Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական դեժավյու

Փետրվար 27,2017 14:30

Կամ`«Սարոյան եղբայրներ»-2017

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այս տարվա ապրիլի 2-ի ընտրությանը մասնակցելու ցանկություն հայտնած 9 միավորից առայժմ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է հրապարակել ընտրապայքարի կարգախոսը` «Անվտանգություն եւ առաջընթաց»: Իհարկե, մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս են անվտանգություն ապահովում քրեական հակումներով հանրապետականները, օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանը եւ նրա նման տասնյակները, կամ ինչպես են առաջընթացին նպաստելու ինտելեկտով չփայլող հանրապետականները, օրինակ՝ Առաքել Մովսիսյանը եւ նրա նման տասնյակները: Սա դեռ չարյաց փոքրագույնն է: «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսը 21 տարվա վաղեմության ցավն է հիշեցնում: Ցավ, որ պատճառ դարձավ նորմալ ուղուց շեղված մեր ընթացքի:

1996 թվականին ՀՀ նախագահի ընտրությունում գործող նախագահ եւ թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կարգախոսն էր՝ «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց»: Ընդհանրապես, իսկ այսօրվա Հայաստանում՝ հատկապես անվտանգությունը նշանակում է զենքով-զորքով նվաճած հաղթանակի փաստաթղթային ամրագրում՝ ի տես ողջ աշխարհի: Հարատեւ ու կայուն ամրագրում: Այլ խոսքով՝ անվտանգությունը հավասար է հաղթանակ գումարած կայունություն: Ուրեմն այսօրվա ՀՀԿ-ի «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսը Լեւոն Տեր-Պետրոսյանի 21 տարի առաջվա «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսն է: Ու հենց այս կարգախոսն է մեր ցավը:

1996 թվականին առայժմ միակ անգամ ընդդիմությունը միավորվեց, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ախոյանը դարձավ Վազգեն Մանուկյան միասնական թեկնածուն: «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց»-ը պարտվում էր, եւ առաջին անգամ քաղաքական հարթությունում զենք կիրառվեց: Կրակեցին ընտրողի ձայնի վրա: Կրակեցին օդ, ասացին՝ 100 տոկոս ձայն էլ հավաքեիք՝ չէինք ենթարկվելու: «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով ընտրապայքարի ելած քաղաքական միավորը ձեւավորեց արատավոր գործելաոճը՝ կեղծիր, խաբիր, ծեծիր, կրակիր ու մնա իշխանության ղեկին: Տարիներ անցան, փոխվեցին կրակոցների ուղղությունները. 1996 թվականին օդ կրակողները 2008-ին կրակեցին մարդկանց վրա: Տարիներ անցան, «100 տոկոս ձայն էլ հավաքեիք՝ չէինք ենթարկվելու» տրամաբանության մեջ ասացին՝ «բամփենք», «մեխն էլ է մեր ձեռքը, չագուչն էլ» եւ այլն: 1996 թվականին «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց»-ը մեզ շեղեց երկիրը երկիր դարձնելու ճանապարհից ու դրեց ֆորպոստացման ռելսերի վրա:

Այս կարգախոսի «իրավահաջորդ» կարգախոսը չի կարող կասեցնել այս անկումը, որովհետեւ կասեցնելու ցանկություն ունեցողը դա կարող էր անել անցած 21 տարում: Եվ հետո. 1996-ին, 2008-ին, 2017-ին ժողովրդի ձայնին չենթարկվողները, «բամփողները» նույնն են՝ ոչ մեծ տարբերություններով:
«Սարոյան եղբայրներ» ֆիլմում կրտսեր եղբայրը փորձում է ավագին բացատրել, թե իր համախոհները ոնց են մարդկանց սիրտը շահում. «Հաց են ասում, հող են ասում, կռիվ չեն ասում»: Էդ հետո՝ արդեն ֆիլմից դուրս՝ իրական կյանքում պարզվեց, որ մի քիչ հաց տվեցին, մի քիչ հող, կռիվ չեղավ, բայց չեղավ գլխավորը՝ մարդը՝ մարդկային, քրիստոնեավայել կյանք:

2017-ի Հայաստանում նույն վիճակն է. հաղթանակ են ասում, կայունություն են ասում, առաջընթաց են ասում: Հաղթանակ կա, կայունություն՝ մի քիչ, առաջընթաց՝ չկա, ու չկա մարդկային, քրիստոնեավայել կյանք:

«Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսը անցյալի ցավոտ էջերը հիշեցնելուց բացի՝ այլ բան չի անում:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

25,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728