Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. Կորյուն աբեղա Առաքելյան. «Եկեղեցու գլուխն ընտրվել է ԿԳԲ-ի բռնությամբ եւ պարտադրանքով». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 06,2018 21:40

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժումն այսօր Կոթողիկե եւ սուրբ Աննա եկեղեցիների բակում բողոքի ցույց էր անում, պահանջով՝ կաթողիկոս Գարեգին Բ-ն պետք է հրաժարական տա:

«Մեր Հայրապետը չունի այն հավատքը, որ ամեն պարզ հավատացյալ տածել է առ աստված: Հասել է պահը, որ մեր եկեղեցին ազատագրվի, մաքրվի, եւ ունենանք իրապես անբիծ, մաքուր, անաղարտ վարքով, բարքով, աղոթասեր, ժողովրդասեր, ժողովրդասեր հայրապետ»,-Գայանե վանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը

Մանրամասները՝ տեսանյութում:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ մի խումբ հոգեւորականներ պահանջում են կաթողիկոսի հրաժարական, վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը պատասխանեց. «Վերջին շրջանում Սարդարապատում մեր վարչապետը սեր ու հարգանք էր ստանում, բայց Հայրապետը խղճուկ կարգավիճակում էր, լքված, որեւէ մեկը ժողովրդից չմոտեցավ, որ օրհնություն խնդրեր: Մեծ ցավ էր, իմ մեջ աստված դրեց այն ուժը, որ դուրս գանք ու պահանջենք հայրապետից խաղաղորեն թողնել ու հեռանալ»:

Մեր այն դիտարկմանը՝ մամուլում Վեհափառի անվան հետ բազմաթիվ բիզնեսներ են կապվում, Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն այսպես արձագանքեց. «Մեծ ցավով պիտի ասեմ՝ վարկաբեկված անունն է՝ Գարեգին 2-րդ, ինչպես ինտերնետում տեսնում ենք հարյուրավոր հոդվածներ, ձեր ասած՝ բիզնեսներ: Ես չեմ եկել իրեն վարկաբեկելու, պարզապես պիտի ասեմ՝ Վեհափառը պիտի լինի ազգասեր, ոչ թե կաշառքով, բռնությամբ գալ գահին բազմել»:

Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ասաց, որ պայքարելու են, որպեսզի կաթողիկոսի հետ նաեւ որոշ եպիսկոպոսներ հեռանան: Նա, սակայն, անուններ չտվեց, թե՝ ովքեր պետք է հեռանան: Մեր դիտարկմանը՝ Կճոնյանի՞ն նկատի ունեք, Կորյուն աբեղա Առաքելյանն ասաց. «Անուններ չեմ  ուզում հնչեցնել: Մեր նպատակն է՝ այդ անձինք, որոնք վարկաբեկված են, եւ առավել սարսափելի կարող են դառնալ, եթե Հայրապետ դառնան, եթե իրավունք տրվի ընտրվել կամ եթե կարողանան սողոսկել»:

Aravot.am-ի հարցին՝ Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, ինչպե՞ս են պատկերացնում նրա հրաժարականը եւ արդյոք ունեն նոր կաթողիկոսի թեկնածու, նա պատասխանեց. «Վերջին շրջանում ռուսական  կայսրության կողմից մեզ պարտադրվել է կանոնադրություն, որի արդյունքում մի խաբուսիկ բան եղավ, իբր ազգովի ենք ընտրում: Իրականում տարիներ կամ հարյուրամյակով եկեղեցու գլուխն ընտրվել ԿԳԲ-ի բռնությամբ կամ պարտադրանքով»:

Մանրամասները` տեսանյութում:

Սփյուռքից Տեր Արմենն էլ ասաց, որ սփյուռքից էլ շատ հոգեւորականներ միանում են իրենց պահանջին. «Գարեգին Բ կաթողիկոսը պետք է հրաժարվի»:

Մանրամասները` տեսանյութում:

Մայր Աթոռը  հայտարարություն է տարածել եւ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող հոգեւորականներին առաջարկում է հանդիպել:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է բանակցությունների արդյունքում իրենց պահանջից հրաժարվեն, Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը պատասխանեց. «Մենք չենք գնում բանակցելու, մենք վաղը ժամը 13:00-ին գնալու ենք մեր պահանջը ներկայացնելու»:

Իսկ եթե նրանց պահանջը չկատարվի, ապա Կորյուն աբեղա Առաքելյանի վստահեցմամբ, շարունակելու են ամեն օր նույն վայրում հավաքվել եւ շարունակել բողոքի ցույցը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Խաղաղութի՜ւն բոլորիդ,,

    Ես նոյնպէս մտահոգ եմ ստեղծուած իրավիճակից եւ հէնց սկզբից ուզում եմ ասել, որ Գարեգին Բ-ի հեռանալու կողմնակիցն եմ:

