Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների «բացառիկ տարբերակը»

Փետրվար 27,2017 13:30

Ֆրանսիայում եւ Ուկրաինայում հայտնի Միջազգային ֆրանսիական ռադիոյի՝ RFI, լրագրող Ելենա Գաբրիելյանը «Առավոտ»-ին ներկայացրեց Ֆրանսուա Օլանդի՝ երկրի հայ համայնքի հետ հանդիպման մանրամասները, երկրում տրամադրությունները` կապված սպասվող նախագահական ընտրությունների հետ, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների հեռանկարները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Փարիզ կայանալիք այցի եւ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի լույսի ներքո:

– Փարիզում տեղի ունեցավ հայ համայնքի հանդիպումը ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ, որին ներկա էր նաեւ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Դուք այդ հանդիպման մասնակիցների շարքում էիք: Կկիսվե՞ք Ձեր դիտարկումներով՝ ինչպիսի՞ն են Ֆրանսիայում հայ համայնքի նախապատվությունները նախագահական ընտրությունների շեմին:

– Այդ միջոցառումը տեղի է ունեցել փետրվարի 8-ին: Առաջին անգամ Ֆրանսիայի նախագահի հետ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ընթրիք էր կազմակերպել 2013 թվականին՝ Ֆրանսուա Օլանդի ընտրվելուց մեկ տարի հետո: Դրանից հետո այդ միջոցառումը ավանդույթ է դարձել: Բայց պետք է ընդգծել, որ հայ համայնքի եւ Ֆրանսիայի իշխանությունների միջեւ շփումները միշտ էլ եղել են: Այստեղ բնակվում է մոտ կես միլիոն հայ: Նրանք լավ ինտեգրված են, մի մասը ձուլվել է: Այդ պատճառով նրանք առաջին հերթին ֆրանսիացիներ են՝ Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնք ակտիվ դեր ունեն երկրի քաղաքական եւ մշակութային կյանքում: Այդ համայնքը, լինելով աշխարհում հայ սփյուռքի բաղկացուցիչ մասը, արդեն Ֆրանսիայի Հանրապետության մասն է: Հենց այդ պատճառով էլ, օրինակ, այնպիսի զգայուն թեմա, ինչպիսին է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, բարձրացվել է ազգային մակարդակով:

Կարճ հիշեցնեմ կարեւոր պահերը՝ կապված այդ հարցի հետ: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը Ֆրանսիան ընդունել է դեռ 2001-ին, եւ շատ երկրներ հետեւեցին այդ օրինակին: Դրանից հետո 2012-ին պատգամավոր Վալերի Բուայեն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ՝ քրեորեն պատժել նրանց, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի երկու պալատները ընդունեցին այդ օրենքը՝ առաջացնելով ոչ միայն այստեղի հայ համայնքի հիացմունքը, այլ նաեւ հենց Հայաստանի: Նույնիսկ պատմություն եմ հիշում՝ ինչպես Հայաստանում մի ամուսնական զույգ իր նորածին որդուն անվանեց Սարկոզի, որ այդ եղանակով շնորհակալություն հայտներ նախագահին այդ օրենքի համար: Եվ այդ ամենը տեղի էր ունենում ընտրությունների ընթացքում: Բայց աջակողմյան Նիկոլա Սարկոզին պարտվեց, հետագայում Սահմանադրական խորհուրդը մերժեց այդ օրենքը: Իշխանության եկած սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը խոստացավ, որ նոր տեքստ կընդունվի, բայց դեռ շարժ չկա:
Ֆրանսիայում շատերի մոտ սխալ կարծիք կա, թե հայերը քվեարկում են նրանց օգտին, ովքեր խոստանում են զբաղվել Հայոց ցեղասպանության հարցերով: Բայց այդ հարցին անդրադառնում են նախագահի գրեթե բոլոր թեկնածուները…

Բացառություն են նրանք, ում պայմանականորեն անվանում են հակահամակարգային՝ ծայրահեղ աջ, ծայրահեղ ձախ: Այդ իսկ պատճառով, այսպես կոչված՝ «հայկական ձայներ» այստեղ ընտրություններում չկան: Ես Շառլ Ազնավուրին, որը միշտ այդ ավանդական ընթրիքի պատվավոր հյուրն է, հարցրի, թե ինչպե՞ս են հայերն այստեղ քվեարկում, եւ նա պատասխանեց շատ հստակ եւ ճշգրիտ՝ «նրանք քվեարկում են ինչպես ֆրանսիացիները»:

– Իսկ նախագահի թեկնածուները ներկա եղե՞լ են այդ հանդիպմանը:

