Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձանային պատերազմ

Հունիս 14,2016 22:00

Ինչը չեն ուզում «հասկանալ» Մոսկվան եւ Երեւանը

Ինչպես ասում են՝ տեղ հասանք: Հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու ռազմավարական հարաբերություններն այնքան են խորացել, որ Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի բացման կապակցությամբ Մոսկվայից ԱԳՆ-ի մակարդակով «զարմանք» են հայտնում եւ դա հայտարարում «անհասկանալի»:
Իհարկե, Մոսկվային՝ տարբեր առիթներով անհեթեթ կամակորություններով հանդերձ, մի այլ՝ իրականում ինքնիշխան պետության ներկայացուցիչները հաստատապես կուղարկեին գրողի ծոցը, եւ Մոսկվան էլ հազիվ թե իրեն թույլ տար նման վերաբերմունք: Սակայն այլ է հայ-ռուսական հարաբերությունների պարագան: Կարելի էր տիկին Զախարովայի «չհասկանալն» արհամարհել, եթե սրա տակ չլիներ ազդանշան, որ Մոսկվան վերաբերմունք է հստակեցնում, եւ մանավանդ, երբ Երեւանից էլ ավելի անհասկանալի եւ իր էությամբ վտանգավոր «պատասխաններ» են բարձրաձայնվում:

Նախ՝ մեր ԱԳՆ-ն այլ բան չգտավ, քան Մոսկվայի այդ «չհասկանալու» հարցում մեղադրել… Բաքվին: Ըստ ամենայնի, խոսք է գնում մի քանի ռուսական ԶԼՄ-ների մասին, որոնց ընդունված է համարել «Ադրբեջանին ծախված»: Իհարկե, ադրբեջանցիներն էլ, թուրքերն էլ իրենց հերթին են համարում, որ ռուսական մամուլը «ծախվել է հայկական լոբբիին», եւ այդ միտքը բարձրաձայնում են բավականին բարձր մակարդակով. օրինակ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, իսկ նրանից առաջ՝ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլ-օղլին: Ռուսաստանում կոռուպցիայի ֆանտաստիկ մակարդակն ամենաանհավանական թվացող վարկածներն ամեն տեսակի ծախվածության հետ կապված՝ զարմանալու տեղ չեն թողնում: Սակայն խնդիրը դա չէ, այլ այն, որ Հայաստանի մայրաքաղաքում եւ բազմաթիվ այլ քաղաքներում Նժդեհի անունով դեռ քառորդ դար առաջ անվանակոչվել են փողոցներ, հրապարակներ, իսկ Երեւանում՝ նաեւ մետրոյի կայարան: Սակայն Մոսկվան այսօ՛ր հանկարծ «չհասկացավ»: Եվ իհարկե, Մարիա Զախարովային չեն «պատվիրել» ո՛չ, այսպես կոչված, հայկական լոբբին, ո՛չ Ալիեւին «ծախված» մամուլը՝ լինի դա ռուսական կամ ադրբեջանական: Մարիա Զախարովան ունի ղեկավարություն, որն էլ նրան վճարում է աշխատավարձ եւ պատվիրում համապատասխան երաժշտությունը:

Գաղտնիք չէ, որ Մոսկվայում դեռ շատ երկար ժամանակ Հայաստանը շարունակելու են ընկալել որպես Ռուսական կայսրության հարավային ծայրագավառ, որի «Հայաստան» անունը սոսկ պատահականություն է: Եվ ցանկացած գործոն կամ խորհրդանիշ, որը գալու է կոտրելու այս պատկերացումը՝ Մոսկվային հանգիստ չի տալու: Սա է ՌԴ ԱԳՆ խոսնակի «երաժշտության» հիմնական «մեղեդին»: Եվ սա է, որ չի «հասկանում», չի «հասկանալու» Մոսկվան, քանի Երեւանը հակառակը չի ապացուցել եւ մատչելի կերպով չի «բացատրել»: Թե չէ՝ Բաքու, Մոլոտով-Ռիբենտրոպ, «սովետական ժողովուրդ»…

Ի դեպ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի անհաջող զուգահեռը Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հետ, որն իբր պետք է արդարացներ պատմաբանի դիրքերից, թե ինչու է Գարեգին Նժդեհը համագործակցել գերմանացիների հետ, խիստ վտանգավոր է: Դա պարզապես արդարացնում է սովետա-նացիստական գործարքը՝ ուղղված ընդդեմ անկախ Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի՝ պետությունների, որոնք Հայաստանի առաջին հանրապետության տարեկիցներն են, սակայն գոյություն ունեցան ոչ թե 2.5, այլ 21 տարի, եւ կործանվեցին նույն պատճառով՝ հանուն Մոսկվայի կայսերապաշտ ախորժակի բավարարման: Ընդ որում, հենց այդ պակտը մոտեցրեց Երկրորդ աշխարհամարտը:

