Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ն 4.1% տնտեսական աճի մասին իր կանխատեսումներում հայաստանյան նոր իրողությունները հաշվի չի առել. աշնանը կրկին կվերահաշվարկի

Հունիս 06,2018 20:54

Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը, որը Հայաստանի տնտեսության համար 2018 թվականին կանխատեսում է 4.1% աճ, իսկ 2019-ին եւ 2020-ին` 4%: Այսինքն՝ զգալի պակաս, քան՝ 2017 թվականի համար էր կանխատեսված՝ 7,5 %:

Aravot.am-ը Համաշխարհային բանկի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե զեկույցում հաշվի առնվա՞ծ են հայաստանյան վերջին իրողությունների, քաղաքական զարգացումների հետեւանքով տեղի ունեցած կամ ունենալիք փոփոխությունները: Եթե ոչ, բանկը վերանայելո՞ւ է իր կանխատեսումները:

Մեր հարցին ի պատասխան, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանն ասաց, որ զեկույցը չի արտացոլում մեր երկրում տեղի ունեցած վերջին զարգացումները: Վիգեն Սարգսյանի խոսքով, զեկույցը ելնում է այն տնտեսական զարգացումից, որոնք եղել են անցյալ տարի, այն ներառում է հումքային շուկան, հումքային գների նվազեցումը, բարձրացումը եւ այլն, այսինքն, ըստ Վիգեն Սարգսյանի, ամբողջական շղթա է դիտարկվում, որի արդյունքում էլ կանխատեսում է արվում:

Պարոն Սարգսյանն ասաց, որ ելնելով ներկա իրողություններից Համաշխարհային բանկը երեք ամիս հետո՝ աշնանը նորից ամեն ինչը կվերահաշվարկի՝ հաշվի առնելով հարկերի հավաքագրում եւ այլն:

Ի դեպ, նույն զեկույցի կանխատեսմամբ, հարեւան Ադրբեջանում այս տարի կանխատեսվում է 1.8% աճ, 2019-ին՝ 3,8% , 2020-ին՝ 3,2%:

Զեկույցում նշված է նաեւ, որ ամենաբարձր տնտեսական աճ կգրանցեն Վրաստանը եւ Թուրքիան՝ 4.5%: Ադրբեջանում էլ այս տարի կանխատեսվում է 1.8% աճ, իսկ Ռուսաստանն այս տարի կգրանցի 1.5% աճ:

Համաշխարհային բանկի մեկնաբանմամբ, 2018 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կմնան 3.1 տոկոսի մակարդակում՝ չնայած վերջին շրջանում տեղ գտած դանդաղեցմանը, իսկ հետագա երկու տարիներին աստիճանաբար կնվազեն զարգացած երկրներում տնտեսական աճի դանդաղեցման պատճառով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930