– Ներկա էր միայն սոցիալիստ Բենուա Ամոնը: Բայց հրավիրված էին նաեւ Էմանուել Մակրոնը (որը հրավերը անպատասխան էր թողել) եւ Ֆրանսուա Ֆիյոնը: Աջակողմյան թեկնածուն չեկավ եւ միջոցառումից երկու ժամ առաջ տեղյակ պահեց: Բանն այն է, որ նրա ժողովրդականությունը պակասում է՝ իր կնոջ եւ երեխաների ենթադրյալ ֆիկտիվ աշխատանքների հետ կապված վերջին բացահայտումների հետեւանքով:
Պետք է ասել, որ Ֆրանսուա Ֆիյոնը վայելում է ֆրանսահայերի որոշակի շրջանակի համակրանքը: Նրանց սրտամոտ է Ֆրանսուա Ֆիյոնի դիրքորոշումը՝ կապված Ռուսաստանի հետ, եւ նաեւ նրա ավանդական կաթոլիկի կերպարը, որը ոչ մեկ անգամ է արտահայտվել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների օգտին՝ սիրիական հակամարտության կոնտեքստում:

Ընթրիքին ներկա էր աջակողմյան պատգամավոր Վալերի Բուայենը, որը նրա թիմում է: Նա նախորդ տարվա մարտին 30 ֆրանսիացի պատգամավորներից բաղկացած խմբի կազմում այցելեց Սիրիա, որտեղ հանդիպեց Բաշար Ասադին: Այդ ուղեւորությունը համընկնում էր կաթոլիկների Զատկի տոնի հետ՝ որպես համերաշխություն Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին:

Բայց Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը առայժմ որեւէ թեկնածուի օգտին չի արտահայտվել: Ֆրանկ (Մուրադ) Փափազյանը, որը Արա Թորանյանի հետ նախագահում է խորհուրդը, Դաշնակցության բյուրոյի անդամ է, 2012-ին աջակցեց սոցիալիստ Օլանդի թեկնածությանը: Դժվար է ասել՝ այս անգամ աջակցություն կտրվի՞ այդ կուսակցության անդամին, թե՞ ոչ: Բայց կարեւոր է նշել, որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի դիրքորոշումն էական ազդեցություն չի ունենում այն բանի վրա, թե ինչպես կքվեարկեն ֆրանսահայերը, քանի որ շատ հայեր իրենց բացարձակապես չեն նույնականացնում այդ կառույցի հետ:

Մի քանի խոսք էլ ասեմ ստեղծված իրավիճակի մասին. սոցհարցումների արդյունքում տեսնում ենք հետեւյալ պատկերը՝ ժողովրդականությամբ առաջինը Մարին Լը Պենն է՝ 26%, Ֆիյոնը եւ Մակրոնը՝ 20%, իսկ Բենուա Ամոնը՝ դեռ 16%: Ամփոփելով՝ կարելի է ասել, որ ֆրանսահայերը, ընտրություն կատարելով, իհարկե, առաջին հերթին հաշվի կառնեն թեկնածուների ծրագրերը՝ Ֆրանսիայում իրենց արդյունավետության տեսանկյունից, բայց զգայուն հարցերին, այդ թվում նաեւ կապված ներքին քաղաքականության հետ, նրանք ավելի շատ են ուշադրություն դարձնելու:

– Նախագահ Օլանդն իր ելույթում հայտնեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Փարիզ՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ: Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը համակարգող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, ԵՄ առաջատար երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը պատրաստվում է նոր շրջանակային համաձայնագիր ստորագրել՝ Ասոցացման համաձայնագրի ձախողումից հետո: Հաշվի առնելով հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը, միջազգային քաղաքականությունում այսօրվա դինամիկան՝ ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել այդ հանդիպումից:

– Ֆրանսիայի նախագահի խոսքերով՝ հանդիպումը ծրագրված է մարտի 8-ին: Ֆրանսուա Օլանդը հերթական անգամ ընդգծեց իր հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծման հարցում, հիշեցրեց Փարիզի արած ջանքերը: Նա հասկացրեց, որ աշխատանքներ է տանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու համար: Վերջին անգամ նման հանդիպում Ֆրանսիայում կայացավ 2014 թ. հոկտեմբերին: Ապրիլյան դեպքերից եւ երկու երկրների նախագահների՝ Ռուսաստանում հանդիպումից հետո խոսք էր գնում Փարիզում բանակցությունների հնարավոր շարունակության մասին: Դեռ նման հանդիպում չի կայացել: Եվ Սերժ Սարգսյանի այցելությունը Ֆրանսիա տեղի կունենա ապրիլյան դեպքերից գրեթե մեկ տարի հետո:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրին, ապա դրա ստորագրումը նախատեսված է գարնանը: Այն կփոխարինի գործընկերության եւ համագործակցության մասին գործող համաձայնագրին: Այնտեղ բազմաթիվ կետեր կան, այդ թվում՝ վիզայի համակարգի ազատականացման վերաբերյալ: Այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Ֆրանսուա Օլանդը ասաց՝ Հայաստանը գտնվում է հատուկ աշխարհագրական եւ քաղաքական ենթատեքստում, եւ նրա ընտրությունը՝ անդամակցել Մաքսային միությանը, պետք է հասկանալ եւ ոչ՝ քննադատել: Եվ ինչպես ասեց Օլանդը, հաշվի առնելով իրավիճակը՝ Եվրամիությունը պետք է Հայաստանի համար մշակի ասոցացման բացառիկ մոդել՝ առանց Ռուսաստանի հետ նրա կապերը կտրելու: Որքանով նոր շրջանակային համաձայնագիրը կլինի «բացառիկ մոդել», կարծում եմ՝ շուտով հայտնի կդառնա:

– Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ «մենք հետեւում ենք կառավարության յուրաքանչյուր քայլին տնտեսության ոլորտում, հատկապես՝ հարկային դաշտում տեղի ունեցող փոփոխություններին, մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարին, եւ յուրաքանչյուր քայլ, որը վերաբերում է բիզնեսի աշխարհին, չի կարող անտեսված լինել: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որտեղ մենաշնորհը, կոռուպցիան տնտեսական եւ քաղաքական համակարգի անբաժանելի մասն է: Հանդիպման ընթացքում արդյոք անդրադա՞րձ է կատարվել հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանը:

– Չնայած այն հանգամանքին, որ փետրվարի 8-ին կայացած հանդիպմանը ներկա էին ինչպես քաղաքական շրջանակների, այնպես էլ ֆրանս-հայկական բիզնեսի ներկայացուցիչներ, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տնտեսական համագործակցությանը հատուկ ուշադրություն չի դարձվել: Բայց Ֆրանսիայում այդ թեմայով հանդիպումներ պարբերաբար լինում են: Օրինակ՝ նման մի հանդիպում տեղի է ունեցել երկու տարի առաջ, այն նվիրված էր հնարավորություններին, որոնք Հայաստանը՝ որպես Մաքսային միության անդամ, կարող է առաջարկել արեւմտյան ձեռնարկատերերին: Երբ Ռուսաստանը եւ ԵՄ-ն միմյանց դեմ պատժամիջոցներ էին կիրառում, ներդրողները սկսեցին մտածել, թե ինչպես կարելի է աշխատել նման պայմաններում: Ես շփվել եմ մեծ խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք Հայաստանը որպես այլընտրանք էին դիտում: Այսինքն՝ եթե պատժամիջոցների պատճառով դժվար է աշխատել Ռուսաստանում եւ այդ շուկա հասնել, ապա ինչո՞ւ Մաքսային միության անդամ Հայաստանի միջոցով դա չանել: Այդ հարցերը Փարիզում քննարկվել են բիզնես-ֆորումների ընթացքում երկու տարի առաջ: Արդյոք այդ ժամանակ արեւմտյան ձեռնարկատերերին հաջողվե՞ց շրջանցել ռուսական պատժամիջոցները Հայաստանի միջոցով, ինձ հայտնի չէ: Հնարավոր է, որ այդպիսի մոդել գոյություն ունի:

– Վերադառնանք Ֆրանսիայում կայանալիք ընտրություններին: ԱՄՆ-ում կայացած ընտրություններից հետո Ֆրանսիան, ինչպես երեւում է, չկարողացավ խուսափել ներքաղաքական բանավեճերի ընթացքում Ռուսաստանի թեմայից: Կարծես Ֆրանսիայում նույնպես Մոսկվայի հետ սերտ հարաբերությունները կամ Ռուսաստանի նկատմամբ համակրանքը կարող է վարկաբեկել քաղաքական գործչին, որը հավակնում է ստանձնել բարձր պաշտոն: Մեր առաջ Մարին Լե Պենի, Ֆրանսուա Ֆիյոնի օրինակներն են: Մյուս կողմից՝ խոսում են ֆրանսիական քաղաքականության աճող աստղ Էմանուել Մակրոնի մասին, որին ռուսական քարոզչությունը թիրախավորել է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ են խոստանում Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրությունները, ինչպե՞ս դա կանդրադառնա ԵՄ-ի եւ եվրոպական քաղաքականության վրա՝ Ռուսաստան-Արեւմուտք կոնտեքստում:

– Դատելով, թե ինչն ինչպես է, քիչ կանխատեսելի բաներ են խոստանում: Այդ իսկ պատճառով, թե ինչպես դրանք կանդրադառնան ԵՄ-ի վրա, նույնիսկ դժվար է ասել: Ինչ վերաբերում է Ֆրանսիայում ռուսական ազդեցությանը, իհարկե՛, դա այս նախընտրական քարոզարշավի գլխավոր թեման չէ, բայց դրանցից մեկն է: Իշխանությունները խոսում են ռուսական ԶԼՄ-ների բացասական ազդեցության մասին, որոնք այստեղ հեռարձակվում են ֆրանսերենով: Շատ զգացմունքային թեմաներ լուսաբանելիս, ինչպիսիք են իսլամը, ներգաղթը, ահաբեկչության դեմ պայքարը եւ այլն, նրանց մեղադրում են ապատեղեկատվության եւ քարոզչության մեջ: Ես ձեռնպահ կմնամ այդ ԶԼՄ-ների աշխատանքների վերաբերյալ գնահատականներ տալուց, բայց որոշ քաղաքական գործիչների մոտ իրենք իրոք մտահոգություն են առաջացնում: Հնարավոր հաքերային հարձակումները նույնպես քննարկվում են: Հիշեցնեմ, որ 2015 թվականի ապրիլին հաքերները կոտրել էին TV5 Monde-ը: Ի սկզբանե հայտարարել էին ԻՊ-ի մասնակցության մասին, սակայն հետագայում քննությունը պարզեց, որ ռուս հաքերների խումբը՝ APT28-ն է դրա հետեւում կանգնած: Վնասը գնահատվեց մի քանի միլիոն եվրո: Ֆրանսիական իշխանությունները օրերս հայտարարեցին կիբերանվտանգության ուժեղացման մասին: Հատուկ ծառայությունները հատուկ բաժին ունեն, որը զբաղվում է դրանով: ՆԱՏՕ-ն եւս ունի համապատասխան բաժին:

Ինչ վերաբերում է որոշ քաղաքական գործիչների համակրանքին Ռուսաստանի նկատմամբ, որը նրանց վարկաբեկում է… Ֆրանսիայում ընտրողի աչքերում քաղաքական գործչին վարկաբեկում է առաջին հերթին գործողությունը՝ օրենքի խախտումը: Եթե Ռուսաստանի հետ այս կամ այն քաղաքական գործչի սերտ կապերը պարունակում են ապօրինի գործողություններ, ապա դա, իհարկե՛, կվնասի նրա հեղինակությանը:

Օրինակ՝ երկու տարի առաջ մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ Մարին Լե Պենը գումարներ է ստացել չեխ-ռուսական բանկից: Այսպես թե այնպես դա օրենքի խախտում է, քաղաքական կուսակցությունն իրավունք ունի գումար ստանալ օտարերկրյա բանկերից այն պայմանով, որ դա չի հանդիսանա թաքուն սուբսիդավորում կամ փողերի լվացում: Սակայն գործը դատարան չհասավ, եւ այդպես էլ չպարզվեց, թե ինչ կապ ուներ այդ բանկը, որը հասցրեց սնանկանալ, ռուսական իշխանությունների հետ, որոնք, ի դեպ, չեն թաքցնում իրենց աջակցությունը Լե Պենի կուսակցությանը: Ամփոփելով՝ կարելի է ասել, որ Կրեմլը Ֆրանսիայում երկու թեկնածու ունի՝ համակարգային Ֆրանսուա Ֆիյոնը եւ, այսպես կոչված, հակահամակարգային Մարին Լե Պենը: Կա նաեւ մեկ այլ անձ՝ ծայրահեղ ձախակողմյանների ղեկավար Ժան-Լյուկ Մելանշոն, որը կողմ էր արտահայտվել Սիրիայում Ռուսաստանի գործողություններին: Բայց նա Ֆրանսիայում ռուսական ԶԼՄ-ների մոտ այնպիսի բարձր հեղինակություն չի վայելում, ինչպես Լե Պենը: Ռուսաստանում էլ, ինչպես ինձ հայտնի է, նրան այդքան հաճախ չեն հրավիրում, ինչպես «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդին: Բայց ընդհանուր առմամբ՝ այս երեք թեկնածուներին ֆրանսիական մամուլն անվանում է ռուսամետ: Այնպես որ, ինչպես վերջերս իր խմբագրականում հեգնանքով գրել է ազդեցիկ Le Monde-ի գլխավոր խմբագիրը՝ այս ընտրություններում կա մի քաղաքական գործիչ, որը նույնիսկ իր թեկնածությունը չի առաջադրել, իսկ արդեն կարծես թե հաղթում է այն, նա Պուտինն է:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

Նկարը՝ France 24-ի

 

«Առավոտ»

25,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728