Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական խառնաշփոթ

Փետրվար 26,2017 12:00

Ինչքան Ազգային ժողովի ընտրությունների օրը մոտենում է, այնքան ավելի է բարդանում հայ ընտրողի խնդիրը՝ ու՞մ ընտրել: Սովորաբար պատգամավորի թեկնածուներին ընտրում են՝ նրանց տարբերությունները հաշվի առնելով, բայց այս առումով այս անգամ ընտրողների հնարավորությունները սահմանափակ են, որովհետև ընտրվողների մեծ մասը չափազանց նման են իրար՝ իրենց խոստումներով և գաղափարներով, եթե, իհարկե, դրանք գոյություն ունեն:

Մինչդեռ նմանությունները չափազանց շատ են: Մանավանդ՝ դաշինքների նմանությունները: Հենց թեկուզ այն հանգամանքը, որ մեր դաշինքներն ու կուսակցություններն իրենց գործերն ու ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին ամենավերջին պահին՝ փետրվարի 16-ին, արդեն շատ բան է ասում:

ՈՒրիշ շատ նմանություններ էլ կան, մանավանդ՝ չափազանց զարմանալի նմանություններ: Դրանցից ամենազարմանալին այն է, որ նախընտրական որոշ դաշինքներ ու կուսակցություններ չափազանց հեշտությամբ են բաժանվում իրենց թերևս լավագույն ներկայացուցիչներից: Այդպես ամենավերջին պահին Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ամենաերևելի անդամներից մեկը՝ Վահե Հովհաննիսյանը հանկարծակի հայտարարեց, որ չի մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին: Հովհաննիսյանը փորձեց հիմնավորել իր չմասնակցելը, բայց բուն պատճառն այդպես էլ անհայտ մնաց:

«Ժառանգությունն» էլ ընտրություններին մասնակցելու է առանց իր կարկառուն ներկայացուցչի՝ Զարուհի Փոստանջյանի, ով նույնպես հայտարարեց, որ չի մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին: Կարող էի անդրադառնալ նաև Անահիտ Բախշյանին ու Ստյոպա Սաֆարյանին, որոնք ոչ թե «Ժառանգության», այլ «Ազատ դեմոկրատների» ցուցակով են ԱԺ ընտրություններին մասնակցելու, բայց իմ նպատակն է անդրադառնալ մեր այն քաղաքական գործիչներին, ովքեր իմաստ ու շունչ կհաղորեին նոր Ազգային ժողովին, բայց, ցավոք սրտի, ընտրություններին չեն մասնակցելու: Ամենևին չէի ցանկանա սևեռվել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի վրա, բայց հաջորդ օրինակս նույնպես այդ դաշինքին է վերաբերում: Երբ տվյալ դաշինքի հիմքերը նոր-նոր էին գցվում, ու դեռևս «Ժառանգությունն» այդ դաշինքից բացակայում էր, նորաստեղծ դաշինքի և հատկապես դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի օգտին համոզիչ ելույթներով պարբերաբար հանդես էր գալիս նախկին պատգամավոր և նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, և քաղաքականությունից որոշ գաղափար ունեցողներս ենթադրում էինք, որ Արշակյանը կլինի տվյալ դաշինքի առնվազն առաջին տասնյակում: Բայց ցուցակը հրապարակվեց, և Արշակյանն ընդհանրապես բացակայում էր ցուցակից, և չնայած Արշակյանը նախապես հայտարարել էր, որ ինքը դաշինքի ցուցակում չի լինելու և ընտրություններին իր թեկնածությունը չի դնելու, այդուհանդերձ, դաշինքի ցուցակում իր չլինելը մեզ համար անակնկալ էր, ինչպես նաև՝ տվյալ դաշինքի ցուցակում Երվանդ Բոզոյանի բացակայությունն էր անակնկալ: Մինչ այդ էլ դաշինքից դուրս էր եկել նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Ես էլ եմ համարում, որ չափից ավելի սևեռվեցի Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի վրա, բայց ես չէի կարող չանդրադառնալ մարդկանց, որոնց ներկայությունը Ազգային ժողովում ավելի քան ցանկալի էր, բայց ովքեր չեն լինելու նոր Ազգային ժողովում:

Ցավոք սրտի, այդպիսիք շատ-շատ են: Հավանենք նրանց՝ թե չհավանենք, սիրենք նրանց՝ թե չսիրենք, նրանք են մեր ունեցած-չունեցած քաղաքական գործիչները, և զարմանալի է, որ նրանք տեղ չեն գտել նախընտրական դաշինքների ցուցակներում:

Սիրենք Աշոտ Մանուչարյանին թե չսիրենք, ինքը պարտադիր պիտի ներգրավված լիներ մեր նախընտրական դաշինքներից որևէ մեկի ցուցակի անցողիկ տեղում: Նույնը վերաբերում է Արամ Կարապետյանին: Նույնը վերաբերում է Պետրոս Մակեյանին: Նույնը վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանին: Նույնը վերաբերում է Դավիթ Շահնազարյանին ու Գուրգեն Եղիազարյանին, Թևան Պողոսյանին ու Հմայակ Հովհաննիսյանին, Ավետիք Իշխանյանին ու Վարդան Հարությունյանին, Արթուր Սաքունցին ու Լևոն Բարսեղյանին և  էլի շատերին, ովքեր ընտրվեն թե չընտրվեն, միևնույն է, քաղաքականությամբ են զբաղվելու, և եթե ընտրվեին, Ազգային ժողովում իրենց միակ անելիքը կոճակ սեղմելը չէր լինելու:

Թվարկածներիս ու էլի շատերին քաղաքականությունից դուրս գրելը քաղաքական սերնդափոխություն անվանելը պարզապես դեմագոգիա է, որովհետև այս ամենը ոչ թե սերնդափոխություն է, այլ պարզապես՝ քաղաքական խառնաշփոթ, մանավանդ որ՝ հեչ պարզ չէ՝ նշածս «տարեցներին» երիտասարդնե՞ր են փոխարինելու, թե՝ միանգամայն անկապ ու «քյարթու» տարեցներ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Հ.Գ.       Հենց նոր մտքովս մի բան անցավ. եթե ընտրություններ կոչվող այս խաղից դուրս մնացած արժանավորներից ու համեմատաբար արժանավորներից 100 հոգանոց մի ցուցակ կազմենք, արդյո՞ք  այն անհամեմատ ավելի հաջող չի լինի, քան Ազգային ժողովի ընտրված        պատգամավորների այն ցուցակը, որը կունենանք ապրիլի 2-ից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728