    Ցաւօք սրտի, վերջին տարիներին ունենք մի պատկեր, երբ հասարակ ժողովուրդը երես է թեքել եկեղեցուց՝ մեծաւ մասամբ կաթողիկոսի ու վարկաբեկուած մի շարք կղերականների պատճառով:

    Մարդկանց պատկերացմամբ՝ եկեղեցին դարձել էր նախկին քրէաօլիգարխիկ համակարգի անքակտելի մասը: Դա է նաեւ պատճառը, որ արդէն 4 տարի եկեղեցի չեմ յաճախում:

    Ցաւով պիտի արձանագրենք, որ այսօր շարքային հայաստանցուն եկեղիցին պէտք չէ:

    Մինչդեռ իրականում եկեղեցին ահռելի դեր կարող էր ունենալ մեր կեանքում: Փոխանակ քննադատելու (եւ շտկելու) մեր կեանքում տեղ գտած կործանարար արատները (կաշառակերութիւն, կրթական հաստատութիւնների ՀՀԿացում, արդարադատութեան բացակայութիւն, Բերձորի ջարդ, ապօրինի շինարարութիւն, պատմական շէնքերի աւերում, արտագաղթ, բնապահպանական խնդիրներ, ընտանեկան բռնութիւն, հեռուստատեսային աղբ, այսինքն՝ ոլորտներ, որտեղ կարող էր իր խօսքն ասել), եկեղեցին ընտրել էր անմեղ թեմա՝ համասեռամոլներ:

    Մեր օրերում, երբ քրիստոնէութիւնն ամբողջ աշխարհում է նահանջ ապրում, մենք առաւել եւս կարիքը չունենք Գարեգին Բ-ի ու կճոյեանների տիպի հոգեւոր առաջնորդների:

    Ուստի ես հեռատեսութեան եւ խոհեմութեան կոչ եմ ուղղում առ Գարեգին Բ հայրապետը՝ մի կողմ դնել ցմահ գահակալութեան դրոյթը եւ, ինչպէս հռովմէական եկեղեցու նախկին քահանայապետը վարուեց, հեռանալ պատուով, սիրով, համերաշխութեամբ եւ խաղաղութեամբ: Հակառակ պարագայում ժողովուրդ-եկեղեցի անջրպետն էլ աւելի կը մեծանայ, եւ սա չափազանցութիւն չէ՛:

    Իմ անձնական փափագն ու ցանկութիւնն է Լուսաւորչի աթոռի յաջորդ գահակալ տեսնել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա հայրապետը:

    • Գէորգ says:

      Արամ կաթողիկոսը բաւականին խելացի է որ չուզէ ըլլալ ամէնայն Հայոց կաթողիկոս, չկրկնելու համար այն սխալը որ ըրաւ Գարեգին Բ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը (դժբախտաբար):

    • Գէորգ says:

      Արամ կաթողիկոսը բաւականին խելացի է որ չուզէ ըլլալ ամէնայն Հայոց կաթողիկոս, չկրկնելու համար Գարեգին Բ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի սխալը (դժբախտաբար):

  2. Ռուբեն says:

    Իհարկե, եկել է ժամանակը, որ մեկ անգամ ևս խոսենք Գարեգին 2-րդ կաթողիկոսի անարդյունավետ ղեկավարմամբ` Մայր Աթոռի բարձր համբավը հեղինակազրկելու մասին: Այժմ մարդիկ ասում են այն, ինչը երկար տարիներ փոթորկել է իրենց հոգիները, բայց չեն բաձրաձայնել: Իսկ չեն բարձրաձայնել, քանի որ կանխավ գիտեին, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, որ վերին օղակներին ձեռնտու է նման վարքագծով կաթողիկոսը, չէ՞ որ իշխանության և օլիգարխիայի շահերը պաշտպանող և ժողովրդի շահերին անտարբեր մեկ այլ այդպիսի հովվապետ դժվար թե գտնվեր:
    Քանի-քանի նվիրյալ ու ազնիվ հոգևորականների նա կարգալույծ արեց: Կարգալույծ արեց, որովհետև նրանք իրենց հոգևոր ակտիվ գործունեության արդյունքում հասցրել էին իրենց համայնքներում լուրջ հեղինակություն ձեռք բերել: Իսկ Գարեգին 2-րդը չէր կարող հանդուրժել, որ իրեն ենթակա այլ հեղինակություններ լինեին: Արդյունքում` տուժեց Հայ Առաքելական Եկեղեցին:
    Այսօր հայի հավատքն ամրապնդելու խնդիր ունենք: Մայր Աթոռին ժողովրդի սերը վայելող և իր հոգևոր գործունեությամբ մեծ հեղինակություն ունեցող Կաթողիկոս է անհրաժեշտ: Գարեգին 2-րդը պետք է վեր կանգնի անձնական շահերից, ճիշտ գնահատի իրավիճակը և կամավոր հեռանա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930