Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղաֆիզիկոսն առաջարկում է ԳԱԱ-ին չվճարել

Հուլիս 07,2016 15:30

Ըստ ՆԱՍԱ-ի հայազգի գիտնականի,
պետությունը պետք է երիտասարդների վրա «խաղադրույք» կատարի

ՆԱՍԱ-ի հետազոտական լաբորատորիայի (National Aeronautics and Space Administration) հայազգի գիտնական եւ ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը արձակուրդն այս օրերին անցկացնում է Հայաստանում: Իր նախկին աշխատավայրում՝ Բյուրականի աստղադիտարանում էլ հասցրել է զեկուցումով հանդես գալ: «Առավոտի» հետ զրույցում գիտնականը հույս հայտնեց, որ գուցե առաջիկայում Բյուրականի աստղադիտարանի հետ ավելի սերտ համագործակցություն ստեղծվի, որովհետեւ ըստ նրա՝ Բյուրականն ունի բացառիկ դիտակ, մարդկային փայլուն ներուժ:

Գիտնականը, սակայն, ափսոսում է, որ Հայաստանում մենտալիտետը խորհրդային է մնացել. «Այստեղ կարծում են, որ գիտությունը գիտություն է եւ չի «վաճառվում»: Մինչդեռ չի կարելի նստել ու սպասել, թե վերեւից, օրինակ՝ ակադեմիայից կամ մեկ այլ տեղից, ինչ-որ բան կտան քեզ: Պետք է մտածել Բյուրականի դիտակն արդյունավետ օգտագործելու, ասենք՝ դիտողականության ժամերը վաճառելու, դրանից օգուտ ստանալու, միաժամանակ գիտական համագործակցության մասին: Բյուրականում կան որոշակի ուժեր, որոնք վախենում են վաճառք բառից, ասում են՝ ո՞նց կարելի է գիտությունը «վաճառել», մինչդեռ գիտական ապրանքն էլ ապրանք է: Կան միջազգային կոնֆերանսներ, միջոցառումներ, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում է իր ինստիտուտը, գիտական կառույցը ու այն, թե ինչ կարող է առաջարկել: Կարող է մեկին դիտակ է պետք, օրինակ, եթե Ամերիկայում դիտողական գիշերը կառաջարկեն $5000-ով, Բյուրականը կարող է ասել՝ ես 2000-ով եմ առաջարկում: Դա ողջ աշխարհում ընդունված բան է: Կա առաջարկ եւ պահանջարկ, տնտեսությունն էլ, գիտության կառավարումն էլ դրա վրա են հիմնված: Հայաստանի պարագայում մենտալիտետը պետք է փոխել, որովհետեւ կարող ես միլիոններով փող ներդնել, բայց փոխել մոտեցումները շատ դժվար է»:

Վլադիմիր Հայրապետյանը ժամանակին գիտական թեզ է պաշտպանել Հայաստանում, ասում է՝ Վիկտոր Համբարձումյանը եղել է իր գիտական ղեկավարներից մեկը: Անվանի գիտնականին բնորոշում է որպես չափազանց հետաքրքիր ու լայնախոհ մարդ, որը հանուն երիտասարդների խենթ գաղափարների իրականացման, պատրաստ էր ամեն ինչի: Պարոն Հայրապետյանը հոդված ունի Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված գրքում, այնտեղ ներկայացրել է իր հուշերը: Ասում է՝ Համբարձումյանն անգամ 80 տարեկանում վառվում էր գիտությամբ, երիտասարդներին էլ «վարակում»: Հայրապետյանի ձեւակերպմամբ, բյուրականյան դպրոցի առանձնահատկությունը լայն մտածելու ունակությունն է, համակարգային մոտեցումը խնդիրներին. «Եթե ուզում ես մի երեւույթ բացատրես, պետք է դա անես ոչ թե մի օրինակով, այլ համակարգի մեջ դիտարկես… Օրինակ, ՆԱՍԱ-ում մարդը կարող է համաշխարհային մասշտաբի գիտնական լինել, բայց հենց մի քիչ շեղվես իր ուղղությունից, կասի, որ տեղյակ չի, չի զբաղվել դրանով: Վերջին շրջանում ես սկսել եմ զբաղվել տիեզերքում կյանքի փնտրտուքով:

