Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեքների նույնականությունը

Մարտ 09,2017 10:17

Վերջերս հեռուստատեսություն հարցազրույցի պետք է գար ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը, բայց նրանից կես ժամ առաջ եկավ այդ գործչի թիկնապահը եւ հետաքրքրվեց, թե որտեղ է մտնելու եւ որտեղից է դուրս գալու իր «պաշտպանյալը»: Որքան գիտեմ` կուսակցությունների ղեկավարներին օրենքով թիկնապահներ չեն հասնում, բայց եթե նույնիսկ հասնում են, ինձ թվում է, որ թիկնապահներ ունենալը իրական կյանքից եւ ժողովրդից կտրված լինելու նշան է: Թիկնապահով ման եկողի շութերից` «ո՜վ տառապյալ ժողովուրդ, վա՜յ, արտագաղթ, վա՜յ, աղքատություն, վա՜խ, անդունդի եզրին ենք» արտահայտությունները անկեղծ չեն հնչում: Ճիշտ այնպես, ինչպես այդ բառերը համոզիչ չեն արտաբերվում 10 հազար դոլարանոց մուշտակ հագած տիկնանց շուրթերից:

Ոչ, ես դեմ չեմ, որ լինեն հարուստ մարդիկ, նույնիսկ դեմ չեմ, որ նրանք օրենքի շրջանակներում զբաղվեն քաղաքականությամբ: (Ուրիշ հարց, որ պետք է արգելել ոչ միայն բիզնեսի եւ քաղաքականության, այլեւ բարեգործության եւ քաղաքականության համատեղումը): Բայց այստեղ խոսքն աչքածակության, երկրորդական, արտաքին դրսեւորումներով ինքնահաստատվելու մասին է: Այդ՝ առաջին հայացքից երկրորդական մանրուքները խոսում են մարդու արժեքային համակարգի մասին` ինչով է նա ապրում, ինչի է ձգտում, ինչի համար է նրան պետք իշխանությունը կամ, տվյալ դեպքում, պատգամավորական մանդատը:

Եվ այդ առումով թույլ տվեք հարցնել` այդ տեսանկյունից ո՞րն է նախընտրական պայքարի երկու հիմնական ֆավորիտների տարբերությունը` այն երկու կուսակցությունների, որոնք միասին, ըստ ամենայնի, կազմելու են ապագա խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը: Ինչո՞ւ ինձ պետք է հուզի, թե ինչ փոխհարաբերությամբ են նրանք այդ մեծամասնությունը կազմելու` 35+25, թե՞ 24+38 տոկոս: Գուցե իրենց համակարգի ներսում ինչ-որ փոխատեղումներ կամ իշխանության վերաբաշխումներ լինեն, բայց այդ խնդիրն առնչվում է մի քանի տասնյակ մարդու, բայց ոչ մեզ` Հայաստանի 100 հազարավոր քաղաքացիներիս:

Եվ ինչո՞ւ միայն այդ երկուսինը: Իսկ մնացա՞ծ կուսակցությունների մեծ մասը: Թե՞ նրանք կտրականապես դեմ էին, որ թիկնապահը ծեծելով մարդ սպանի` նախագահին «սխալ բարեւելու» համար: Կամ բողոքո՞ւմ էին, երբ «երկրապահներն» ու օլիգարխների թիկնապահները մարդկանց քացու տակ էին գցում պարզապես այն պատճառով, որ նրանց արտաքին տեսքն իրենց դուր չէր գալիս:

