Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլը փորձում է պատռե՞լ եռյակի «դեմքը»

Նոյեմբեր 27,2014 17:00

Պայքար ընդդիմադիրի դափնիների համար

Նոյեմբերի 22-ին «Սիվիլնեթ» հեռուստաընկերության «Դիտակետ» հաղորդաշարի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնել Սերժ Սարգսյանին պաշտոնանկության (իմպիչմենտի) հարցը։ Պատգամավորը հույս ունի, որ նախագիծը կարժանանա նվազագույնը 44 պատգամավորի աջակցությանը՝ այն արտահերթ կարգով խորհրդարանում քննարկման առարկա դարձնելու համար։ Ոչ իշխանական պատգամավորների թիվը 44-ից ավելին է:

Նախադեպեր եղել են, երբ ոչ իշխանականների համատեղ ջանքերով հնարավոր է եղել արտահերթ նիստ հրավիրել կամ արտահերթ կարգով քննարկման ենթակա հարց մտցնել խորհրդարանի օրակարգ: Հետաքրքիր է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը հույսեր է կապում ոչ իշխանականների հետ: Նա անգամ սեփական խմբակցության նիստերին չի մասնակցում, եւ, առհասարակ, խորհրդարանում թերեւս այն եզակի պատգամավորն է, ով բավական սահմանափակ առօրեական, մարդկային շփումներ ունի այլ պատգամավորների հետ: Սա էլ դեռ մի կողմ. եռյակի տանող ուժը հանդիսացող ԲՀԿ-ական ոչ մի պատգամավոր մինչ օրս հստակ չի պատասխանել՝ կուսակցության օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց կա՞, թե՞ ոչ: Այս հարցին միշտ էլ խուսափողական եւ ընդհանրական պատասխաններ են տրվել: Հետեւաբար փոքր-ինչ սին են ստացվում Նիկոլ Փաշինյանի հույսերը՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը հասնել եռյակի միջոցով:

Իսկ միգուցե Նիկոլ Փաշինյանի խնդիրն ա՞յլ է: Ասենք՝ «պատռել» եռյակի դեմքը, խորհրդարանական ընտրություններից առաջ զբաղեցնել ընդդիմադիր բեւեռը: 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո ընդդիմադիր բեւեռը օրեցօր սկսեց թուլանալ, ջլատվել: ՀԱԿ-ի դիրքն ընդդիմադիր դաշտում ամուր պահելու համար նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց բուրժուադեմոկրատական հեղափոխության սցենարը կիրառել: Ի՞նչ ստացվեց՝ ակնհայտ է: Կար քառյակ, այժմ կա եռյակ, բայց ուժեղ ընդդիմադիր դաշտ Հայաստանում չկա:

Այս պահին, փաստորեն, այդ դաշտի համար պայքար են տանում մի կողմից՝ եռյակը, մյուս կողմից՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրերով: Ակնհայտ է, որ եռյակն իր ֆինանսական, կազմակերպչական, մարդկային ռեսուրսներով էական առավելություններ ունի «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ:

Բայց եռյակում խնդիր կա՝ ԲՀԿ-ն անգամ չի էլ շտապում ԱԺ կանոնակարգ-օրենքին համապատասխանեցնել իր կարգավիճակը եւ հայտարարել իր ընդդիմադիր լինելու մասին: Մյուս կողմից էլ՝ եթե անգամ ԲՀԿ-ն հայտարարի, որ այլեւս ընդդիմադիր է, հավանաբար դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի այդ ուժն ընդդիմադիր ընկալվի: Ընդդիմադիր բեւեռի համար եռյակի եւ Նիկոլի պայքարը, հավանաբար, դեռ երկար կշարունակվի: Չնայած իր արմատական լինելու հանգամանքին՝ ընդդիմադիր դաշտն ամբողջական գրավելու համար Նիկոլ Փաշինյանն, այնուհանդերձ, դեռ բավարար հասարակական աջակցություն ու ֆինանսական միջոցներ չունի:

Այս պարագայում ամենահավանական տարբերակը, որը փորձում է խաղարկել Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացով հանրությանը ցույց տալն է, թե քաղաքական դաշտում իրականում ով ով է՝ համոզված լինելով, որ ոչ իշխանական եռյակն իր նախաձեռնած իմպիչմենտի գործընթացին ամբողջական իմաստով չի օժանդակի: Եռյակի առանձին պատգամավորներ հնարավոր է՝ միանան Նիկոլի նախաձեռնությանը: Այսպիսով եռյակի «իրական դեմքն» ի ցույց դնելով՝ Նիկոլ Փաշինյանը հավանաբար ակնկալում է հասարակական որոշակի շրջանակների իր ճամբար բերել: Ի վերջո՝ քաղաքական դաշտում ի՞նչ տեղ կունենան Նիկոլ Փաշինյանի արմատականությունն ու հռետորական արվեստը եւ եռյակի սկզբունքայնությունն ու ռեսուրսները՝ ժամանակը ցույց կտա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանի քաղաքական դաշտում այսօր միայն 2 քաղաքական գործիչ կա՝ Նիկոլ և Զարուհի: Այս 2-ը պիտի միավորվեն, իսկ հայ ազգը պիտի կանգնի այս 2-ի մեջքին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930