Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանը վիրաբուժության ոլորտում մեծ ավանդ ունենալու համար արժանացել է Իռլանդիայի Վիրաբույժների Թագավորական Քոլեջի բարձրագույն պարգեւին

Հուլիս 25,2016 16:36

Իր բազմամյա գործունեության եւ վիրաբուժության ոլորտում մեծ ավանդ ունենալու համար մեծ մարդասեր եւ բարերար պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանն արժանացել է Իռլանդիայի Վիրաբույժների Թագավորական Քոլեջի բարձրագույն պարգեւին՝ պատվավոր անդամի կոչմանը:

Վաստակաշատ պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանն իր կյանքը նվիրել է Արեւելյան, Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայում բժշկության ոլորտի զարգացմանը, վիրաբույժների ուսուցմանը, որակյալ մասնագետներ պատրաստելուն եւ իր մասնագիտական փորձը նրանց փոխանցելուն:

Նա ծնվել է Եթովպիայում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Հյուսիսային Ուելսում, իսկ 1963թ. ընդունվել է Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջ: Այս ժամանակահատվածում արժանացել է մի շարք պարգեւների եւ նաեւ բարձրագույն վիրաբուժական պրակտիկա է անցել Դուբլինի մի քանի հիվանդանոցներում:

Իռլանդիայում վիրաբուժական փորձառություն ձեռք բերելուց հետո, վերադարձել է Աֆրիկա: Սյստեղ՝ Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում ձեւավորվել է իր վիրաբուժական կարիերայի մեծ մասը: Նա զբաղեցրել է մի շարք կարեւոր վարչական պաշտոններ, իսկ 1999թ. արժանացել է Զամբիայի համալսարանի վիրաբուժության պրոֆեսորի կոչմանը: Նա նաեւ եղել է Զամբիայի վիրաբուժական միության նախագահը:

Պրոֆեսոր Երզնկացյանը հեղինակ է աֆրիկյան վիրաբուժության վերաբերյալ մեծ թվով աշխատությունների, որոնցում նա անդրադառնում է տեղային անզգայացման եւ կետամինի կարեւորության, արյունավարակման եւ վնասվածքների կանխարգելման, ինչպես նաեւ Աֆրիկայում քաղցկեղով մեծ թվով հիվանդների բացահայտման հարցերին:

Աֆրիկայում պատշաճ վիրաբուժական համակարգի անհրաժեշտությունը հանգեցրել է Արեւելյան, Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայի վիրաբույժների համալսարանի /ԱԿՀԱՎՀ/ ստեղծմանը, որի շարժիչ ուժն է պրոֆեսոր Երզնկացյանը: Նա համալսարանի խորհրդի ամենաերկարատեւ անդամն է. նաեւ եղել է համալսարանի փոխնախագահը, նախագահը եւ ներկայումս՝ ռեկտորը:

Նրա անսպառ էներգիայի եւ մեծ նվիրումի շնորհիվ նորաստեղծ համալսարանը ոտքի է կանգնել՝ արձանագրելով բազմաթիվ հաջողություններ ու նվաճումներ: Իր մեծ վաստակի եւ ներդրման համար 2012թ. պրոֆեսոր Երզնկացյանն արժանացել է ԱԿՀԱՎՀ պատվավոր անդամի կոչմանը:

2007թ. ԱԿՀԱՎՀ խոստումնալից համագործակցություն է սկսել Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի հետ, ինչում կրկին մեծ է պրոֆեսոր Երզնկացյանի դերը: Համագործակցության արդյունքում աֆրիկյան վիրաբուժության համակարգը մեծ բարեփոխումներ է ունեցել եւ համալրվել է նորագույն եւ ժամանակակից միջոցներով ու սարքավորումներով: Տարածաշրջանում արձանագրվել է նաեւ ուսանող վիրաբույժների թվի մեծ աճ, ինչպես նաեւ Զիմբաբվեում, Զամբիայում եւ Ռուանդայում մեծ թվով թերապեւտներ զարգացրել են իրենց գիտելիքները եւ ծանոթացել հիմնական վիրաբուժական մեթոդներին:

Պրոֆեսոր Երզնկացյանը պարբերաբար հաճախում է Հայաստանում վիրաբուժական եւ բարեգործական գործունեությամբ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031