Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական պատերազմ. հայկական կողմը չպետք է թերագնահատի ադրբեջանական կոպիտ քարոզչությունը

Հունվար 30,2017 14:00

Պատերազմն այսօր արդեն գնում է բոլոր ճակատներով: Հաղթանակը տեղեկատվական դաշտում նույնքան կարեւոր է դարձել, որքան հաղթանակը ռազմի դաշտում: Ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելու պայմաններում հայկական եւ ադրբեջանական կողմերը գտնվում են մշտական տեղեկատվական պատերազմում: Ադրբեջանական քարոզչությունը հասնում է արմենոֆոբիայի այնպիսի աստիճանի, որ նույնիսկ ամենադրական տեղեկատվությունը ստանում է բացասական քաղաքական նրբերանգ եւ զենք է դառնում հակառակորդի ձեռքում:

Վերջերս ադրբեջանական Baku.az ռուսալեզու կայքում տեղադրված Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նրա երաժշտական ունակությունների մասին նորությունը ներկայացված էր ավելի շատ ծաղրի տեսքով, քան ինֆորմացիոն հաղորդագրության: Դրա ապացույցն է անգամ նյութի վերնագիրը՝ «Плохая примета: если премьер занялся музыкой, Армении конец»: Չնայած նրան, որ նյութը պետք է ունենար բացառապես մշակութային ուղղվածություն, ադրբեջանական աղբյուրը շեշտը դրել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի երաժշտական «փորձի» վրա՝ բացատրելով, որ «հայերն անցյալից այդպես էլ դասեր չքաղեցին»: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ երաժշտական ունակությունները կանխում են երկրի տնտեսական աճը:

Ուսումնասիրելով ադրբեջանական ԶԼՄ-ների Հայաստանի մասին հոդվածները եւ դրանց վերնագրերը՝ կարելի է եզրակացնել (ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի վերաբերյալ հոդվածների եւ դրանց վերնագրերի ուսումնասիրության արդյունքում պարզվեց), որ լրագրողները հիմնական շեշտը դնում են ինտրիգների, պատմական փաստերի խեղաթյուրման, կեղծիքի, ապատեղեկատվության եւ Հայաստանի կերպարի ստորացման հաշվին իրենց երկրի մեծարման վրա: Այս ամենը ադրբեջանական ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում դառնում է ծիծաղելի եւ անհեթեթ (Али Пасанов: “Истинное название Армении- агрессор, шовинист, националист и сепаратист» (vesti.az):

Ռազմական կոնֆլիկտի սրման եւ տեղեկատվական պատերազմի ակտիվացման շրջանում հայտնի համբավ ունեցող ադրբեջանական կայքերում (day.az, vesti.az, haqqin.az, sputnik.az) նյութեր տեղադրելիս հղում են կատարում այնպիսի հայկական աղբյուրների, որոնց մեծ մասը կամ գոյություն չունի, կամ կրում է կեղծ բնույթ, կամ էլ դադարում է գործունեությունը նյութը տեղադրելուց մի քանի ժամ հետո:

Տեղեկատվական պատերազմը երկու կողմերի միջեւ հատկապես սրվեց 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Ադրբեջանական ԶԼՄ-ները նյութերը ավելի համոզիչ դարձնելու նպատակով ավելացնում էին լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք իրականում կեղծ էին: Աղմկահար դեպքերից էին Թալիշ գյուղի «գրավումը», ֆոտոշոփի օգնությամբ Ֆիզուլիի ցուցանակի կողքին տեղադրված ադրբեջանցի զինվորներով լուսանկարը եւ ամենաանհեթեթը՝ հայտնի հաղորդավար Նազենի Հովհաննիսյանին որպես «Բագիրա» մականունով կին դիպուկահար ներկայացնելը: Այս եւ մի շարք այլ դեպքեր հայերի կողմից ծիծաղի առարկա էին դարձել սոցցանցերում:

Ադրբեջանական հայտնի ԶԼՄ-ների ուսումնասիրության արդյունքում պարզվեց նաեւ, որ Հայաստանը եւ հայ ազգը ներկայացված են որպես համար առաջին թշնամի՝ «հրեշի» կերպարանքով: Դրա ապացույցն են հաճախ օգտագործվող այնպիսի բառերը եւ արտահայտությունները, ինչպիսիք են «հայկական ֆաշիզմ», «նեոֆաշիզմ», «նացիստներ», ագրեսոր, ահաբեկիչներ, արյուն, կռիվ, պատերազմ, «այսպես կոչված՝ հայկական Ցեղասպանություն»` «Руководство Армении порпагандирует и возвеличивает фашизм» (trend.az), «В Армении не только фашисты, но и террористы почитаются как герои», “В Армении призывают к войне” (haqqin.az), «Агрессия Армении против Азербайджана, фальшивый “геноцид армян” и двойные стандарты Запада » (sputnik.az): Հանդիպում են նաեւ Սերժ Սարգսյանին վարկաբեկող վերնագրեր՝ «Саргсян подражает Гитлеру» (haqqin.az), «Саргсян радикализует общество» (haqqin.az):

