Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատարակելը մի բան է, ընթերցելուն խանգարելը` այլ խնդիր

Փետրվար 02,2017 15:49

 Հեղափոխական հրատարակչի «դեղատոմսը»

«Անտարես» հրատարակչությունը Հայաստանում հեղափոխական է համարվում, որովհետեւ քայլում է չտրորված արահետով ու իրականացնում ձեռնարկներ, որոնք առաջին հայացքից իրատեսական չէին թվում: «Անտարես» հոլդինգի հիմնադիր եւ նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ թարգմանել են լավագույն գործերը, որպեսզի Հայաստանում մտքի դիսկուրս լինի:

«Բացի աշխարհի լավագույն գրականությունը հայերեն հրատարակելուց, «վերածնել» ենք մարդ, որը գուցե վաղը Նոբելյան մրցանակ ստանա: Միջավայր ենք ստեղծել, որ Հայաստանը ծնի աշխարհի հետ խոսող գրող: Գուցե մի փիլիսոփա վաղը գրող դառնա, կամ բանկում աշխատող երիտասարդը սկսի հրատարակել իր գործերը: Բայց որպեսզի այդ ամենն իրագործվի, նախ պետք է ընթերցող դաստիարակել: Պետք է դիտարկել զարգացած երկրների չափանիշները: Օրինակ` Գերմանիան կարողացավ իր լեգենդը Մյունհաուզենի մասին իրագործել եւ որ ճահճից իր մազերից բռնած դուրս եկավ: Սա գրականության միջոցով մատուցված ծրագիր էր, որ իրագործեց գերմանացի ժողովուրդը» ,- տպավորիչ օրինակ է բերում հայաստանցի հրատարակիչը: Նա փաստում է, որ մինչեւ 1959 թվականը Գերմանիան, չնայած 24-ժամյա աշխատանքային ռեժիմին, հետ էր մնում, օրինակ` Անգլիայից: «1959 թ Գերմանիան մտցրեց ընթերցանության մրցույթ բոլոր կրթօջախներում, իսկ 1987-ին արտահանման ծավալներով դարձավ աշխարհում առաջիններից մեկը»,-հավելում է մեր զրուցակիցը: Մեկ ուրիշ օրինակ էլ է բերում, ժամանակին իր տնտեսության տեմպերով մտահոգ Չինաստանում մի ուսումնասիրություն են իրականացրել, ավելի շուտ սոցհարցում են անցկացրել ամենաառաջատար ընկերությունների հիմնադիրների հետ` Sony, Microsoft, Mitsubishi եւ այլն:

«Ավելի քանի 100 հարց է ներառված եղել հարցաշարում, ստացվել էին տարբեր պատասխաններ, բացառությամբ հետեւյալ հարցի` ի՞նչ եք կարդացել մանկապատանեկան տարիքում: Այդ հարցի պատասխանը եղել է` ֆանտաստիկ գրականություն: Իսկ ի՞նչ ենք անում մենք`հայերս: Հայաստանի բոլոր դպրոցներում վաղուց անցկացնում ենք ընթերցանության օլիմպիադա: Ցավոք, Հայաստանում ոչ միայն խնդիր ունես, որ անհատը կարդա, այլեւ շրջապատը չխանգարի ու խրախուսի, որ անհատը կարդա: Դրա համար դպրոցի հաղթող աշակերտին «ՌԵՍՈ» ապահովագրության կողմից անվճար ԱՊՊԱ է տրվում: Ստացվում է, որ ոչ մի այլ աշակերտ չի կարողանում իր հոր մեքենայի կամ ընտանիքի առողջության ապահովագրության հարցը լուծել, իսկ 6-րդ դասարանցի հաղթող աշակերտին դա հաջողվում է: Սա նշանակում է, որ շրջապատի համար նա դառնում է հերոս, իսկ գիրքը` բարգավաճման միջոց: Չինական օրինակով չունենալով հզոր ռեսուրսներ` Հայաստանի համար համապատասխան հետազոտություն կատարելու համար , մենք հայերեն հրատարակում ենք աշխարհի լավագույն ֆանտաստիկ գրականությունը, ստեղծում ենք անհրաժեշտ ինստիտուտները, որոնք չկան`սկսած գրախանութներից, տարածման ցանցից, գրական գործակալի ինստիտուտից, հայ գրականությունը խրախուսող հիմնադրամից եւ այլն: Այս ամենը մենք կառուցել ենք, ստեղծել ենք առաջին գրական գործակալությունը, հայ գրականության զարգացման հիմնադրամը, որը հայ գրողների առնվազն 10 գիրք խրախուսել է արտասահմանում հրատարակելու համար, առաջինն էինք, որ վճարեցինք ու արտաքին գովազդում գիրք պատկերվեց: Սրանք հրատարակչի գործեր չեն, ու գուցե ամպագոռգոռ հնչի, բայց արվածը իսկապես ռեֆորմիստի գործ էր, իսկ ռեֆորմներն իրականացնելու ժամանակ միշտ լինում են խանգարողներ»,-հայտարարում է Արմեն Մարտիրոսյանը:

 Հրատարակչի հիմնական խոչընդոտը իներցիան է

Նա պնդում է, որ հայաստանցի հրատարակիչներին հիմնականում խանգարում է իներցիան, որը լատիներենից թարգմանաբար ծուլություն է նշանակում: Ասում է` մարդն ի բնե ծույլ է, եւ եթե ծույլ չլիներ, հեռակառավարման վահանակ չէր ստեղծի: Նա նաեւ հայտարարում է, որ ծուլության բոլոր անդրադարձերն «Անտարեսն» իր վրա զգում է, ու «սպիտակ ագռավ» է ընկալվում, երբ կարողանում է անել ավելին, քան, դիցուք, մի ամբողջ գրականության ինստիտուտ: «Մենք հրատարակել են Գուրգեն Մահարու 15 հատորյա ժողովածուն: Մենք հանդգնել ենք 3 տարում կատարել մի աշխատանք, որը կաներ մեր գրականության ինստիտուտը 40 տարում: Իսկ ինչքա՜ն ռեսուրս է ծախսել պետությունը մեր գրականության ինստիտուտի վրա, մինչդեռ Գուրգեն Մահարու ակադեմիական հրատարակման գործում, որ մենք ենք արել, պետությունը մեկ լումա անգամ չի ծախսել: Նման բաներից հետո մեր հասարակությունը կարող է մտածել`իմ ինչի՞ ն է պետք այս վատ կառույցը… Ես չեմ ասում թե գրականության ինստիտուտը չլինի, բայց պետք է ձեւափոխվի: Հիմա անդրադառնանք գրահրատարակչության գործակալությանը, որը ժամանակին Հայաստանի ներկայիս գրողների միության նախագահն էր ղեկավարում: 10 եւ ավելի տարիներ այդ գործակալության միջոցով պետպատվեր էր իրականացվում եւ Հայաստանում լիքը գրքեր էին հրատարակում, որոնք ի վերջո գնում-մեռնում էին Գիրք կոլեկտոր սովետական հասկացության մեջ: Ի՞ նչ է նշանակում գրքեր կան, որոնք ընթերցողին չեն հասել: Դա նշանակում է, որ դրանք կամ պետք չեն ընթերցողին, կամ ինչ-որ ձեւով խնդիր է առաջացել, որ չեն հասել հասցեատիրոջը: Անձամբ ես կարծում եմ, որ այդ գրքերը ստեղծվել են ոչ թե ընթերցողի համար, այլ փողը ստանալու դիմաց: Ստացվում է, որ ընդամենը տպագրակույտ է արտադրվել, որը պահեստավորել է իմ համաքաղաքացիների վճարած հարկերով: Դրան գումարած ինչքան ծառ է կտրվել, ինչքան էներգիա է ծախսվել, որ շրջափակված Հայաստան բերվի այդ թուղթը, էլ չասեմ, որ բնությունն ավերելը մեղք է ողջ մարդկության հանդեպ»,-փաստում է մեր զրուցակիցը:

