Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ի հետ մեր համագործակցությունը շատ արդարացված էր»

Փետրվար 16,2017 16:00

ՀԱԿ-ը չի ընդունում, որ իրենք սխալվել են
ԲՀԿ-ի հարցով ու հիասթափեցրել մարդկանց

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Առավոտի» հետ զրույցում մեր դիտարկմանը, որ նախորդ ընտրություններից ի վեր ձեզանից շատ ուժեր անջատվեցին, ավելի, այսպես ասած, մերկացաք՝ արձագանքեց. «Իսկ ինձ թվում է՝ անջատվողները մերկացան»:

Նա չհամաձայնեց, որ ՀԱԿ-ի դիրքերը հիմա ավելի թույլ են, քան նախորդ ընտրություններում. «Ո՞վ ասաց, որ ավելի թույլ են, ինչո՞ւ, որովհետեւ ինչ-որ մարդիկ հեռացե՞լ են՝ չդիմանալով գայթակղություններին, չդիմանալով…»:
Մենք հիշեցրինք, որ ՀԱԿ-ի սխալները նույնպես կարող էին թուլացնել իրենց դիրքերը, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը հիշեցրինք 2012-ի մայիսի 3-ին Ազատության հրապարակի իր ելույթում, թե արդար ընտրություններով անկեղծ հետաքրքրված են միայն 3 քաղաքական ուժեր՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: Այսօրվա իրադրության հետ մարդիկ համեմատում են, տեսնում են՝ որտեղ է ԲՀԿ-ն, որտեղ է ՀՅԴ-ն, ու հասկանում են, թե ինչքան է ժամանակին սխալվել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս առնչությամբ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Այդ պահին այդպես էր: Այդ պահին մենք միասին գործ էինք անում»:

Մեր դիտարկմանը, որ սխալ հաշվարկով գործ էր՝ պարոն Զուրաբյանը հակադարձեց, թե ի՞նչն էր սխալ:

Կյանքը ցույց տվեց, որ ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի «սիրավեպը» ահագին աղճատեց ՀԱԿ-ին, քայքայեց, իսկ ՀՅԴ-ն էլ իշխանության հետ կոալիցիա կազմեց, երկուսի դեպքում էլ դուք սխալվեցիք, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի հետ մեր համագործակցությունը շատ արդարացված էր, որովհետեւ այլ կերպ իշխանափոխության խնդիր դնել հնարավոր չէր: 2011-ից հետո դա ակնհայտ էր, որ Կոնգրեսը միայն իր ուժերով իշխանափոխություն չի կարող կատարել: Եվ քանի որ նման նպատակ ուներ իր առջեւ, նա դրեց նաեւ այն նպատակը, որ իշխանության ճամբարը պառակտվի, որի նշաններն արդեն կային, եւ իշխանության ճամբարը թուլացվի: Եվ դա կատարվեց:

Մի մոռացեք, որ դա երկարատեւ պրոցես էր եւ մի քանի տարի շարունակ թույլ տվեց ընդհանուր ճակատով հանդես գալ պառլամենտում, կարեւորագույն ակցիաներ կատարել: Եթե հիշում եք, մենք 4 ֆրակցիաներով ըստ էության փոխեցինք պատկերը պառլամենտում, մենք սկսեցինք ինչ-որ բաներ թելադրել, սկսեցինք շատ ծանր վիճակի մեջ դնել մեծամասնությանը, Սահմանադրական դատարան դիմել, արտահերթ նիստեր հրավիրել եւ այլն: Այսինքն՝ օգտագործել բոլոր այն անհրաժեշտ լծակները, որոնց համար անհրաժեշտ էր պատգամավորների 1/3-ը կամ 1/5-ի ձայները: Իսկ դա շատ կարեւոր հանգամանք էր: Մենք խնդիրներ ունեինք լուծելու:

Այդ խնդիրները ո՞նց էինք լուծելու, եթե չունենայինք պատգամավորական այդ աջակցությունը: Ես կարծում եմ, որ եթե անգամ դա չլուծեց իշխանափոխության խնդիրը, շնորհիվ այդ պրոցեսների, շնորհիվ այդ հարցապնդումների մենք կարողացանք բացահայտել իշխող ռեժիմի հանցագործությունները, խնդիրները, գազի պարտքը, հազար ու մի բացահայտում արեցինք: Այդ ամեն ինչը եղավ շնորհիվ այդ համագործակցության, ո՞նց եք ասում՝ դա արդյունք չի տվել: Արդյունք չի տվել միայն իշխանափոխության հարցում, բայց հասարակական մթնոլորտը փոխելու, իշխանությանը մերկացնելու նպատակով այդ ամեն ինչը գործեց, ո՞նց կարող եք ասել՝ չի գործել: Եթե հիմա չի գործում, եւ արդեն այլ բալանս է, դա ինքնին չի նսեմացնում անցյալում եղած այդ համագործակցությունը, որը տեւեց տարիներ: Մենք տարիներ շարունակ միասնաբար կռվել ենք, ժողովրդի հույսը վառ ենք պահել»:

Մեր դիտարկմանը, որ հետո հիասթափեցրել եք, դա՛ էլ ասեք, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Հիասթափեցնողները թող պատասխան տան: Մենք չենք հիասթափեցրել, մենք միշտ էլ մնացել ենք պայքարի դիրքերում: Հիմա էլ ենք այդպես: Ով դուրս է եկել պայքարից, գնացեք այդ հարցն իրեն տվեք, բայց երբ որ այդ նույն մարդիկ պայքարում էին մեզ հետ, մենք իրենց ձեռքը չէինք մերժում, մենք ասում էինք հակառակը՝ մենք ողջունում ենք, եկեք միասին պայքարենք: Այսօր էլ, միշտ էլ այդպես է լինելու: Ով պատրաստ է պայքարել, նրանց հետ մենք համագործակցելու ենք»:

Հարցին՝ նույն գետը երկու անգամ կմտնե՞ք, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Հիմա եթե դու շարունակում ես ապրել, շարունակում ես պայքարել, դա նշանակում է, որ դու նույն գե՞տն ես մտնում երկու անգամ: Չի՛ նշանակում: Մենք ասում ենք՝ մենք կռվում ենք, մենք շարունակում ենք պայքարել, շարունակում ենք հետապնդել Հայաստանը լավ պետություն դարձնելու նպատակը: Չշարունակե՞նք»:

 

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

15,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728