Շարունակելով նույն տրամաբանությունը՝ կարելի է արդարացնել նաեւ Լենին-Աթաթուրք գործարքն ընդդեմ կովկասյան պետությունների, որից գլխավորապես տուժեց Հայաստանը՝ լինելով միակը, որը հարձակման ենթարկվեց ռուսների կողմից զինված Թուրքիայից եւ Ռուսաստանից գրեթե միաժամանակ, իսկ հետո՝ խորհրդայնացումից հետո, Ռուսաստանը գոնե մինչեւ 1965թ. «սրբորեն» կատարեց իր պարտավորությունը՝ թույլ չտալ «հակաթուրքական գործունեություն» Հայաստանում: Ահա՛ թե ուր է տանում այս տրամաբանությունը:

Եվ ընդհանրապես, ռուսների «չհասկանալու» ֆոնին Երեւանում իրոք որ չեն հասկանում մի կարեւոր բան. Ռուսաստանին հա՛մ առարկելու, հա՛մ հաճոյանալու գործելակերպը կոչվում է ո՛չ թե կոմպլեմենտարիզմ (հեղինակային իրավունքն այստեղ Վարդան Օսկանյանինն է), այլ քաղաքական կարճատեսություն, ինքնախաբեություն եւ անբարոյականություն, ինչը դուրս է դնում Հայաստանը քաղաքակրթությունից՝ դրանով իսկ մեկուսացնելով քաղաքակիրթ աշխարհից, միեւնույն է՝ տանում եւ տանելու է Կրեմլի գիրկը՝ առաջացնելով միջազգային հանրության արհամարհանքը: Իսկ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը հայտարարելով «սովետական ժողովրդի շահերից բխող»՝ նաեւ զզվանքը: Իսկ Կրեմլը դրանից մեզ չի՛ հարգելու, Կրեմլը կհարգի միայն այն դեպքում, երբ դիմացը դիմադրող ուժ կտեսնի: Խոսքն ամենեւին էլ զինված դիմադրության մասին չէ, այլ կեցվածքի:
Մոսկվան չի՛ համարձակվի, ասենք, Ֆինլանդիային մեղադրել նրա համար, որ Կարլ Գուստավ Մաններհեյմը ֆինն ժողովրդի հերոսն է, որի գլխավորությամբ Ֆինլանդիան փրկեց իր պետականությունը՝ խայտառակ պարտության մատնելով սովետական զավթիչներին: Իսկ Ռուսաստանի հարեւան Ֆինլանդիան նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ չէ, Ֆինլանդիան պարզապես հաջողված եւ ազատ, ժողովրդավարական երկիր է, որտեղ ապրում է ընդամենը հինգ միլիոն մարդ: Սակայն ֆիններն ամենազինված ազգն են Եվրոպայում եւ կարող են արտաքին վտանգի դեպքում մոբիլիզացնել մինչեւ գրեթե մեկ միլիոն պատրաստված եւ մոտիվացված զինվոր: Մաններհեյմը հենց այդ համակարգի հիմնադիրն է: Եվ այն, որ նա դաշնակցել է Գերմանիային՝ Մոսկվայում դրա մասին ոչ միայն նրբանկատորեն լռում են, այլեւ հրատարակում են նրա հուշերը եւ խոհեմաբար ուսումնասիրում: Ի վերջո, նա նաեւ ցարական բանակի գեներալ էր…

… Ի դեպ, Նժդեհն ապրում էր մի դարաշրջանում, երբ նիցշեականությունը Եվրոպայում քաղաքականության եւ քաղաքական գաղափարների, գրականության եւ հրապարակախոսության վրա մեծ ազդեցություն ուներ: Սովետական միությունում Ֆրիդրիխ Նիցշեին էլ էին ֆաշիստ անվանում, ինչ է թե՝ եֆրեյտոր Ադոլֆ Շիկլգրուբերն իրեն նիցշեական էր համարում: Նժդեհի խոսքերից է. «Եղի՛ր ազատ, գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհիր ճակատդ միայն իդեալի առաջ»…

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

14.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Շատ հրաշալի է գրված: Շնորհակալություն: Նման իրավիճակներում շատ սուր կերպով է զգացվում այն, որ մեծ խնդիր ունենք լուծելու, որ պարզ հայերենով գրված այս տրամաբանական մտքերը ընկալելի լինեն հայերի կողմից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930