Ոլորտը ներառում է քիմիական ասպեկտը, ֆիզիկան, կենսաբանությւոնը, աստղաֆիզիկան, երկրաքիմիան, մթնոլորտը, այսինքն՝ դու պետք է ճկուն լինես, ինչ չգիտես, սովորես: Ես չեմ կարող ասել՝ վայ, ես դա չգիտեմ, թող դա ուրիշն անի: Դու պետք է ամեն երեւոյյթ բազմակողմանի ներկայացնես, հայկական աստղագիտական դպրոցը այդ հարցում օգնում է:  Washington Post-ը մի առիթով ինձանից հարցազրույց է վերցրել, երբ իմ հոդվածը հրապարակվել էր Nature Geoscience ամսագրում: Ես ասացի, որ Բյուրականում ասպիրանտ եղած ժամանակ զբաղվում էի երիտասարդ աստղերով, աստղերի ինտիմ կյանքով: Իսկ եթե դու լավ տեղյակ ես աստղերի ինտիմ կյանքին, հասկանում ես, որ Արեգակը աստղ է: Զբաղվել եմ մեր Արեգակով… Մենք գիտենք՝ ինչպես է առաջացել կյանքը երկրի վրա, ու այդտեղ ոչ մի բացառիկ բան չկա, պրոցեսն էլ սկիզբ է առել 4 մլրդ տարի առաջ: Այսօր մեր Արեւը հանգիստ է, ու նոր կյանք չի կարող տալ»: Հայրապետյանի խոսքով, գիտության առաքելությունն այն է, որ բացահայտի հրաշքն ու անհնարինը, կյանքի առաջացման առեղծվածը՝ հերքելով գերբնական ուժի գաղափարը:

Հետաքրքրվեցինք՝ լինելով կայացած գիտնական, երբեւէ չի՞ մտածել Աստծո մասին: Մեր զրուցակիցը պատասխանեց, որ կյանքն ամենեւին էլ աստվածային հրաշք չէ, եւ նրա առաջացմանը աստվածային միջամտություն չի եղել: Ասում է՝ ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր աթեիստները սկսեցին եկեղեցի գնալ՝ համարելով, որ այդպես ավելի բարոյական է: Գիտնականի ձեւակերպմամբ, հոգեւորականը ընդամենը հոգեբանի գործառույթ է կատարում, ու «այցելուն» իրեն դրանից լավ է զգում: «Քանի անգամ եղել եմ Հնդկաստանում, այնտեղ 3 աստված են պաշտում, Ճապոնիայում էլ եմ եղել, այնտեղ 2000 աստված ունեն, մահմեդականները իրենց Ալլահին են աղոթում, քրիստոնյաները՝ Հիսուսին: Հիմա ո՞վ է ճիշտ…Իմիջիայլոց, ոչ մի գրքում գրված չէ, որ կրոնական հարցերով պետք է փող աշխատես: Իմ համոզմամբ, հավատը պետք է լինի սեքսի նման՝ քո ննջասենյակում … Եթե ուզում ես, աղոթիր, եթե դրանից քեզ լավ ես զգալու, արա…

