Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկադյորները ԿԳ նախարարի հետ հանդիպում են ուզում

Հունիս 06,2018 17:10

«ԿԳ նորանշանակ նախարարին դիմել եմ կոնկրետ, կառուցողական, հետաքրքիր եւ կարեւոր ծրագրով ու սպասում եմ արձագանքի: Նախապես ուզում եմ ընդգծել, որ պետությունից գումար չենք ուզում, թեեւ այն ծրագրերը, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել, բավականին ծախսատար են: Այն, ինչ ուզում ենք ներկայացնել նախարարին, շատ կարեւոր եւ անհրաժեշտ է մեր պետությանը, երիտասարդությանը, արվեստին, գիտությանը եւ կրթությանը, որովհետեւ կասկադյորական արվեստն իր մեջ ներառում է այդ բոլորը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը:

Նա չխոսեց ԿԳ նախարարին առաջարկվող ծրագրերի մասին՝ ասելով, որ ավելի լավ է դրանք առաջինը նախարարին ներկայացնի: Արմեն Պետրոսյանը միայն ասաց, որ ոչ մի կասկադյոր հավերժ չի կարող աշխատել եւ տարիների հետ հեռանալու է ոլորտից: «Դրա համար պետք է փոխարինող երիտասարդ մասնագետներ պատրաստել, ինչը կապված է մեր կրթական համակարգի հետ: Դա կլինի դպրոց, դասընթացներ, թե սեմինարներ, կարող է իրականացվել նախարարի իմացությամբ, հրահանգով կամ հանձնարարությամբ», – նշեց նա:

Պարոն Պետրոսյանն ասաց նաեւ, որ Հայաստանում կասկադյորական դպրոց հիմնելը դեռ շատ շուտ է, որովհետեւ դրա համար ահռելի միջոցներ կպահանջվեն, որը մեր պետությունը հաստատ հոգալ չի կարող: Իրենք իրենց հնարավորությունների սահմաններում ամեն բան անում են, սակայն նրա համոզմամբ, հարկավոր է պետական մոտեցում, ուշադրություն»:

Aravot.am-ի հարցին, թե իր բնութագրմամբ կասկադյորությունը եւ գիտություն է, եւ արվեստ, ինչո՞ւ է դիմել միայն ԿԳՆ, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ սպորտի նախարարություն չի դիմել, որովհետեւ դեռ դրա ժամանակը չէ, իսկ մշակույթի նախարարին հղվելիք նամակն արդեն պատրաստ է եւ շուտով կուղարկվի:

Հարցին, թե իրենց ասոցիացիայում քանի՞ կասկադյոր կա, նա պատասխանեց. գործող 35 պրոֆեսիոնալ կասկադյոր, ինչը Հայաստանի համար անգամ շատ է, քանի որ այստեղ շատ ֆիլմեր չեն նկարահանվում: «Բայց մենք միայն Հայաստանի կինոարտադրողների հետ չենք աշխատում: Մենք համագործակցում ենք Ռուսաստանի, Սերբիայի եւ այլ երկրների մեր գործընկերների եւ կինոարտադրողների հետ, եւ բոլորը գոհ են մեր աշխատանքից»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ կասկադյորները կանոնավոր աշխատավարձ չեն ստանում, նրանց վաստակի աղբյուրը կինոարտադրողների հետ համագործակցության հոնորարներն են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930