Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնթե Մելքոնյան. «Բնական միջավայրը, ժողովրդագրությունը և ազգային հարցը»

Դեկտեմբեր 22,2016 12:20

 անտիպ հոդված, 24.09.1990 թ.

Ձեր ուշադրության ենք ներկայացնում մի հատված 1990 թվականին Մոնթե Մելքոնյանի կողմից գրված «Բնական միջավայրը, ժողովրդագրությունը և ազգային հարցը» անտիպ հոդվածից։ Հոդվածի անգլերեն ձեռագիր տարբերակը տրամադրել է Ալեք Ենիգոմշյանը, իսկ հայերեն թարգմանությունն իրականացրել են Աննա Աղլամազյանը, Անահիտ Մանասյանը, Արմինե Բաբախանյանը, Լիլիթ Պիպոյանը և Հասմիկ Վարդանյանը։ Հոդվածի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կայքում։

Բնական միջավայրը, ժողովրդագրությունը և ազգային հարցը

Մոնթե Մելքոնյան, 24.09.1990 թ.

Ամբողջ աշխարհում բնապահպանական խնդիրներն արագորեն դառնում են օրակարգային: Բնական միջավայրին առնչվող հարցերում հանրային գիտակցությունը մեծապես հետ է մնում, ու չնայած զգալի առաջընթացին` այն դեռևս խիստ ցածր մակարդակի վրա է, որպեսզի կարողանա ըստ պատշաճի արձագանքել բնապահպանական խնդիրների հրատապությանը: Հսկայական, լայնամասշտաբ և անվերականգնելի վնաս արդեն իսկ հասցվել է մոլորակի մեծ մասի ջրերին, հողատարածքին և մթնոլորտին: Հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) բուսատեսակներ և կենդանատեսակներ ոչնչացել են միայն վերջին 30 տարվա ընթացքում, մինչդեռ շատ գիտնականների հաշվարկներով` ամեն օր վերանում է առնվազն 2 բուսատեսակ: Օզոնային շերտի քայքայումը, ջերմոցային էֆեկտը, թթվային անձրևները, համաշխարհային աղտոտումը (չհաշված աղտոտման և թունավորման տեղային ձևերը), ինչպես նաև արևադարձային և ոչ արևադարձային անտառների ավիրումը, այս բոլորը միասին հանգեցնում են այնպիսի մի վնասի, որ հավասարազոր է աստիճանաբար իրականացվող միջուկային և քիմիական պատերազմին:

Մոլորակի բնական միջավայրի արագ ընթացող և դեռ ահագնացող վատթարացման հիմքում ընկած է փոխկապակցված գործոնների երկար ու բարդ մի շարք:

Կապիտալիզմ

Իր ի հայտ գալու օրից սկսած` արդեն «Արդյունաբերական հեղափոխության» ընթացքում, կապիտալիզմի «տրամաբանությունը» կայացել է առավելագույն և արագ շահույթ ստանալու մեջ, այնպիսի շահույթ, որին կարելի է հասնել (շատ այլ բաներ չհաշված) արտադրության մեջ նվազագույն ծախս կատարելով: Սա նշանակել է ունենալ թե´ մարդկային, թե´ նյութական միջոցները հնարավոր ամենաէժան (այսինքն` ամենածայրահեղ) ձևով շահագործելու շարժառիթ: Մարդկանց երկարաժամկետ շահը հաշվի առնելու, բնական ռեսուրսները և աշխարհի էկոլոգիան պահպանելու փոխարեն կարճաժամկետ դրամական շահույթ ստանալը թելադրել է մեր ընդհանուր բնական միջավայրի չարաշահմանը: Կապիտալիստի տեսլականը կապվում է առավելագույնը մեկ մարդու կյանքի ժամանակահատվածի հետ, իսկ սովորաբար` այդ կյանքի միայն մեկ տասնամյակի, մի քանի տարվա կամ նույնիսկ մի քանի ամսվա հետ:

