Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի շախն ու մատը

Փետրվար 18,2017 12:00

Բոլորն արդեն իսկ պարտված իրենց խաղով` դեմ չեն խաղը շարունակելուն

Զավեշտն ավարտվեց: Դաշինքները ձեւավորվեցին: Անսկզբունքայնության, ապաքաղաքական գործընթացների շքերթն ամփոփվեց: Որեւէ ուժի ինքնանպատակ կցվելու, որեւէ մեկի «տանիքի» տակ ծվարելու ակցիաները վերջապես հետեւում են: Առջեւում է ապագաղափարական «թեժ» պայքարը:

Արդեն բոլորի համար է պարզ, որ «ռեյտինգային» ընտրապայքարը (անգամ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչների միջեւ) լինելու է փողի պայքար, բայց ոչ երբեք քաղաքական-գաղափարական տեսակետների բախում: Կլաններն ու փողը կորոշեն «հաղթողներին»:

Թվում էր՝ այս ընթացքին կարող էին խանգարել ընդդիմությունների սկզբունքայնությունը, մթնոլորտ փոխելու մղումը, բայց… Բայց ինչ տարբերություն: Բացառությամբ «Ելք»-ի, քաղաքական դաշտի մաշված, հազար ու մի դաշինք մտած ու դուրս եկածները, դեռ մի քանի ամիս առաջ բարձր պաշտոններ զբաղեցրածները, կոնկրետ քաղաքական պատասխանատվություն կրածներն ու նրանց ժամանակին անխնա քննադատածները, ում հետ ասես աղոթածները միահամուռ ցուցադրում են գեղարվեստական խառնաշփոթի մասին ֆիլմ` «սնելով» հասարակությանը վեհ մտքերով` «այսպես այլեւս չի կարող շարունակվել», «հերիք եղավ», «ինչ անում ենք` ձեզ համար ենք անում, ժողովուրդ ջան»` այս ու այլ ծիծաղելի «արդարացումներով»:

Ի՞նչ կապ ուներ վերջին մի քանի շաբաթներին Հայաստանում տեղի ունեցածը քաղաքական գործընթացի հետ: Ոչ մի: Կուսակցությունները ցուցակներ կազմելու մարդաորսից ու փողոտների դաշինքին կցվելուց բացի՝ ոչնչով զբաղված չէին: «Քաղաքական ուժերը» եթե զբաղվեին իրական քաղաքական գործունեությամբ` այսօր քաղաքական պայքարի մեջ մտած չէին լինի նրանք, որոնք այսօր ընդամենը «ազգին են փրկում»` «մահ ռեժիմին» գոռալով, այլ պետք է որոշ հարցերի պատասխանեին: Երբեմնի իշխանավորը տարիներ շարունակ իր կատարածի ու չկատարածի պատճառների մասին պետք է խոսեր, իսկ երբեմնի ընդդիմադիրը` վճռորոշ պահին «քաղաքական էջը փակելու» պատճառների մասին:

Եթե «քաղաքական ուժերի» ներկայացուցիչները գաղափարական մարդիկ լինեին` պետք է Հայաստանի ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական, ժողովրդավարության վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեին, ցույց տային իրենց ու իշխանության տարբերությունը: Բայց ինչ հարկ կա, «սերտել» են ամենակարեւորը` ինչպես ճարպիկ լինել խոսքի «արհեստում»:

Իրենց իշխանության ժամանակ իշխանությունը չի փորձել վերարտադրվել, իրենց իշխանության ժամանակ քաղբանտարկյալ չի եղել, մամուլի նկատմամբ բռնաճնշումներ չեն եղել: Կարեւորը դրա մասին բարձրաձայնելն է, ու ամեն ինչ կարգին է:

Երբեմնի այլախոհն ու խորհրդային տարիներին հալածվածը պատրաստ է կանգնել նախկին կոմունիստի ու ներկայիս պուտինամոլի կողքին: Հետո մի օր երեկոյան հայտարարում է, թե իր ղեկավարած կուսակցությունը չի մասնակցի Հայաստանում տեղի ունենալիք «հերթական խեղկատակությանը», հաջորդ օրն առավոտյան ինքնակցվում է մի դաշինքի, ընդ որում` այլ դաշինքին ինքնակցվելուց չհաջողելուց հետո:

Մեկը հայտարարում է, թե իր դաշինքի «առաջնորդի» վրա որեւէ մեկը «ճնշում գործադրել չի կարող»` հրաշալի գիտենալով, որ ոչ վաղ անցյալում «անհասկանալի հանգամանքներում» առաջնորդը «քաղաքական էջ է փակել»` հասարակությանը թողնելով անորոշության մեջ:

Մյուսն այսօր խոսում է երկրում քաղբանտարկյալների առկայության մասին, բայց ամիսներ առաջ «Սասնա ծռերի» հայտնի դեպքերի ժամանակ հակաահաբեկչական խմբում էր` իշխանություն էր, ու վստահաբար տեղի ունեցածը համարում էր պետության նկատմամբ իրականացված քստմնելի ոտնձգություն: Եվ ընդհանրապես, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ՕՐՕ-ի փոխարեն առավել ազնիվ կլիներ կոչել «Սասնա ծռեր-2», քանի որ թե՛ Օսկանյանը, թե՛ Հովհաննիսյանը պաշտպանել են «ընդդիմադիրների» պայքարի նոր ձեւը` զենքով իշխանության տապալման մշակույթը քաղաքական դաշտ մտցնելը:

Ի՞նչ գաղափարական-սկզբունքային տարբերություններ ունեն «պայքարի» ելած քաղաքական ուժերը, փոքր բացառություններով, օրինակ` ԼՂ խնդրի կարգավորման, Հայաստանի արտաքին քաղաքականության, ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ վարած ու վարվող քաղաքականության եւ դրա հիմքում` Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները իրապես ռազմավարական դարձնելու, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության եւ այլ կարեւորագույն հարցերի վերաբերյալ: Խոշոր հաշվով` չունեն, բոլորը գիտեն, թե ինչի մասին չի կարելի խոսել, պետք է լռել ու լռում են:

Բոլորն էլ հստակ գիտակցում են, որ Սերժ Սարգսյանի իշխանությանը ոչինչ չի սպառնում ապրիլին կայանալիք ընտրություններում, եթե, իհարկե, ֆորս-մաժորներ չլինեն դրսից ձեւավորված հանգամանքներով` ապրիլի ընտրություններից հետո: Սերժ Սարգսյանը արել է իր քայլը ողջ քաղաքական դաշտին` շախն ու մատը, ու ստեղծվել է մի իրավիճակ, երբ խոշոր հաշվով բոլորին գոհացնում են նրա գծած խաղի կանոնները, բոլորն արդեն իսկ պարտված իրենց խաղում` դեմ չեն խաղը շարունակելուն:

Ինչպես կվարվի հասարակությունն ապաքաղաքական, ապագաղափարական այս մթնոլորտում ընտրություն կատարելիս… Սովորաբար, ընդունված է ասել, թե ամեն ժողովուրդ ունի այնպիսի իշխանություն ու ընդդիմություն, որին արժանի է: Թերեւս, այդպես է: Բայց չմոռանանք, թե ինչ դերակատարություն են ունեցել ու այսօր էլ ունեն «ընդդիմադիրներն» այդ մթնոլորտի ձեւավորման հարցում` իրենց ունեցած «ավանդով»:
Հայաստանի անկախության հաստատումից 25 տարի անց սա պետության, պետականության, ինքնիշխանության գիտակցում չունեցող «քաղաքական ուժերի» ու հասարակության երկիր է:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 17.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728