Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտեն՝ Ծառուկյանն Աստված է»

Մարտ 17,2017 17:00

«Ծառուկյան» դաշինքի անդամները վստահեցնում են, որ մարդիկ փրկության այլ օղակ չունեն, դրա համար Ծառուկյանի առաջ են «չոքում»

Նախկին պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քաղաքացիները Սահմանադրությունը չգիտեն, անգամ մեր հիմնի բառերը չգիտեն, պետք է սովորեցնել նրանց: Նա ասաց, որ պետք է մարդիկ դասական երաժշտություն լսեն. «Մեծամասնությունը չգիտի հիմնի բառերը: Մենք կրթում ենք մարդկանց, բայց մարդիկ՝ մեծամասնությունը, չեն ստանում այն, ինչը պիտի ստանան: Ուզում ենք, որ երեխաները ոչ թե միայն այստեղ ստանան կրթություն եւ չկարողանան ուսման վարձերը եւ այլ ծախսերը տալ, այլ ուրիշ զարգացած երկրների նման գնան ուսուցանեն, ասենք թե, Հարվարդ»: Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ իր դաշինքն առաջնորդող Գագիկ Ծառուկյանը հիմնի բառերը գիտի՞, դասական երաժշտություն լսո՞ւմ է, Սահմանադրության դրույթներին տեղյա՞կ է: Նա պատասխանեց. «Իհարկե, ամեն Աստծո օր, այո՛, վստահ եմ, գիտի, իհարկե»:

Այն, որ քարոզարշավի ժամանակ Աշտարակում մի կին փորձում էր Ծառուկյանի ոտքերը համբուրել, մեկ ուրիշը՝ գառ մատաղ անել Ծառուկյանի ոտքերի տակ, մեկ այլ տղամարդ փորձում էր հենց նրանից իմանալ, թե ինչ կարող է անել, եթե 7 տարի երեխա չի ունեցել՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ, ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի համար զարմանալի չէ: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Նման բաներ շատ հնարավոր է, երբ մարդ իրոք իր վերջին հույսը կապում է ինչ-որ մեկի հետ: Ես ներկա չեմ եղել, չեմ տեսել, բայց ամեն ինչ հնարավոր է: Մարդկանց հասցրել են հուսահատության այն վերջին աստիճանին, որ մարդիկ փրկության օղակ են ման գալիս, եւ այս դեպքում այդ փրկության օղակը հենց Ծառուկյանին են տեսել: Դա ֆետիշացնել, կարծում եմ, բարոյական չէ:

Դա նեղ անձնական, մարդու, կնոջ հավատի արտահայտությունն է, որին պետք է մոտենալ մարդկայնորեն: Մարդկանց հասցրել են այն վիճակին, որ նման դրսեւորումներ են լինում: Իհարկե, պետք է ծնկի չոքել Աստծո առաջ, պետք է ծնկի չոքել հավատի առաջ, բայց երբ մարդկանց բերում են այդ աստիճանի, ես չգիտեմ՝ ինչ վիճակի են հասցրել այդ կնոջը, որ այլեւս վերջին հույսն է պարզապես տեսել Ծառուկյանի մեջ, որը բնական է եւ ոչ օրինաչափ: Կա այդ բանը մեզ մոտ, մարդիկ կորցնում են տուն, տեղ, երեխա, երեխեքը, թոռները սոված են, աղքատության ծայրագույն աստիճան է, արտագաղթի ահագնացող մակարդակ, եւ այս դեպքում տան մեծը, տան հիմքը փրկության այլ ելք չտեսնելով՝ նման դրսեւորումներ է անում»:

Եթե մարզերում տղամարդը մոտենում է Ծառուկյանին ու ասում, որ 7 տարի է՝ երեխա չեմ ունեցել, Ծառուկյանը նրանց համար «ոսկե ձկնի՞կ» է, ի՞նչ կարող է անել Ծառուկյանն այս դեպքում, որ անգամ այդ հարցով են նրան դիմում, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Մարդկային դրսեւորումներ են, հոգու կանչ է պարզապես: Հոգեբաններ են պետք դա բացատրելու համար: Բայց նման բաներին վերաբերվել քննադատաբար կամ քմծիծաղով՝ մարդկային չէ: Լինում են դեպքեր, ամեն ինչ հնարավոր է: Մարդիկ իրոք հավատում են, պետք չի փնտրել այլ մոտիվացիա»:

«Ելք» դաշինքի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի խոսքով՝ եթե մարդիկ «չոքում» են Ծառուկյանի առաջ, ուզում են նրա ոտքերը համբուրել, դա գալիս է իշխանությունից. «Իշխանությունը ժողովրդին ինչ վիճակի է հասցրել, որ երբ ինչ-որ մարդիկ բարեգործություն են անում, գիտեն՝ դա Աստված է: Բայց մարդիկ պիտի հասկանան, որ այս երկրի քաղաքացի են եւ իրավունք ունեն ապրելու: Եթե կան ուժեր, ու կան մարդիկ, որ գերհարստացած են, էդ չի նշանակում, որ նրան պետք է Աստծո տեղ դնես: Իշխանություններից է սա գալիս»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

16,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031