Դուք կասեք, որ դա անցած-գնացած է եւ կարեւոր չէ: Կարեւորը «խեղճ ժողովուրդն է», որի դարդերով նրանք տապակվում են իրենց պալատներում նստած եւ թիկնազորով շրջապատված: Բայց «ժողովուրդը խեղճ է», մասնավորապես, այն պատճառով, որ նրանք են ամբարտավան, անպատիժ, անվերահսկելի, որ գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը, անկախ նրանից` այն կոչվում է իշխանություն, թե ընդդիմություն, դավանում է միեւնույն արժեքները` զոռբայություն, տգիտություն, փողի աստվածացում:
Իհարկե, հեռուստատեսությամբ եւ ամբիոններից այլ բաներ են ասվում: Խնդիրն այն է, թե ով է դրանց հավատում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Եվ այդ առումով թույլ տվեք հարցնել` այդ տեսանկյունից ո՞րն է նախընտրական պայքարի երկու հիմնական ֆավորիտների տարբերությունը` այն երկու կուսակցությունների, որոնք միասին, ըստ ամենայնի, կազմելու են ապագա խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը:==
    Դե՝ պարզ ա, որ հիմնական ֆավորիտները երկուսն են. մեր ՀՀԿ-ն ու նրանց ԲՀԿ-ն, բայց նրանց ԲՀԿ-ի առաջնորդը նույնիսկ չգիտի, որ ինքը ՀՀԿ-ի կերտած ՛՛Ապահով Հայաստանում՛՛ ա ապրում, ու ախրանա-մախրանայով ա ման գալիս, ու դաժե չգիտի, որ մեր ՀՀԿ-ի դաբրոյով ԱԺ մտնելուց հետո կոալիցիա ա կազմելու հենց ՀՀԿ-ի հետ, ոնց որ անցած անգամ էի գուշակել՝ ու տենց էլ եղավ:
    Նենց որ խեղճ ժողովուրդ ջան, սենց եկել ա, սենց էլ գնալու ա, եղունգ ունես՝ գլուխդ քորի, ի՞նչ ընտրությո՜ւն, ի՞նչ բա՜ն, ընտրվողն արդեն ընտրվել ա…
    ՛՛Անվտանգությո՜ւն և առաջընթա՜ց՛՛ մեզ համար, որ ձեզ լավ նայենք, որ թշնամիները բան չասեն՝ դե… առանձնապես շատ բան չասեն…

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    «Ծառուկյան» դաշինք (ԲՀԿ): Մեծ նյութական հնարավորությունները, անկախ ամեն ինչից, հնարավորություն են տալիս ձեւավորել գոնե ինչ-որ չափով իշխանականից տարբեր բեւեռ: ԲՀԿ-ականներն ունեն ինքնուրույնության որոշակի աստիճան՝ մինչեւ որոշակի «կարմիր գծեր» անցնելը: Դաշինքը ղեկավարող գործարարը զուրկ է չարությունից, փորձում է բոլոր խնդիրները լուծել խաղաղությամբ, առանց առճակատման:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/03/07/862686/

  3. Քրիստափոր says:

    Հարգելի Մարգար Մախսուդյան, եթե դուք մտածումեք, որ ամեն ինչ արդեն վճռված է, ապա իմ կարծիքով, դա պարտվողական մտածելակերպ է:

    • Մարգար Մախսուդյան says:

      Սիրելի Քրիստափոր, դե իհարկե այդպես չեմ մտածում, պարզապես դա իմ երգիծանքն էր սույն հոդվածի նկատմամբ, և ծաղր էր մի երևույթի, որը կոչվում է, ինչպես Դուք շատ ճիշտ որակեցիք՝ պարտվողական մտածելակերպ:
      Եթե հումորս լավ ընկալելի չէր՝ կներեք, մյուս անգամ կաշխատեմ ավելի միանշանակ արտահայտվել:
      Հ.Գ.
      Կարծում եմ` դեռ շատ առիթներ կլինեն: 🙂

  4. henri says:

    — և այս պայմաններով արժէ՞ շարունակել ընտրապայքարը – – –
    Չկայ՞ իմաստուն մը որ ըսէ — ԵԿԷՔ ՔԱՇՈՒԻՆՔ ԱՄԷՆՔՍ -ԱՅԴ ԵՐԿՈՒՔԸ ԱՐԴԷՆ Ի ՅԱՌԱՋԱԳՈՒՆԷ ԱՄԷՆ ԻՆՉ ՆԱԽԱՏԵՍԱԾ ԵՆ ,ԱՅՍ ” Ազնուահոգի բարերարները չեն՞ որ կը շարունակեն երկրին բոլոր անիրաւութիւններու ,սպաննութիւններու,բանտարկութիւններու հեղինակները-թող իրենց կառուցած եկեղեցիներուն գմբէթները իրենց և զիրենք հովանաւորող անձերուն գլուխներուն վրայ փլչին -ազատուինք ” ::ԱՄԷՆ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031