Չնայած աշխարհի զարգացման ընթացքի հետ համեմատած մեկ կապիտալիստի կյանքը շատ կարճ է, այդուամենայնիվ, այն լիովին բավարար է մեր բնական միջավայրին լրջագույն, երկարաժամկետ, իսկ երբեմն նաև անդառնալի վնաս հասցնելու համար: Առավելագույն շահույթ ստանալու «բնական» պահանջը սովորաբար ուղղակիորեն հակադրվում է մեր բնական միջավայրի պահանջներին: Այսօր այս մտայնությունն է, որ մեր մոլորակն ավելի մեծ թափով է տանում դեպի անկում: Մոլորակի բնակչության ճնշող մեծամասնությունը (էլ չասենք` բնությունը) բազմազգ հսկայական կորպորացիաների «զարգացման ծրագրերում» իսպառ զրկված է որևէ որոշման մասնակցելու հնարավորությունից, որը վերաբերում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` մեր ծովերի և օվկիանոսների ձկնատեսակների ինտենսիվ, իսկ հաճախ` անխտրական ոչնչացումը (օրինակ` ուռկանով «ձկնորսությունը»), հանքային պաշարների խժռումը, անտառների զանգվածային հատումներն ու անտառային հրդեհները, թունավոր թափոններից հեշտությամբ «ազատվելը»` օրական միլիոնավոր տոննաներ արտանետելով մեր գետերի, օվկիանոսների ու մթնոլորտի մեջ, պարարտանյութերի և միջատասպան նյութերի մեծաքանակ օգտագործումը, որոնք թունավորում են մեր հողն ու ջրային համակարգը, հսկայական քանակությամբ հումքի վատնումը` սպառողների համար ակնհայտորեն ավելորդ սպառման առարկաների մեծամասշտաբ արտադրությամբ և չվերամշակվող փաթեթավորման կիրառմամբ, և այլն, և այլն: Այսպիսով, քանի դեռ մեր բնական միջավայրը, բնական պաշարները և բնությունը շարունակում են ստորադասվել արագ ու ավելի կարճաժամկետ շահույթներ ստանալուն, մենք միայն կարող ենք ակնկալել մեր համատեղ կյանքի կտրուկ հետընթաց: Այսպիսի հետընթացը կարող է հանգեցնել մարդկային կյանքի որակի և բերկրանքի անկման, իսկ ի վերջո, պատճառ դառնալ, որ վերանա մեր մոլորակի կյանքն այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:

Կենտրոնացված տնտեսություններ

Կապիտալիզմը` արագ շահույթ կորզելու իր տրամաբանությամբ, եղել է բնական միջավայրի ավիրման հիմնական շարժիչ ուժը, սակայն ոչ միակը: Սոցիալիստական հայեցակարգը տեսական հիմքեր էր մշակել մեր ռեսուրսներն ավելի ռացիոնալ օգտագործելու, ինչպես նաև արտադրությունը բնակչության և աշխատավորների ժողովրդավար կամքին ենթարկելու համար: Գործնականում, սակայն, այս սկզբունքներից ոչ մեկը չիրագործվեց: Արդյունքում, շատ դեպքերում «սոցիալիստ» կառավարությունները մշակեցին և կյանքի կոչեցին նախագծեր, որոնց հիմքում բնական միջավայրի մասշտաբային և անսանձ ոչնչացումն էր: Կրկին տեսնում ենք, որ թե´ այսպես կոչված «սոցիալիստները», թե´ նրանց կապիտալիստ գործընկերները, առաջարկում են ուղիներ` առաջնորդվելով կարճաժամկետ «շահերով» և հանգեցրել են բնապահպանական աղետների (վերջիններս ներկայացնում են մարդկանց համեմատաբար փոքր խմբեր, որոնք անմիջականորեն կամ շարունակականորեն չեն առնչվել յուրաքանչյուր առանձին իրավիճակին): Սրան գումարած` բազմաթիվ «սոցիալիստական» երկրներում անարդյունավետ արտադրության, ինչպես նաև բաշխման ու պահեստավորման ոչ ռացիոնալ համակարգերը հանգեցրին հումքի և գյուղմթերքի զանգվածային վատնմանը: Այս ամենը ոչ միայն հանգեցրեց լուրջ էկոլոգիական խնդիրների, այլև դարձավ բոլոր նման երկրներում տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառը: Սա խիստ զավեշտալի է, քանի որ նրանք, ովքեր տասնամյակներ ի վեր պլանավորել են այս տնտեսությունները, բնական միջավայրի կործանումն «արդարացրել են»` ասելով, թե սա «անհրաժեշտ զոհաբերություն է` հզոր տնտեսություն կառուցելու համար»:

Այսպիսով, արդի տնտեսական երկու հիմնական համակարգերի գործունեությունը հանգեցրել է մեր մոլորակի ներկա բնապահպանական ճգնաժամին: Կապիտալիզմն արեց սա, քանի որ իր «տրամաբանության» մեջ ներառված է բնական միջավայրի շահագործումը, իսկ կենտրոնացված տնտեսությունը հասավ սրան` ոտնահարելով իր կողմից սահմանված տեսական սկզբունքները և համառորեն քայլելով անհեթեթ միտումներին համընթաց: Այս ամենի մյուս ցավալի հետևանքն այն է, որ մարդկանց գերակշռող մասը թերահավատ է ժամանակակից տնտեսական ցանկացած համակարգի կարողությունների նկատմամբ, թե այդ համակարգը կօգնի խուսափել, էլ չենք ասում` կանխել այս ընթացքը, որ նման է աստիճանաբար կատարվող միջուկային/քիմիական պատերազմի հետևանքներին․․․

Հոդվածի շարունակությունն այստեղ է։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031