Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ի անդամը Նիկոլ Փաշինյանին. «Կուտակայինի օրենքը մարդկանց ուղղակի գցում է ծուղակը»

Հունիս 08,2018 20:12

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանը երեկվանից ֆեյսբուքյան իր էջում սոցհարցում է կազմակերպել՝ ով է կողմ կամ դեմ կուտակային կենսաթոշակի պարտադիրի բաղադրիչի ներդրմանը: Հարցմանը մասնակցած 2500 քաղաքացիներից այս պահի դրությամբ 11%-ը կողմ է քվեարկել, 89 %-ը՝ դեմ:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ բաց տեքստով հայտարարեց, որ պարտադիրի բաղադրիչը չի հետաձգվելու, հակառակ դեպքում մեր երկրի տնտեսության համար կարող են աղետալի հետեւանքներ լինել:

Հիշեցնենք, որ վերջերս էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էր, որը նաեւ «Դեմ եմ»-ի ակտիվիստներից է եղել, դիմել էր կառավարություն հուլիսի 1-ից նախատեսված գործընթացը հետաձգելու առաջարկով՝ օրենքում լրամշակումներ անելու նպատակով:

Aravot.am-ը Լեւոն Հարությունյանից հետաքրքրվեց, թե «Դեմ եմ»-ն ի՞նչ դիրքորոշում ունի վարչապետի հայտարարության առնչությամբ, հատկապես, որ նախաձեռնության անդամներ են եղել «Ելք»-ի պատգամավորներ, անդամներ, ներկայիս նախարար Մանե Թանդիլյանը, որոնք ժամանակին պայքարում էին, որպեսզի նախագիծը չեղյալ հայտարարվի:

Պարոն Հարությունյանը, սակայն, ոչ թե նախաձեռնության անունից կարծիք հայտնեց, այլ՝ անձամբ իր՝ նշելով, որ մինչ այս պահը չի եղել կրկին հավաքվելու անհրաժեշտությունը եւ նոր միայն պետք է որոշեն իրենց անելիքները:

«Պարտադիրին դեմ լինելու փաստարկներից մեկն այն է եղել, որ օրենքը բերել էր նախորդ կառավարությունը, որին մենք չէինք վստահում: Հիմա հարց է՝ ի՞նչ է փոխվել այդ օրենքում այս կառավարության գալուց հետո: Ոչինչ: Այս կառավարությունը բացարձակ ոչ մի փոփոխություն չի արել այս օրենքի վրա: Այսինքն՝ եթե Հարկային օրենսգիրքը, որը բերել էր նախորդ կառավարությունը, հիմա ինչ, որ այս նոր կառավարությունն է, պիտի հավանե՞նք Հարկային օրենսգիրքը, իհարկե, ոչ: Օրենքը գործելու է հին կառավարության բերած օրենքներով: Դրա համար կապել օրենքին վստահությունը կառավարության վստահության հետ, դա սխալ է»:

Պարոն Հարությունյանը վկայակոչելով Նիկոլ Փաշինյանի հիմնավորումը, թե իրադրություն է փոխվել, կառավարությանը վստահում են, ասաց. «Կառավարությանը վստահում են, բայց այդ օրենքին չեն վստահում, որովհետեւ օրենքում շատ կետեր կան, որ մարդկանց, ուղղակի, գցում են ծուղակը»:

Լեւոն Հարությունյանը մեջբերելով վարչապետի այն հիմնավորումները, թե ինքը հարցրել է ոլորտի հեղինակավոր մասնագետներին նկատեց. «Այդ շատ լավ մասնագետները նույն, Կենտրոնական բանկի մասնագետներն են, որոնք այդ օրենքը բերել են ամենասկզբից, որովհետեւ օրենքն, ի սկզբանե, ներդրվել է Կենտրոնական բանկի կողմից: Իսկ Կենտրոնական բանկում ի՞նչ է փոխվել, ի՞նչ մասնագետներ են փոխվել, ոչ մի: Դա նշանակում է, որ ինքը խոսել է այն նույն մասնագետների հետո, որոնք մեզ հետ կռիվ էին տալիս նույնիսկ ամենաառաջին օրենքի դեմ, որը համարվեց հակասահմանադրական: Հիմա այս նույն մասնագետներն ասել են կարծիք, որ գիտեք՝ «точка невазврата»-ն (անդառնալիության կետը) անցել ենք: Մենք չենք գտնում, որ անցել ենք այն, համենայնդեպս, կարելի է հետաձգել մեկ տարով, քննարկել եւ բերել այնպիսի վիճակի, որ մարդիկ գոնե խաբված չզգան իրնեց»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930