Լրահոս
Օրվա լրահոսը

«Բելառուսների հետ դահուկ քշելը կարելի է շարունակել, բայց քաղաքական հարաբերությունները պետք է վերանայվեն». Աշոտ Մելիքյան

Փետրվար 08,2017 16:57

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնումը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը համարում է վատ նախադեպ, որի դեմ պետք է պայքարել միջազգային մակարդակով:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մելիքյանն անընդունելի համարեց լրագրողի նկատմամբ նման հաշվեհարդարը. «Փաստորեն, Բելառուսի գերագույն դատարանը իրավական տեսք տվեց այն որոշմանը, որը կայացրել էր երկրի նախագահ Լուկաշենկոն: Սրանով ևս մեկ անգամ ընդգծվեց, որ այդ երկրում նույնպես դատական համակարգը իշխանությունների, մասնավորապես նախագահի և գործադիր իշխանության կամակատարն է : Այդ իրավիճակը հետխորհրդային երկրներին բնորոշ է, ինչը Բելառուսում մեկ անգամ ևս արտահայտվեց»:

Ըստ պարոն Մելիքյանի՝ փաստորեն, ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով, ոտնահարվում է խոսքի ազատութունը և մարդու ազատ տեղաշարժման իրավունքը: «Առիթ եմ ունեցել ասելու, որ լրագրողը, բլոգերն ինքն է որոշում որ երկիր գնալ, որ տարածքում ինչ ինֆորմացիա հավաքել ու ինչպես մատուցել» , – նշեց Աշոտ Մելիքյանը:

Մեր հարցին՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլերի պետք է դիմեն Հայաստանն ու ԼՂՀ-ն, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Ամեն ինչ պետք է արվի, որ արտասահմանցի լրագրողներն, այնուամենայնիվ, այսուհետ եւս գան Հայաստան և ԼՂՀ, լուսաբանեն իրավիճակը: Ժամանակին կիրառվող մեթոդը, երբ  արտասահմանից լրագրողական դեսանտներ էին հրավիրվում, լավն էր»:

Աշոտ Մելիքյանը մտահոգություն ունի, որ Լապշինի հետ տեղի ունեցածը որոշ զգուշավորություն կարող է առաջացնել արտասահմանցի լրագրողների մոտ, բայց միևնույն ժամանակ պարոն Մելիքյանը շեշտեց, թե լրագությունը խիզախների մասնագիտություն է, և այդպիսիք կլինեն ցանկացած երկրի լրագրողական համայնքում: ԽԱՊԿ նախագահը համոզված է, որ Բելառուսի գործողություններին հակազդել է պետք ազատ մամուլի, ազատ լրագրողների գործունեության աջակցման ակտիվացմամբ:

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ ԱԳՆ-ն, պարոն Մելիքյանն արձագանքեց. «Այստեղ պետք է ակտիվ գործողություններ կիրառել: Ամբողջ գործիքակազմը, կարծում եմ, հայտնի է ԱԳՆ-ին: Շատ երկար հապաղել չարժի, հայտարարություններով միգուցե իմաստ չունի սահմանափակվել և նույն ԵՏՄ շրջանակներում, Հայաստան-Բելառուս երկկողմ հարաբերություններում պետք է ազդեցություն ներգործվի: Ադրբեջանի հետ կարծես մի քիչ ավելի բարդ է, քանի որ որևէ հարաբերություն չկա, բայց պետք է ցույց տալ, որ, այնուամենայնիվ, մարդու իրավունքները շատ ավելի կարևոր են, եւ քաղաքական նպատակներով նման դեմարշ անել չի կարելի»: Հիշեցրինք, թե ժամանակին Բելառուսի նախագահի հետ Ռոբերտ Քոչարյանը դահուկ էր քշում, հայ-բելառուսական կենտրոն է բացվել Հայաստանում, հետևաբար ինչու՞ չեն աշխատում այս կապերը, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Դրանք ժողովրդական, միջմարդկային շփումներ են, բայց պետք է պետական մակարդակում ազդեցություն ունենալ: Դահուկ քշելը Լուկաշենկոյի հետ կարելի է շարունակել, բայց իրենց ԱԳՆ-ի, իրավապահների հետ հարաբերությունները պետք է շտկվեն ու որոշ քայլեր ձեռնարկվեն»: Այս առիթով Աշոտ Մելիքյանը հիշեց Լուկաշենկոյի այն արտահայտությունը, թե ոչ մի հիմք չկա Լապշինին չարտաքսելու և արձագանքեց. «Միանգամից ուզում ես պատասխանել, թե հիմքը հենց մարդու հիմնարար ազատութուններն են և ՄԱԿ-ի հռչակագիրը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին: Ձևական իրավական բնույթը, որ այս ամենին տվեցին՝ գերագույն դատարան հասցնելով, միջազգային հանրությանն ամենևին չի համոզում»:

Նշենք, որ տեղեկություն կա այն մասին, թե Ադրբեջանում գտնվելու 3,5 օրերի ընթացքում Լապշինը մտադրված է եղել այցելել նաեւ Նախիջեւան, սակայն դա նրան չի հաջողվել տվյալ օրվա Բաքու-Նախիջեւան չվերթը չեղյալ համարվելու պատճառով։ Փաստորեն, Լապշինի պատմությունը գուցե նման զարգացում չունենար, եթե չվերթը չեղյալ համարող ադրբեջանական ավիաընկերությունը նույն օրը վերադարձներ Լապշինի գնած տոմսի արժեքը՝ 77 մանաթը (մոտ 40 ԱՄՆ դոլար), ինչը չէր արվել։ Շուրջ երեք ամիս Լապշինն այդ գումարը պահանջել է, բայց ապարդյուն, որից հետո ողջ պատմությունը նկարագրել է իր բլոգում՝ դժգոհություն եւ զայրույթ հայտնելով «Ալիեւին պատկանող ավիաընկերության նկատմամբ»՝ շեշտելով՝ առաջին անգամն է, որ իր տոմսի արժեքը չեն փոխհատուցում քաղաքական պատճառով: Գրառման հաջորդ օրը, ի զարմանս բլոգերի, ավիաընկերությունը փոխհատուցել է տոմսի արժեքը։Պարոն Մելիքյանին հարցրինք՝ գուցե Լապշինի այս քա՞յլն է նաև պատճառ դարձել, որ նրա նկատմամբ այդպիսի վերաբերմունք ցուցաբերվի: Նա պատասխանեց. «Լրագրողը և բլոգերն ինքն է որոշում ուր և երբ գնալ: Հաթաթայով կարծես չի կարելի լուրջ իշխանություններին նման գործողության դրդել: Ի վերջո զգացվում է, որ նախագահի մակարդակով Ադրբեջանում խորը վիրավորանք են ապրում և ուզում են հաշվեհարդար տեսնել լրագրողի նկատմամբ: Սա միջնադարյան մտածելակերպի տպավորություն է թողնում: Լուրջ իշխանությունը, լուրջ քաղաքական գործիչը վեր է կանգնում այդ ամենից և ամենապակասը արհամարհում է, կամ գոնե խոսքին պատասխանում խոսքով: Իսկ որ պետական մակարդակով ընկնեն լրագրողի հետևից, հաշվեհարդար տեսնեն, դա անընդունելի է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728