Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացիր, որ ողջ կմնաս…պա՛

Հունիս 13,2018 12:30

«Լուրեր սահմանից. hրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետեւանքով Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել… »:

Կարդում եմ այս գրեթե ամեն օր կրկնվող գույժն ու փորձում առաջ անցնել. թերթում եմ մյուս նորություններն ու զգում, որ ինքս ինձ չեմ լսում, նորից եմ նախորդը բացում ու կարդում անուն-ազգանունը, տարիքը. իմ տարիքին է…:

-Պա, լսե՞լ ես, էլի… պետք չէ շարունակել. գիտեմ՝ ամեն անգամ ինչ է կատարվում հորս հետ, երբ սահմանից վատ լուր է լսում:

2016-ի ապրիլի գյուղական սովորական այդ օրը պապս ու հայրս քրտինքում կորած՝ բահով դաշտն էին վարում, երբ պայթեց ապրիլյանի մասին լուրը: Սրբեց ճակատի սառած քրտինքը, բահը ոտքով խրեց հողի մեջ ու պապիս ոչինչ չասելով՝ գնաց:
Ապրիլյան սովորական այդ օրը ես համալսարան գնացի: Գրականության դասն էր. Ավագյանը կնճռոտված հոնքերով, ջղային շարժումներով փորձում էր դաս բացատրել. ինչ-որ չէր ստացվում… ի՞նչ էր պատահել:

Կուրսեցիներից ինչ-որ մեկը բարձրաձայն կարդաց. «Թալիշում արկի պայթյունից 12- ամյա Վաղինակը դպրոցի ճանապարհին մահացել է»: Նայում եմ Ավագյանի դեմքին. պարզ է՝ գիտեր ավելին. Վաղինակը միակ զոհը չէր, բայց այդ մասին քչերը գիտեին:
Այլեւս հնարավոր չէր շարունակել դասը:

Կայծակնային արագությամբ հիշեցի առաջնագծում կանգնած ընկերներիս, հարազատներիս… Արմա՜նը… Գոքո՜րը… Տիկո՜ն…
Այդ մտածումների հետ՝ ուղեղս ճեղքեց եւս մի միտք. արյունս սառեց երակներումս:
Զանգեցի գյուղ.
-Մա՛մ, պապան ո՞ւր է…
-Տանը չի, դուրս է եկել…
-Մա՜մ… չի գնա չէ՞, ասա որ չի գնա…
-Չի՛, չի՛ գնա,-հեռախոսի մյուս ծայրին մորս ձայնը խեղդվում է:
Ուրեմն կգնա, մաման հեռախոսն անջատեց… կգնա:

Հայրս դեռ 92-ին էր իր համար ընտրել այդ ուղին: Միշտ գիտեինք. էնտեղ վիճակը լարվի՝ էլի գնալու է:

Տանը դաս անելու տրամադրություն չկար:

-Լի՛լ, պապան չի գնա, չէ՞ ,- հույսի նշույլներ եմ փնտրում մեծ քրոջս աչքերում: Նայում է դեմքիս ու ես այնտեղ չեմ գտնում «չի գնա»-ն: Մեզնից ոչ մեկը չհամարձակվեց զանգել նրան, միեւնույն է՝ ճիշտը չէր ասելու:
Ապրիլի 2-ի գիշերը գնացին: Գյուղից 4-ով էին: Գիշերը տուն չէր գնացել: Ոչ մեկիս հրաժեշտ չտվեց: Իսկ հաջորդ առավոտյան արդեն այնտեղ էր:
92-ին էլ հրաժեշտ չէր տվել. տանել չի կարողանում: «Պատերազմ է, պետք է գնայինք, անելիք ունեինք»՝ ասում է:
Շատ խոսել չի սիրում, թեեւ ամեն խորամանկություն բանեցնում էի՝ տեսածից ու ապրածից մի բան պոկելու համար:

Այս անգամ ստացվեց՝ չնայած արդեն 2 տարի է անցել:

«Երբ Հադրութից Ջաբրայիլ էինք գնում, հրամանատարներ մոտեցան, ասացին՝ ինչքան հնարավոր է շուտ բաժանվենք մի քանի խմբի եւ հեռանանք այդ տարածքից: Այդ նույն տարածքում թշնամին «Սմերչ» կիրառեց: Բարեբախտաբար, չպայթեց. փառք Աստծո՝ ողջ ենք..

«Անընդհատ մտածում էի դիրքեր բարձրանալու մասին: Արդեն գիշեր էր, Ջաբրայիլում էինք, դիրքեր բարձրանալու համար պետք էր անցնել մոտ 5կմ, վտանգը մեծ էր, թշնամու համար մեծ կարեւորություն ունեցող դիրք էր դա, հիմնական ուժն էդ ուղղությամբ էր կենտրոնացած: Մեքենայի լույսերն անջատած, մեծ արագությամբ գնում էինք: Կարծես երկնքից կրակ էր թափվում: Երբ հասանք, ավելի շատ էի հասկանում իմ ու մնացածիս էնտեղ լինելու կարեւորությունը. մենք էնտեղ անելիք ունեինք»:

Այնտեղ պատերազմ էր թշնամու հետ, թիկունքում մենք էինք կռիվ տալիս մեր վախերի ու սպասման, սպասման, անտանելի սպասման հետ:

Միշտ հանգիստ ու խաղաղ բնավորություն ունեցող հայրս խրամատում՝ զենքը ձեռքին՝ զինվորների նման կռվում է, իսկ ես, որ երբեք իմ կամքով հեռուստացույց միացրած չկայի, ժամերով անթարթ հետեւում էի լուրերին, ալիքից ալիք, հերթով, տենդագին…
Անզորությունից հուսահատված՝ հանկարծ մի պահ սթափվում էի հեռուստացույցից հնչող «Նոր զոհեր առաջնագծում» նախադասությունից… Շունչս պահած մտքումս խնդրում էի Աստծուն, որ հորս անունը չհնչի, ու մինչեւ կասվեր բնակավայրը, տարիքն ու վերջապես անունը, վախից թուլանում էի:

Հետո… հետո ներողություն էի խնդրում Աստծուց ու բոլորից, որ եսասեր եմ դարձել, եւ հորս մասին եմ մտածում:

«Վաղ առավոտյան, դիտակետի մոտ կանգնած էինք, մի քանի անգամ մոտեցա՝ նայեցի հեռադիտակից: Վերջին նայելուց հետո, երբ արդեն գլուխս հանում էի դիտակետի անցքից, մի պահ թույլ քամի զգացի, ու ինչ-որ անսովոր ձայն: Դիտակետի պատն ամրացնող պարկը ծակվել է եւ ավազը թափվում էր:

-Զգո՛ւյշ տղերք, «սնայպեր» է աշխատում,-կողքի դիտակետից հայտնեցին:
Թե մի վայրկյան ուշ էի գլուխս հանել էդ անցքից… կարեւորը ողջ ենք, բա մեր ջահելներն ինչ ասեն, որ ամեն օր են այդ վիճակում: Մի բան հաստատ էր. մենք մեր կորյուն տղերքին էինք թեւ տալիս, նրանք՝ մեզ: Ավելի մեծ ուժ չկա: Ինչքան «դուխ» կար էդ 18-20 տարեկանների մեջ, պատրաստ էին կողքի կանգնած ընկերոջ համար մեռնել: Թեթեւ շարժ նկատեին՝ առաջինն իրենք էին նետվում: Մերոնցից մեկին խփեին՝ ոնց էին վրեժխնդրորեն լցվում ու կռվում, կռվում առյուծի պես՝ սառնասիրտ, կարգապահ, իրենց գործն իմացողի պես: Հանգիստ եղեք, հորողբեր, քիթները կջարդենք. մեզ էին ասում՝ ղարաբաղի առաջին կռիվ տեսածներիս: Դրանից ավելի ուժեղ բան կա՞»,-
Ու մտաբերում եմ հորս զանգը սահմանից, որին սպասած յուրաքանչյուր րոպեն տարի է թվացել: Մի րոպե փորձում էի ինձ համոզել, որ իսկապես, նա է: Ձայնը լսելուց հետո մտքումս պատրաստած բոլոր հարցերը խեղդվեցին լացիս մեջ: Եվ միակ բանը, որ ուզում էի՝ հանկարծ հայրս չանջատեր հեռախոսը. անընդհատ լսեի ձայնը:
Միայն մի նախադասություն կարողացա մեծ դժվարությամբ արտաբերել.
Պապ… խոստացիր, որ ողջ կմնաս…

Հեռախոսն անջատելուց հետո հարցերս հիշեցի. «Տեսնես հաց կերե՞լ էր, հո չի՞ մրսել: Իսկ Տիկոն… Արմանը… Գոքորը… ո՞նց են տղերքը»:
Հետո իմացա, որ Տիկոն, Գոքորը լավ էին, բայց Արմանը… Արմանը չկար, չկային շատերը:
Հիշեցի Արմանի հետ մեր վարդավառը, ամաչկոտ աչքերը…էլ չէի տեսնելու: Ամենաթեժ կռվի ժամանակ հայհոյելով ու գոռալով կռիվ էր տվել թշնամու դեմ. ընկերոջը ծանր վիրավորել էին, ուսին դրած իջեցրել էր դիրքից, մյուսին սպանել էին…Իրեն էլ, ավաղ:
Ապրիլյանից 2 տարի է անցել: Հորս հետ հետադարձ հայացք ենք գցում գրեթե ամեն օր նորովի կրկնվող «անցյալին»: Շատ չի խոսում հայրս: Բայց այս լռության մեջ խեղդված են հազարավոր չասված բառեր, գուցե մտքում զրուցո՞ւմ է զինակից հին ու նոր ընկերների, ընկած տղերքի հետ:

Երկար լռությունն ընդհատում եմ իմ, չգիտեմ որտեղից ու ինչու ծնված հարցով.
-Պա՛, տեսնես կավարտվի՞ էս պատերազմը,- քմծիծաղ տալով՝ աչքերը հեռացնում է ինձնից, հորիզոնի հեռու անորոշություններում.
-Պատերազմը չի ավարտվի, քանի դեռ այս հողի վրա աչք ունեցողներ կան ու այդ հողի վրա զինվորիս արյունն է թափվում:

ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ»

12.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930