Կարծում եմ՝ կրոնը իջեցնում է իմունիտետը: Երբ իմունային համակարգը տեսնում է, որ դու խնդիր, մարտահրավեր ունես, պայքարում է, որ հաղթահարես, իսկ եթե հույսդ դնում ես Աստծո վրա, ավելի թույլ ես դառնում»,- ասում է աստղաֆիզիկոսը: Հավելում է, որ մարդիկ՝ անկախ ռասաներից, կրոններից ու ապրելու վայրից, պետք է մեկ ընդհանուր համայնքի գիտակցում ունենան, քանի որ Երկիր մոլորակը շատ փոքր մոլորակ է, ու չգիտես, թե վաղը ինչ կլինի: Նա իրեն համարում է մոլորակի քաղաքացի, ասում է՝ հնարավոր չէ միայն Հայաստանը լավը դարձնել, պետք է ողջ մոլորակը բերել համընդհանուր ներդաշնակության: Կարծում է, որ աստղագիտությունը կարող է մարդկանց դարձնել ավելի հանդուրժող, երջանիկ եւ գիտակից: Նաեւ երազում է Հայաստանը տեսնել հզոր գիտությամբ, քանի որ գիտության ծարավը հայ ժողովրդի գենետիկ կոդի մեջ է:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում գիտության կառավարմանն ու ոլորտի կարծրացած խնդիրներին: ՆԱՍԱ-ի հայազգի գիտնականը փաստեց, որ ամեն երկիր ունի National Research Council՝ Գիտության ազգային խորհուրդ, որը արդյունավետ կառույց է ու փոխարինում է Գիտությունների ազգային ակադեմիային: Սակայն միեւնույն ժամանակ խորհրդատվական մարմին է, որի կազմում են արտասահմանցի գիտնականներ: «Ես առաջարկում եմ Հայաստանում ստեղծել Գիտությունների համահայկական կոմիտե, որտեղ կլինեն հայ գիտնականներ, խոշոր մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Այդ գիտնականները պետք է աշխատեն հասարակական հիմունքներով: Նրանք պետք է ժամանակ առ ժամանակ հավաքվեն, փաստաթղթեր մշակեն, օրինակ, թե որ ուղղությամբ պետք է գնա գիտությունը, հետո դա գիտական հասարակայնությունը կքննարկի, որոշ բաների հետ կհամաձայնի, որոշ բաների հետ՝ ոչ, գրի վերլուծական հոդվածներ, կարծիքն ուղարկվի Ազգային ժողով եւ այլն: Դա մի քանի տարի առաջ առաջարկեցի Ռադիկ Մարտիրոսյանին, պատմեցի, թե ինչպես է ՆԱՍԱ-ն աշխատում, որովհետեւ ինչպե՞ս կարող է պետությունը հասկանալ, թե ինչ է պետք գիտությանը: Հասկանալի է, որ Հայաստանը փոքր երկիր է եւ ֆունդամենտալ գիտությունը համարվում է շքեղություն, ուրեմն պետք է թողնել այն ուղղությունները, որոնք ավանդաբար ուժեղ են եղել»,- համոզված է Վլադիմիր Հայրապետյանը: Նա տպավորիչ օրինակ է բերում. «Օրինակ, Կոպենհագենում՝ աստղադիտարանում տեսնում ես, որ աշխատում է 5 մարդ, յուրաքանչյուրը 3-4 միջազգային ուսանող ունի: Իսկ Բյուրականում, եւ ոչ միայն այնտեղ, կարող ես տեսնել 45-50 մարդու: Գուցե պետք չէ՞ այդքան գիտնական, գուցե 20 հոգին բավարա՞ր են:

Թող մնան այն մարդիկ, որոնք իսկապես կարող են գումար աշխատել, լինել մրցունակ, հրատարակվել միջազգային հեղինակավոր ամսագրերում: Ես Բյուրականում գիտեմ այդպիսի մարդկանց…Ի դեպ, պետությունը բանանային երկրներից տարբերվում է նրանով, որ ունի ֆունդամենտալ գիտություն: Եթե Հայաստանի ԳԱԱ-ն վերափոխվի Գիտության ազգային խորհրդի, որը կղեկավարվի մրցունակ ծրագրերով, պատկերը կփոխվի: Ակադեմիան չպետք է լինի ղեկավարող կառույց: Ամերիկայում էլ կա Ազգային ակադեմիա, որը գործում է հետեւյալ սկզբունքով՝ եթե դու անվանի գիտնական ես, քեզ ընտրում են ակադեմիայի անդամ, որը պատվավոր կոչում է, ու դու դրա համար չես կարող փող ստանալ: Եթե պատվավոր անդամ ես, դա փող չի ենթադրում, հարգանքի նշան է, որովհետեւ ժամանակին դու արդեն փող ստացել ես քո արածի համար: Ցավոք, Հայաստանի գիտությունների ակադեմիայում հարգանքն ու փողը նույնացվել են: Հույս ունեմ, որ մի օր Հայաստանն էլ կձերբազատվի այս ամենից ու կգնա ճիշտ ճանապարհով, բայց դա կլինի այն դեպքում, երբ երկիրը իսկապես ազատ կլինի, տնտեսությունը՝ նույնպես»:

Գիտնականը վստահ է. «Կոռուպցիայի պարագայում ոչինչ չի կարող զարգանալ, երիտասարդ մասնագետները՝ ունենալով գաղափարներ, հեռանում են ու իրենց համար մեկ է դառնում՝ որտեղ իրականացնել դրանք՝ ԱՄՆ-ո՞ւմ, Կանադայո՞ւմ, թե՞ Հայաստանում»: Վլադիմիր Հայրապետյանի խոսքով, եթե գիտությունը չի շարժվում առաջ, ինքն այլեւս գիտություն չէ, ճահիճ է, իսկ գիտությունը նախ եւ առաջ շարժում են երիտասարդները, նրա՛նց վրա պետք է երկիրը «խաղադրույք» կատարի:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ գիտնականի ֆեյսբուքյան էջից:

 

«Առավոտ»

06.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031