Լրահոս
Օրվա լրահոսը

«Քամի կցանես՝ փոթորիկ կհնձես»

Հուլիս 27,2016 10:12

Լեւոն Չուքասզյանը՝ Սերժ Սարգսյանին

Հիմնադիր խորհրդարանի անդամ, այս պահին հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուքասզյանի եղբայրը՝ արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուքասզյանը, «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում, պատասխանեց. «Սերժ Սարգսյանի եւ իր թիմի հրաժարականը»:

Երբ հիշեցրինք՝ Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ կտրուկ ասաց՝ մոռացեք այդ մասին, այլ ելք, որը խաղաղ լուծում է ենթադրում եւ այլընտրանք է դրան, տեսնո՞ւմ եք, նա պատասխանեց. «Ժողովորդն էլ կտրուկ ասում է՝ հրաժարական»:

Ըստ Լեւոն Չուքասզյանի՝ հանրահավաքները գնալով բազմամարդ են դառնում: Ժողովուրդը վերջապես սկսում է հասկանալ, որ վճռական պահը հասունացել է՝ ազատվելու «իրեն կեղեքող եւ երկիրը քանդող անիրավներից»:

«Սասնա ծռեր» խմբի տղաները հայտարարել են՝ կռվելու ենք մինչեւ վերջին փամփուշտը: Մեր հարցին՝ այդ հայտարարությունը միանշանակ չընդունվեց եւ քննադատվեց՝ ասելով, որ մեր փամփուշտը պիտի այլ ուղղությամբ կրակի՝ հակառակորդի ուղղությամբ, ոչ երկրի ներսում, Դուք համաձայն չե՞ք, այլ լուծում, բացի զենքի, արյան ճանապարհից՝ չկա՞ր՝ Չուքասզյանը պատասխանեց. «Դաժանությունները ցույց են տալիս, որ նա միայն ուժի լեզուն գիտի: Ուրեմն եթե չհրաժարվի, այդ ուժը ժողովուրդը կկիրառի նրա նկատմամբ: Միշտ այդպես է եղել աշխարհում՝ քամի կցանես, փոթորիկ կհնձես»:

Մեր հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մտավորականները առաջարկում են զենքերը վայր դնել, ինչպե՞ս եք վերաբերվում այդ առաջարկներին, նա պատասխանեց. «Խիստ բացասական: Դանակը արդեն ոսկորին է հասել, այլեւս նահանջելու տեղ չկա: Երեկոյան դուրս եկեք փողոց ու նայեք, թե յուրաքանչյուր շենքում քանի լույս է վառվում: Արտագաղթը սպանում է մեր երկիրը: Կյանքի անտանելի պայմանները, երիտասարդության համար հեռանկարների բացակայությունը եւ անվերջ պատերազմը մաշում են մեր երկիրը: Սա այլեւս անհանդուրժելի է»:

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ ենթադրենք, զինված խմբի պահանջները կատարվեցին, բայց միշտ կգտնվեն մարդիկ, որ 40-50 հոգանոց խումբ կկազմեն ու կփորձեն զենքի միջոցով հարց լուծել, իշխանություն փոխել, սա երկրի պետականությունը կվտանգի: Մենք հետաքրքրվեցինք՝ Չուքասզյանն այս փաստարկները հիմնավոր չի՞ համարում, նա պատասխանեց. «Վիտալի Բալասանյանը, կարծում եմ, տեղի է տվել վերեւից եկող ճնշումներին: Երկրում պետք է կարգուկանոն հաստատվի եւ բիրդան տղաների ապօրինություններին պիտի վերջ տրվի: Եթե մարդկային կյանքի բնականոն պայմաններ ստեղծվեն, քաղբանտարկյալները ազատվեն, երկրում օրինականությունը հաստատվի, եւ ժողովուրդը չթալանվի, կարգին եւ քաղաքակիրթ ոստիկանություն ստեղծվի, ապա ոչ ոք զենք չի վերցնի եւ բանդա չի ստեղծի: Եղած բանդաները պետք է չեզոքացվեն իշխանության հրաժարականից հետո»:

Հիմա «Սասնա ծռեր» խմբի տղաներն ուզում են Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի միջնորդությունը: Հարցին՝ սա ինչ-որ բան կփոխի՞, Լեւոն Չուքասզյանը պատասխանեց. «Ոչ, մարդկանց պետք է հույս տալ ապրելու եւ ապագայի: Պետք է տեսնեն էական փոփոխություններ, ոչ մի միջնորդություն ոչինչ չի փոխի: Պարապ բան է, ժամանակ ձգելու համար»:

Մենք նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել հանրահավաքի ժամանակ: Անընդհատ քանակ են նշում՝ հավաքվի 50 հազար մարդ՝ կհաղթենք, 60 հազար մարդ՝ կոնկրետ քայլեր կանենք, ինչ-որ նշաձող կա՞, որ պիտի հավաքվի, ու ինչ-որ քայլեր անեք, նա պատասխանեց. «Սա այն դեպքն է, երբ գործողությունները կախված են լինելու մարդկանց քանակից: Մարդկանց քանակը նշանակում է հանրային դժգոհության աստիճան: Բոլորս էլ գիտենք, որ երեւի 95 տոկոսը ՀՀ-ում պասիվ դժգոհ է, բայց ակտիվը երեւում է մասնակցությամբ»:

Հանրահավաքից հետո մշտապես երթեր են կազմակերպվում հրապարակ, Խորենացի, Նալբանդյան՝ ոստիկանության շենք, բայց հանրության շրջանում կոչեր էին հնչում՝ եկեք գնանք Բաղրամյան 26, փակենք այդ փողոցը: Մեր հարցին՝ նման ծրագրեր կա՞ն, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ համակարգող խորհրդից նման կոչեր չեն եղել, իսկ թե ուր պետք է գնան՝ «իր մեջ գաղտնիք է պարունակում»:

Մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ երբ այսպես երկար շարունակվի, շարժումը կմարի, ժամանակն ի վնաս ձեզ կաշխատի՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դա օրինաչափություն է՝ երբ զարգացում չի լինում, քայլեր չեն լինում, մարում է շարժումը: Բայց նա վստահ է, որ իրենք դեռեւս այդ կետին չեն հասել. «Դեռ վաղ է խոսել շարժման մարման մասին: Եթե հանկարծ շարժումը մարի, ես կցավակցեմ ձեզ եւ հայ ժողովրդին, որովհետեւ պատկերացրեք՝ առանց այդ էլ արտագաղթի տեմպերը ինչ բարձր են, եթե սա էլ չլինի՝ ինչ կլինի»:

Ներքեւում պարբերաբար մարդիկ բարձրացնում են լիդերների հարցը, որ չենք տեսնում լիդերներ առայժմ, որոնց հետեւից կարող ենք գնալ, Արմեն Մարտիրոսյանը չհամաձայնեց՝ ասելով, որ այն խորհուրդը, որը ձեւավորվել է, դրանից հետո մարդկանց ակտիվությունն ավելացել է. «Ակնհայտ է, որ այդ խորհուրդը, ըստ էության, լեգիտիմության երկու աղբյուր ունի՝ մեկը Ալեք Ենիգոմշյանն է, մյուսը՝ Կյուրեղյանների հայրը»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031