Լրահոս
Օրվա լրահոսը

Զվարճանալուց եւ նվնվալուց բացի

Փետրվար 17,2017 10:19

Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչի է վերածվելու ընտրարշավը: Ինչպես ասում են իմ երիտասարդ գործընկերները՝ «Գնանք Շմայսին, Վարդանիկին, Ճոյտին խոսեցնենք, հետո վրեքները ղժժանք»: Իհարկե, այդ «պերսոնաժներն» իրենց մտքերով եւ բառապաշարով դրա համար բազմաթիվ առիթներ են տալիս, բայց այդ «ղժժալու» տրամադրությունը, մեղմ ասած, չի համապատասխանում մեր առջեւ դրված մարտահրավերներին: Դրանց մասին էլ է խոսվում, բայց՝ զուտ «մեղադրական թեքումով»՝ տեսեք, սիրելի ժողովուրդ, թե ինչ են քեզ հետ արել: Իրականում այդ երկու, պայմանականորեն ասած՝ «զվարճալի» եւ «նվնվան» բեւեռների արանքում կա նաեւ սառը դատողություններ անելու դաշտ, որը հիմնականում ազատ է մնում: Երբեմն լսվում են սթափ ձայներ, ինչպիսին է իմ բարեկամ Վահե Հովհաննիսյանի ձայնը, որը, ցավոք, հրաժարվեց առաջադրվելուց: Բայց կարեւորը նույնիսկ որեւէ մեկի առաջադրվել-չառաջադրվելը չէ, կարեւոր է, թե ով ինչ խնդիրներ է առաջադրում եւ ինչ լուծումներ է տեսնում:

Կուսակցությունները եւ առանձին թեկնածուները (բացառությամբ ՀԱԿ-ի) պատրաստ չեն լրջորեն խոսելու Արցախի խնդրի մասին: Իշխանությունն ասում է, որ պետք է բանակցել, բայց «մենք երբեք չենք գնա միակողմանի զիջումների», ընդդիմադիրների մեծ մասն էլ ասում է՝ «մինչեւ այս իշխանությունը չհեռանա, Արցախի խնդրի մասին խոսելն անիմաստ է»: Երկուսն էլ, թույլ տվեք ասել, դատարկաբանություն է, օդի անիմաստ ցնցում: Ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը իրենց այնպես են պահում, կարծես չեն հասկանում, որ վաղը, մյուս օրը, մեկ շաբաթից կամ մեկ ամսից լինելու է առնվազն «4-օրյա պատերազմի» նման բախում: Այս պայմաններում չափից դուրս զվարճանալը կամ նվնվալը կարծես թե այնքան էլ տեղին չէ:

Երկրորդ մարտահրավերը տնտեսությունն է: Եթե սեփականատերերի, ինչպես առաջ էին ասում՝ «մանր բուրժուաների» թիվը մոտ ժամանակներս չբազմապատկվի, մենք կկորցնենք դիմադրողականությունը, այդ թվում նաեւ՝ անվտանգության ոլորտում: Մանր սեփականատերերն են, իմ կարծիքով, ժամանակակից պետության հիմքը, մարդիկ, որոնք, ի տարբերություն վարձու աշխատողների, կորցնելու բան ունեն: Թողնել այդ մարդկանց հանգիստ, չխեղդել հարկելով՝ ահա թե ինչի մասին պետք է խոսեն քաղաքական գործիչները եւ ոչ թե տուրք տան՝ «մի հատ զավոդ կառուցեինք, աշխատեինք» ֆանտաստիկ ցանկություններին:

Եվ վերջապես, ես լրջորեն կմտածեի քաղաքական համակարգի մասին: Առաջին հայացքից թվում է՝ «էս նեղ մաջալին ի՞նչ քաղաքականություն»: Բայց դա հենց այսօրվա վիճակն է, երբ քաղաքականությունը վերածվել է փող բաժանելուն, տգետների` «ղժժալու» արժանի ճամարտակությանը եւ «լեզվանի» հռետորների կեղծավոր պոպուլիզմի: Եթե չլինի իրական քաղաքական պայքար, այսինքն՝ հասարակության տարբեր շերտերի շահերի համար օրինական հարթակ, ապա վաղը կհայտնվեն «Սասնա ծռերից» ավելի ծայրահեղական խմբավորումներ, որոնք կփորձեն իրենց նպատակներին հասնել անօրինական ճանապարհով:

…2013 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ նույնպես ամեն ինչ բավականին զվարճալի էր: Բայց այդ ընթացքն ընդհատվեց Պարույր Հայրիկյանի դեմ քստմնելի մահափորձով: Աստված մի արասցե՝ նման բան պատահի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կա գաղափարախոսության պակաս, փորձեմ երկու խոսքով իմ սիրողական մակարդակով որեւէ գաղափարախոսություն առաջարկել: Դրա համար որոշակի ցուցանիշներ են պետք հստակեցնել:

    Ա Մենք պետք է վերադարձնենք մեր հողերն ու մեր ժողովրդին:
    Դրա համար՝
    Ա Եթե Ա երկիրը գրավում է Բ երկիրը կամ իր նախկին տարածքները, այդ Ա երկրի ճանապարհները, գործող օրենքները, պաշտպանվածությունը, տնտեսական հարաբերությունները ու մնացյալ այլ արժեքներ պետք է ավելի լավն ու արդյունավետ լինեն, քան մինչ այդ Բ երկրում էր:
    Բ Հայ երկրում հայի համար զարգանալու, ինքն իր շնորհքներն իրացնելու հնարավորությունները պետք է լինեն ոչ պակաս, քան այն երկրում, որտեղ հիմա ապրում է:

    Սրա համար էլ պետք է հասկանանք, որ ստրուկ, անիրավ, նվաստացած քաղաքացին լինի, թե նվաստացած գյուղական թե քաղաքային պետական կառույցը, որի գլխին ՝վերեւից՝ բամփում են, չունենալով ոչ կառավարման համապատասխան գիտելիքներ, ոչ փորձ, ոչ էլ հնարավորություն այն ձեռք բերելու համար, լուրջ արտաքին մարտահրավերների ժամանակ, երբ այսօրվա հզոր կայսրություններում հաճախ կատարվող հեղափոխությունների հետեւանքով մենք դառնում ենք նրանց համար թշնամի, բնական է՝ նրանք էլ մեզ համար էն թշնամի դառնում, դրա համար մենք պետք է ունենանք իսկական բանակի նման արդյունավետ պետական համակարգ, մի խոսքով՝ ազգ բանակ գաղափարին կվայելեր բանակ պետություն գաղափարը, որտեղ գործում են ոչ միայն պետական պաշտոններ, այլեւ կոչումներ, շքանշաններ, համազգեստ, ուսումնական հաստատություններ, որտեղ սովորելուց ու կոչում ստանալուց հետո միայն կարող ես գյուղապետ դառնաս: Ինչքան շուտ մենք մասնագետ քաղաքացիներ ու պետական կառույցներ դառնանք, այնքան քիչ կորուստներ կունենանք մեր խելքը թռցրած բարեկամ թե թշնամի երկրների հետ կռիվներում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728