Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավութօղլուին հեռացնելով՝ Էրդողանը կանխում է ցանկացած իրեն այլընտրանքի ի հայտ գալը»

Մայիս 14,2016 17:30

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝
Թուրքիայի ներքին քաղաքականությունում տեղի ունեցողի մասին

«Էրդողանի վերջին տարիների քաղաքականությունն է արկածախնդրային, եւ այդ ամենը ձեւավորվում է անձի պաշտամունքի շուրջ ստեղծվող բռնապետության գաղափարի հետ: Էրդողանը ձգտում է բացարձակ իշխանության. հասնելով իշխանության եւ երկար տարիներ պահպանելով իշխանությունը՝ նա իր առջեւ նպատակ է դրել գրեթե սուլթանական իշխանության ձեւավորման»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա հետ խոսել ենք Թուրքիայի ներքին քաղաքականությունում տեղի ունեցող փոփոխությունների, մասնավորապես՝ վարչապետ Դավութօղլուի պաշտոնից հեռացման եւ դրա դրդապատճառների եւ դրան հետեւող զարգացումների մասին:

Ըստ թուրքագետի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մենատիրական ձգտումներն իրականացնելու, նախագահի ինստիտուտը ուժեղացնելու համար ամեն ինչ անում է՝ դրա համար անգամ իրավական դաշտն է որոշակի փոփոխությունների ենթարկում. «Առաջին անգամ Թուրքիայում նախագահի ընտրությունները տեղի են ունեցել ուղիղ, այսինքն՝ ժողովուրդն է քվեարկել, եւ Էրդողանը պատմության մեջ դարձել է առաջին նախագահը, ում առաջին անգամ ընտրել է ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը: Էրդողանը ձգտում է բացարձակ մենիշխանության եւ չի հանդուրժում երկրորդ քաղաքական գործիչ ունենալու այդ գաղափարը»,- ասում է պարոն Մելքոնյանը:

Էրդողանի համար Դավութօղլուի հավանական մրցակից լինելու մասին թուրքագետն ասում է. «Դավութօղլուն ունի բավական մեծ ինտելեկտուալ բագաժ եւ բավական փորձ ու միջազգային ճանաչում, եւ Դավութօղլուն նաեւ ինտելեկտի շնորհիվ ունի որոշակի դերակատարում քաղաքական շրջանակներում: Ճիշտ է, նա հանրային քաղաքականության մեջ շատ փորձառու չէ, բայց, համենայնդեպս, Դավութօղլուն կարող է դառնալ երկրորդ քաղաքական գործիչ կամ ուժի կենտրոն: Դավութօղլուն նաեւ օժտված էր վարչապետի պաշտոնով, միեւնույն ժամանակ իշխող կուսակցության նախագահ էր. բոլոր հնարավորություններն ուներ այդ ամեն ինչը վերածելու գործնական ռեսուրսների: Հիմա Էրդողանն անում է հետեւյալ քայլերը. Դավութօղլուին հեռացնելով՝ նա նախ կանխում է իրեն ցանկացած այլընտրանքի, երկրորդ քաղաքական գործչի ի հայտ գալը,- ասում է պարոն Մելքոնյանը եւ մատնանշում Էրդողանի կողմից իր դիրքն ամրապնդող եւս մի քայլ,- իշխող կուսակցության կանոնադրությամբ եւ ընդհանրապես Թուրքիայի գործող օրենքներով՝ կուսակցության նախագահն իրավունք չունի լինել երկրի նախագահ: Երբ որ Էրդողանը դարձավ նախագահ, նա հրաժարվեց կուսակցական պատկանելությունից: Հիմա Էրդողանը առաջարկել է փոխել դա, եւ արդեն իր կուսակցության պատգամավորները երեկ հայտարարեցին, որ հանդես են գալու այդ նախաձեռնությամբ եւ այդ արգելքը հեռացնելու են: Իհարկե, առաջիկայում Դավութօղլուն նաեւ կուսակցության նախագահի պաշտոնից է հրաժարվելու, եւ կարծում եմ՝ կլինի փոխարինող՝ մինչեւ հունիսին օրենսդրական նախաձեռնությունը կանցնի, եւ Էրդողանը կդառնա իշխող կուսակցության նախագահ»:
Թե ինչ զարգացումներ կլինեն Թուրքիայի վարչապետի պաշտոնաթողությունից հետո, արդյոք Թուրքիայում ընդվզումներ կլինե՞ն իշխող բռնատիրական կարգերի դեմ, պարոն Մելքոնյանը պատասխանում է. «Վաղուց արդեն Էրդողանը ձեւավորում է հստակ բռնատիրական իշխանություն, եւ բողոքի ցանկացած ալիք նա փորձում է խեղդել: Մասնավորապես, այսօր հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, այդ կուսակցական գործիչը Քեմալ Քըլըչդարօղլուն է՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավարը: Տարբեր քննադատությամբ հանդես եկող լրագրողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, արդեն լրագրողների մի մասը բանտարկված է, իսկ ընդդիմության մյուս թեւը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ավելի շատ հակված է Էրդողանի այս քայլերին կամ չեզոք վերաբերվել, կամ հավանություն տալ: Մեր հայրենակից Գարո Պայլանի նկատմամբ հասունանում է նոր հալածանք, սակայն իշխող կուսակցությունն առաջարկել է պատգամավորական անձեռնմխելիությունը հանելու օրենք, որն անցել է խորհրդարանում, եւ կարծում եմ՝ օրենքի հաստատումից հետո քրդական կուսակցության շատ պատգամավորներ, զրկվելով կուսակցական անձեռնմխելիությունից, ենթարկվելու են նաեւ քրեական պատասխանատվության»:

Պարոն Մելքոնյանը նշում է, որ Թուրքիայի ներքին քաղաքականությունում տեղի ունեցող փոփոխությունները լուրջ փոփոխություններ չեն առաջացնի նրա արտաքին կյանքում: «Արտաքին ֆրոնտում Թուրքիայի բռնապետական հակումները կարող են անհանգստացնել շատերին, բայց հայտարարություններից այն կողմ չեն անցնի: Կարելի է խոսել Արեւմուտքի, Գերմանիայի մասին, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայի հետ իրենց դաշնակցային հարաբերություններն ավելի կարեւոր են, քան ժողովրդավարությունը»,- ասում է պարոն Մելքոնյանը:

Մեր դիտարկմանը, թե մյուս կողմից՝ Թուրքիան մեղադրանքներ է հնչեցնում Արեւմուտքի, ՆԱՏՕ-ի ուղղությամբ՝ կապված Սիրիայի փախստականների, Սեւ ծովում ռուսական ազդեցության մեծացման հետ, պարոն Մելքոնյանը պատասխանում է. «Սա թուրքական սադրանքի ընդունված քաղաքականությունն է, որը Էրդողանի կառավարման ժամանակ ավելի էր սրվել, եւ արդեն գնալով այդ սադրանքն էվոլյուցիա է ապրում: Վերջին հայտարարությունները՝ կապված փախստականների, Եվրոպայից փոխանցվող գումարների հետ, ավելի ագրեսիվ են դառնում եւ ցույց են տալիս, որ Թուրքիայում բռնապետական հակումները նաեւ տարածվում են նրա արտաքին քաղաքականության վրա, եւ կարող եմ ասել, որ հաջողության հասնում են: Արեւմուտքը, բացի քննադատական հայտարարությունից, այլ կոնկրետ քայլեր չի անում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031