Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը Ամուլսարի հանքի մասին՝ «Դրա շահագործումը համապատասխանում է սահմանված միջազգային չափանիշներին»

Փետրվար 01,2017 21:21

«Իմ առաջին գերակայությունն էր բիզնես եւ առևտրային կապերի խորացումը մեր երկու երկրների միջեւ՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում: Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել եւ լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան»,-այսօր Հայ-ամերիկյան առեւտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառման ժամանակ իր ելույթում անդրադառնալով դեսպանատան՝ մեր երկրում  4 գերակա ուղղություններին, ասաց ՀՀ –ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Վերջին 2 տարիների ԱՄՆ ՄԶԳ գնահատումներով, ըստ դեսպանի, գյուղատնտեսության ոլորտում առկա է տնտեսական ու աշխատատեղերի ստեղծման նշանակալի ներուժ, եւ նաեւ այս ոլորտի զարգացումը գյուղական արտագաղթի կանխման ամենաարդյունավետ միջոցն է. սրանով նաեւ հիմնավորվում է հավելյալ միջոցների հատկացումն այս ոլորտին: Դեսպանը հիշեցրեց, որ  ԱՄՆ ՄԶԳ օգնել է ստեղծել գյուղատնտեսական ու անասնաբուժական ծառայությունների 6 նոր կենտրոններ, աջակցել է գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին՝ աջակցելով նրանց մասնակցությանը տեղական ու միջազգային առեւտրային էքսպո-ցուցահանդեսներին եւ փառատոններին, օգնելով ձեւավորել գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնք նպաստում են տեղական տնտեսության խթանմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը.

«Այս աշխատանքների շնորհիվ միայն անցած տարվա ընթացքում հիմնվել են 41 նոր ընկերություններ եւ բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ից հավելյալ ֆինանսավորում են ստացել 41 ստարտափ ընկերություններ, իսկ գյուղական բնակավայրերում ստեղծվել են ավելի քան 650 հիմնական ու ժամանակավոր աշխատատեղեր»: Դեսպանատունը, ինչպես ասաց Միլսը, աջակցություն է ցուցաբերում  նաեւ գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ոլորտներում:

«Տնտեսությանն ուղղված գերակա ուղղության շրջանակում ես առանձնացրել էի ուղղակի գործարար կապերի խորացումը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, ուրախությամբ ուզում եմ փաստել վերջին տարվա ընթացքում այստեղ գրանցված զգալի առաջընթացը: 2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, եւ այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում եւ առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էներգահամակարգում:

Բացի այդ, «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար եւ նաեւ առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ: Մինչ այդ, ԱՄՆ-ի հետ առնչվող մեկ այլ ընկերություն՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», 2016թ. սկսեց Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները: 2018-ին Ամուլսարը, թերեւս, կլինի բաժնետիրական կապիտալում կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, իսկ 2016-18թթ.շինարարական աշխատանքներին կուղղվի շուրջ 370 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1.300 աշխատատեղեր կլինեն, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի:

Ես ուրախությամբ ուզում եմ փաստել, որ առաջին անգամ Հայաստանում եւ հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է Բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատում Ամուլսարի վերաբերյալ, որը լիովին համապատասխանում է Համաշխարհային բանկի եւ Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած ստանդարտներին: Առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» եւ «Լիդիանի» կողմից ներդրումները կկազմեն կես միլիարդ ԱՄՆ դոլար: Երկու ընկերությունն էլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրինակելի մոդել են՝ տեղական համայնքների հետ իրենց աշխատանքի միջոցով, եւ դրա հետ մեկտեղ նրանք նաեւ խրախուսել են այս մշակույթի զարգացմանը հայկական ընկերությունների շրջանում»,-ասաց դեսպանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728