Հայկական ԶԼՄ-ներում ավելի հաճախ հանդիպող բառերից են՝ «քարոզչություն», ապատեղեկատվություն, սադրանք, խաղաղ բնակեցված տարածքներ, հաշտություն, հավաստի տեղեկատվություն: «Глава МИД Армении: Азербайджанская пропаганда  – прямое нарушение критериев ОБСЕ» (https://news.am/rus/news/ 18414.html), «Шармазанов: Подлая политика Азербайджана обречена на провал» (https://www.panorama.am/ru/ news/2016/10/29/_@<5=8O-(0@<070=>2-?>;8B8:0-_75@109460=-?@>20;/1668271): Չնայած երկու կողմերն էլ գտնվում են տեղեկատվական պատերազմում՝ ի տարբերություն ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հայկական կայքերը վարում են ոչ զանգվածային հակաադրբեջանական քարոզչություն. չկա համակարգված քարոզչական արշավ: Հայկական ԶԼՄ-ները երբեմն չեն անդրադառնում առաջին հայացքից չնչին թվացող ադրբեջանական քարոզչության դրսեւորումներին:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ հայկական կողմը պետք է ավելի ուշադիր գտնվի ադրբեջանական քարոզչության նկատմամբ եւ գրագետ պատասխաններ տա նրանց կողմից կոպիտ ու ոչ պրոֆեսիոնալ քաղաքականությանը: Հայկական քարոզչության լավ օրինակներից մեկը կարելի է համարել https://azerichild.info/ կայքը: Վերջինս ստեղծվել է այն նպատակով, որպեսզի ցույց տա, թե ինչպես է ադրբեջանական կողմը ադրբեջանցի երեխաների շրջանում հայերի հանդեպ թշնամություն եւ ատելություն սերմանում: Կայքում տեղադրված են ասացվածքներ, ադրբեջանական դասագրքերի լուսանկարներ, մանկական երգեր եւ հեքիաթներ, որոնք բեմականացվում են երեխաների միջոցով:

Ադրբեջանական քարոզչության վերջին անհեթեթ եւ ծիծաղաշարժ երեւույթներից մեկն է Դաշքեսանի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ահադ Աբիեւի աղմկահարույց արարքը: Վերջինս Ադրբեջանի պետական դրոշի օրվան նվիրված միջոցառման ժամանակ բռնցքահարվածով կոտրել էր թիթեղից պատրաստված Կոլումբիայի դրոշը՝ շփոթելով այն Հայաստանի դրոշի հետ: Այս պատահարը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական քարոզչությունը հասնում է այն աստիճանի, որ անգամ Կոլումբիայի դրոշը ասոցացվում է հայկական եռագույնի եւ թշնամու՝ հայերի հետ:

Չնայած նրան, որ ադրբեջանական կողմը ամեն կերպ մեղադրում է հայերին Խոջալուում կատարված դեպքերի համար, հայկական կողմը համատեղ ուժերով ստեղծել է xocali.net կայքը՝ հիմնված իրական փաստերի վրա, որը հերքում է ադրբեջանցիների կողմից տարածվող տեղեկատվությունը:

Նման հայկական կայքերը հասանելի են մի քանի լեզուներով: Դրանք պետք է ավելի մեծ տարածում ունենան ոչ միայն հայերի շրջանում, այլ նաեւ ընդհանուր տեղեկատվական դաշտում:

Որքան էլ, որ հայկական կողմը ադրբեջանական քարոզչությունը համարում է անարդյունավետ, այնուամենայնիվ, այն իր ուժեղ ազդեցությունն է ունենում առաջին հերթին հարեւան պետության վրա: Այդ իսկ պատճառով հայկական կողմը պետք է ավելի զգոն լինի եւ կարողանա դիպուկ հակահարվածներով դիմադրել ադրբեջանական ապատեղեկատվությանը: Այսպիսով, Հայաստանում պետք է լուրջ պատասխան տրվեր հայկական դրոշը վարկաբեկողներին ու պղծողներին, տվյալ երեւույթը ծիծաղի առարկա դարձնելու փոխարեն:

Բացի այն, որ Ադրբեջանի պետական քարոզչությունը արդյունավետ ազդեցություն է ունենում իրենց հասարակության գիտակցության վրա, այն նաեւ ուղղված է համաշխարհային ասպարեզում Հայաստանի կերպարի վարկաբեկմանը, հայոց պատմությունը խեղաթյուրելուն եւ Հայաստանին իրականությանը չհամապատասխանող փաստեր վերագրելուն:

 

ԼԻԼԻԹ ՍԱՐԿԻՍՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

28.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031