Նրա ձեւակերպմամբ, իրենք նախ եւ առաջ պայքարում են ծուլության ու տգիտության դեմ, ու չեն ցանկանում, որ սովետական շորշոփը կրող ավագ սերնդի նման երիտասարդությունն էլ փչանա:

 Հրատարակչության մասին օրենք չունենալը հրատարակչի օգտին է

«Անտարես» հոլդինգի նախագահը փառք է տալիս Աստծուն, որ Հայաստանում չկա հրատարակչության մասին օրենք, ասում է մի քանի անգամ փորձել են գրանտները մսխելու դիմաց նման օրենք գրել, բայց ապարդյուն: «Մենք ունենք Քրեական օրենսգիրք, որը հստակ սահմանում է, թե երբ հրատարակչական գործը կարող է վնասել, դա ֆաշիզմի տարածումն է, պոռնոգրաֆիան եւ այլն: ՀՀ Սահմանադրությունն էլ ասում է, որ ցանկացած տիպի գրաքննություն արգելված է Հայաստանում, մինչդեռ իրականում մեր երկրում սարսափելի մեծ գրաքննություն կա: Իսկ ինչպե՞ս է դա արտահայտվում. այո, ցանկացած մարդ կարող է խոսել, գրել ու նկարել, ինչ ուզում է, բայց երբ տիրաժավորման ու մեծ լսարանի մասին է խոսքը գնում, այդտեղ էլ ծագում է խնդիրը: Դու երբեք հեռուստատեսությամբ չես կարող ասել այն, ինչ նկարել ես, չես կարող հնչեցնել քո ազատ միտքը: Կամ գուցե այն ձեւականորեն հեռարձակվի փոքրիկ լսարան ունեցող ալիքով, որպեսզի Եվրոպական կառույցներին ասեն, որ Հայաստանում չկա գրաքննություն»,-նշում է Արմեն Մարտիրոսյանը: Խոստովանում է, որ որպես հրատարակիչ ճնշումների ինչ-ինչ փորձեր եղել են, օրինակ` ուժային կառույցներից զգուշացրել են, որ ընդդիմության քարոզչաթերթիկներ չհրատարակեն: Բայց, նրա ձեւակերպմամբ, ավելի խորը խնդիր կա. «Ինչպես պոետն էր ասում` Հայաստանում այնպիսի գաղջ մթնոլորտ է, որը թույլ չի տալիս ընթերցել: Ես կարող եմ հրատարակել ամեն ինչ, բայց արված է այնպես, որ ընթերցողը չգնի իմ արտադրանքը: Մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ից հետո (այդ օրը նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ընթացքում բախումներ եղան ոստիկանության եւ ընդդիմության միջև, 10 մարդ զոհվեց, 200 մարդ վնասվածքներ ստացավ) Հայաստանում ապատիա է տիրում: Մարդիկ հուսալքված են, գերհոգնած, մամուլն էլ խոսում է խնդրի մասին, բայց թունելի վերջում լույս չի ցույց տալիս: Այս մթնոլորտում դժվար թե գիրք կարդալու մեծ ցանկություն լինի»:

Կենցաղը և ընթերցանության մշակույթը

Խոսելով մեր երկրում ձևավորված ընթերցանության մթնոլորտի մասին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես ՏերՎարդանյանն առավելապես հասարակության սովորությունից բխող խնդիրներ է ընդգծում. ընթերցանության մշակույթ, որ ձևավորվում է մարդկանց ամենապարզ կենցաղում, որտեղ զբաղմունքները կարող են փոխարինել, զուգորդել կամ հաջորդել իրար:

«Ընթերցանությունը պետք է հասցնել ցանկալի մակարդակի, որն էլ կպայմանավորի գրքերի վաճառքի ցուցանիշը: Գիրքը քաղաքացու առօրյայի մաս պիտի կազմի: Սա է մեր ձգտման նշաձողը, որին հասնելու ճանապարհին և՛ պետությունը, և՛ մասնավոր հատվածը իրենց դերն ու անելիքներն ունեն: Իհարկե, միշտ էլ կարելի է վիճել՝ ում պարտականություններն ու քաղաքականությունն են առավել կարևոր և ճիշտ հասցեական: Գրամշակութային տարբեր միջոցառումներում և ծրագրերում հարկ է կենտրոն բերել գիրքը: Ընթերցանությունը պետք է դարձնել ժամանցը կազմակերպելու տարածված տեսակ՝ օգտագործելով հնարավոր բոլոր րոպեներն ու վայրերը: Եթե այլ երկրներում տրանսպորտում կարդացողների թիվն ավելին է, քան Հայաստանում, ուրեմն դեռ պետք է շտկումներով քայլենք գրքին ընդառաջ»,-կարծում է փոխնախարարը:

Ըստ նրա՝ գիրք կարդալը միայն նորաձև դարձնելով հնարավոր չէ ընթերցանության սանդղակը բարձրացնել. նախ պետք է բարելավել գրականության բովանդակությունն ու թարգմանությունների որակը:

Փոխնախարարը փաստում է` հրատարակիչ-գրող-ընթերցող շղթան ոչ միշտ է ներդաշնակ, օղակների միջև համագործակցությունը պետք է ավելի ամուր դարձնել: Բնական է՝ շուկան զարգացման ճանապարհ ունի անցնելու, դեռ զգալի են խորհրդային մոդելի հետքերը:

«Պետության քաղաքականությունը հրատարակչական ասպարեզում այս պահին փոփոխության շրջանում է: Եթե նախկինում մենք աջակցում էինք ժամանակակից գրականության հրատարակմանը, ապա այժմ միջավայր պետք է ստեղծենք, որ հրատարակիչն ինքը գտնի գրողին և հրատարակի առանց մշակույթի նախարարության աջակցության: Խնդիրներից մեկն էլ գրողներին ճանաչելի դարձնելն է, այսօր ստեղծագործում են գրողներ, ովքեր 10-15 գիրք ունեն, բայց հասարակությունը չի ճանաչում իրենց: Այլ հարց է, թե որքանով է նրանց գրականությունը լավ կամ վատ»,-փաստում է զրուցակիցը:

Նաև հավելում է, որ ներկայում այնպիսի ծրագրեր են մշակում, որոնք ստեղծագործողներին հնարավորություն կտան իրենց գործերը ներկայացնել ընթերցողին և հրատարակչին: «Գրահրատարակչական բիզնեսը շատ երկրներում ավելի լավ վիճակում է: Անգլալեզու կամ այլալեզու գրականության պարագայում «դրսում» մի քանի անգամ ավելի մեծ է շուկան, ընթերցողների թիվը բազմապատիկ անգամ ավելի է: Սա պատճառ է, որ հրատարակվող գրքերի տպաքանակներն էլ շատ լինեն՝ թելադրելով գնի մատչելիություն և վաճառքի շահութաբերություն: Մեր հրատարակիչներին չենք կարող մեղադրել գրքերի բարձր գնի պատճառով, որովհետև իրենք մրցում են ռուսերեն կամ անգլերեն գրականություն հրատարակողների հետ, որոնցից գիրքը գնում և ներմուծում է հայաստանյան գրախանութը»,- կարծում է Ներսես Տեր-Վարդանյանը:

Նրա պնդմամբ հրատարակիչները երբեմն հայացքի նորակերտման ու երևույթներին նայելու դիտանկյունի փոփոխության կարիք ունեն, քանի որ երբեմն պետությունից ակնկալում են բաներ, որ իրենց գործառույթների բաղադրիչ են: «Ոլորտին սթափ նայելիս մոդելի վերանայման անհրաժեշտություն ենք տեսնում, ինչը ռիսկեր է ենթադրում: Դա նշանակում է, որ գրողները ինչ-որ շրջան հնարավոր է քիչ պարբերականությամբ հրատարակվեն, բայց այդ նույն շրջանում հրատարակիչների հետ նրանց համագործակցությունը նոր հուն կմտնի, հրատարակիչները նոր մեթոդներով կգնահատեն գրողներին, ու արդյունքում շուկան նոր սկզբունքներով կաշխատի»,-համոզված է մշակույթի նախարարի տեղակալը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728