Լրահոս
Օրվա լրահոսը

Փոլ Էդգար. հանքարդյունաբերությունը պատասխանատու ձեւով չիրականացնելու դեպքում, այն բացասապես կարող է ազդել մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 16,2016 16:58

Այսօր Հայաստանում ամենացավոտ խնդիրներից մեկն ընդերքի օգտագործումն է: Բնապահպանները պարբերաբար մտահոգություն են հայտնում, որ մեր երկրում ընդերքն օգտագործվում է անխնա եւ անպատասխանատու կերպով: Այս խնդիրը լուծելու նպատակով Հայաստանի կառավարությունն իր նոր ծրագրում շրջակա միջավայրի պահպանության բարելավմանն ու ընդերքի արդյունավետ եւ պատասխանատու օգտագործմանն ուղղված քայլեր է խոստանում:

Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում «Ժամանակակից հանքարդյունաբերությունը Հայաստանում» խորագրով կազմակերպված բիզնես-համաժողովը, թերեւս, այդ քայլերից մեկն էր:

Համաժողովի նպատակը Հայաստանի հանքարդյունաբերողների եւ ամերիկյան հայտնի ընկերությունների միջեւ կապերի ձեւավորումն էր: Հանքարդյունահանման ոլորտում գործող օտարերկրյա ընկերություններն առաջարկում են այնպիսի տեխնոլոգիաներ ու ծառայություններ, որոնք մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը եւ օգնում բնության պահպանմանը:

Համաժողովին մասնակցում են 7 ամերիկյան առաջատար ընկերություններ եւ 35 հայկական հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ:

hsbc_1 hsbc_2 hsbc_3 hsbc_4 hsbc_5 hsbc_6

Մեկօրյա բիզնես-համաժողովը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ու HSBC բանկի հետ համատեղ:
HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարի խոսքով. «Այսօր մենք հրավիրել ենք ընկերությունների, որոնք գործում են հանքարդյունաբերության ոլորտում, եւ խոսելու ենք այդ ոլորտի միտումների եւ միջազգային մոտեցումների մասին՝ նպատակ ունենալով նպաստել սոցիալապես պատասխանատու եւ կայուն հանքարդյունաբերության զարգացմանը Հայաստանում:

Կներկայացվի ոլորտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, կլինի նոր տեխնոլոգիաների շուրջ փորձի փոխանակում, ինչպես նաեւ HSBC-ի հրավիրյալ մասնագետը`Անդրյու Ռոբիսոնը, որը Ապրանքահումքային գծով առեւտրի ֆինանսավորման ղեկավարն է Միացյալ Թագավորությունում եւ Ֆրանսիայում, կներկայացնի բանի կողմից առաջարկվող ֆինանսավորման լուծումները՝ նախատեսված հանքարդյունաբերության ոլորտի հաճախորդների եւ իրենց մատակարար ցանցերի համար»:

hsbc-1

Փոլ Էդգարի համոզմամբ, հանքարդյունաբերությունը չափազանց կարեւոր դեր ունի եւ այսօրվա հասարակության հիմնական կարիքները բավարարելու հիմնաքարն է. «Հանքարդյունաբերությունը ներառում է հետախուզման, արդյունահանման, ինչպես նաև օգտակար հանածոների համալիր արդյունաբերական աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են պղնձի, ոսկու կամ այլ նուրբ մետաղների արտադրման համար, որոնք Հայաստանն արտադրում է՝ հիմնականում արտահանման նպատակով:

Սակայն, եթե չկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել պատասխանատու ձեւով, ապա դրանք կարող են անընդունելի բացասական ազդեցություն ունենալ մարդկանց եւ շրջակա միջավայրի համար:

HSBC–ն ողջ աշխարհում հանդիսանում է հանքարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտի կողմնակիցը: Մեր նպատակն է ապահովել, որ մեր հաճախորդները գործեն միջազգային փորձի եւ նվազագույն չափանիշների համաձայն: Մենք գիտակցում ենք, որ չհետեւելու եւ անուշադրության դեպքում շրջակա միջավայրին հասցվող վնասը եւ կլիմայի փոփոխությունը բացասական ազդեցություն կունենան մեր հաճախորդների, համայնքների եւ շրջակա միջավայրի վրա, որոնց վրա արդեն ավելի քան 150 տարի կառուցվել է HSBC-ի բիզնեսը: Եթե HSBC–ն ցանկանում է հաջողել իր հավակնություններում, որն է օգնել մարդկանց իրականացնել իրենց նպատակները, ապա պարտավորություն ունի նաեւ կարեւոր դեր խաղալու՝ այդ մարտահրավերները հաղթահարելու գործում»:

Պարոն Անդրյու Ռոբիսոնի ելույթը «Առեւտրի ֆինանսավորումը հանքարդյունաբերության ոլորտում» թեմայով էր: Մասնագետը, կարեւորելով այս ոլորտում ֆինանսավորման եւ միջազգային շուկաներ մուտք գործելու դերը, նշեց, որ ֆինանսավորումը հնարավորություն է տալիս որակյալ արտադրանք թողարկել: Նրա խոսքով, եթե գործարարը հնարավորություն չի ունենում այս կամ այն ապրանքը մեծ քանակությամբ արտադրելու, ապա կանգնում է այդ ապրանքի սպառումը կազմակերպելու դժվարությունների առաջ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գտնում է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրական հնարավորություններ կան, սակայն այդ հնարավորությունները պետք է իրացվեն բնության պահպանության ու աշխատողների անվտանգության ապահովմամբ:

richard_mils
Պարոն Միլսի խոսքով, հանքարդյունաբերության զարգացմանը զուգընթաց պետք է կառավարության կողմից այս ոլորտի նկատմամբ լինի վերահսկողություն:
Դեսպանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930