խմբակցությունից մնացին 52-ը`կորցնելով մեծամասնությունը: Բացարձակ մեծամասնություն պահպանելու համար ՀՀԿ-ին անհրաժեշտ է 53 ձայն:

Իսկ որ ռեպրեսիաներ կան, Արմեն Աշոտյանը հիշեցնում է` ինքը բազմիցս խոսել է այս մասին. «Քաղաքական հետապնդումներն այսօր երբեմն փորձում են քողարկել արդարադատության գործընթացով, բայց ուզում եմ հատուկ շեշտել՝ կա սելեկտիվ ընտրողական արդարության միտում, որը չի նպաստելու իշխանափոխության ժամանակ հնչեցված նպատակների իրագործմանը»:

Արմեն Աշոտյանը չբացառեց, որ խմբակցությունը լքողներ էլի կլինեն: Թեեւ ՀՀԿ-ն խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը, բայց շարունակում է մնալ մեծամասնություն: ՀՀԿ-ական գործիչն ասում է`մեծամասնության տարբեր տեսակներ են լինում. «Սահմանադրական մեծամասնություն, որը մենք ունեինք նախորդ կոալիցիայի շրջանակներում դաշնակցության հետ միասին, կա նաև 50+1 ձայների մեծամասնություն, որը մենք ունեինք մինչ այսօր և կա խորհրդարանական մեծամասնություն, այն է՝ քաղաքական որևէ ուժ ամենամեծ ձայների քանակն ունի խորհրդարանում, բայց չի տիրապետում 50+1-ին։ Մենք այսօր բացարձակ մեծամասնություն չենք, մենք մնում ենք խորհրդարանում ամենաշատը ներկայացված քաղաքական ուժը, այսինքն՝ առաջին ֆրակցիան ձայների քանակով։ Եթե մնացած պատգամավորները միասնական քվեարկություն են դրսևորում, ապա իրենք են դառնում որոշիչ մեծամասնություն»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930