Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեոդալական համակարգը պահպանվել է

Մարտ 17,2017 10:25

Ընտրարշավին մասնակցող, իմ տեսանկյունից, ամենաէկզոտիկ կուսակցությունը կոմունիստականն է: Հարգանքս եւ խոնարհումս ավագ սերնդին, նրա այն ներկայացուցիչներին, որոնք հավատում են, թե կա «ժամանակի մեքենա», որով հնարավոր է ճանապարհորդություն կատարել դեպի, ասենք, 1977 թվականը եւ վայելել այն կյանքը, որը նրանց հիմա` 40 տարի անց, անհոգ է թվում կամ գուցե նրանց համար իսկապես անհոգ էր:

Անձամբ ես այն՝ կոմունիստական կյանքի մասին նման վարդագույն հիշողություններ չունեմ: Ինձ չի թվում, որ այն ժամանակ կար սոցիալական արդարություն, որովհետեւ այն ժամանակ էլ իրավապահ համակարգում աշխատող ցանկացած, նույնիսկ փոքր պաշտոն զբաղեցնող մարդն էապես ավելի լավ էր ապրում, քան դպրոցի ուսուցիչը կամ գիտաշխատողը` չնայած նրանք «պաշտոնապես» գրեթե նույն աշխատավարձն էին ստանում: Ինձ արդար չէր թվում, որ ես իմ փողով չէի կարող խանութից գնել այն, ինչ ցանկանում էի, եւ դրա հնարավորությունն ունեի միայն գործակատարի կամ պահեստապետի հետ լեզու գտնելու դեպքում: Ինձ արդար չէր թվում, որ ռայկոմի քարտուղարները կաշառք էին վերցնում կուսակցության շարքերն ընդունելու համար: Ինձ չի թվում նաեւ, որ բժշկությունը խորհրդային Հայաստանում անվճար էր, որովհետեւ եթե բժիշկների հետ նախապես «փողի բազար» չէիր անում, այնպես էին վերաբերվում, որ ավելի լավ է՝ նրանց ձեռքը չընկնեիր:

Բայց դա տվյալ դեպքում այնքան էլ էական չէ, դրանք իմ սուբյեկտիվ հիշողություններն են: Օբյեկտիվ իրողությունն այն է, որ հիմա մարդիկ կապ չեն տեսնում իրենց այն ժամանակվա «լավ կյանքի» եւ կոմունիստական գաղափարախոսության միջեւ: Փոխարենը հավատում են «լավ թագավորներին», «լավ ֆեոդալներին», «լավ բդեշխներին», որոնք իրենց այն ժամանակ «լավ էին նայում», եւ դժգոհ են «վատ ֆեոդալներից», որոնք հիմա իրենց «վատ են նայում»: Խնդիրն այն է, որ հիմա կան ուրիշ մարդիկ, որոնք հավակնում են «լավ ֆեոդալ» լինելու դափնիներին, եւ այդ մարդիկ ամենեւին էլ կոմունիստներ չեն: Նրանք այսօր ներկայանում են որպես «ՀՀԿ» կամ «ԲՀԿ», բայց դա էլ է զուտ պայմանական անուն:

Կարեւոր չէ՝ գյուղապետը կոչվում է «կոմունիստ», «ՀՀՇ-ական», թե «ՀՀԿ-ական», նրա ազգանունը Երանոսյան է, թե Փիլիփոսյան: Կարեւոր չէ՝ նրա պաշտոնը կոչվում է «գյուղապետ», «կոլխոզի նախագահ», «քյոխվա», թե «տանուտեր»: Կարեւոր են այն հասարակական հարաբերությունները, որոնք տիրում են գյուղում: Իսկ այդ հարաբերությունները հիմնված են կլանային, ավտորիտար, պատերնալիստական ընկալումների վրա: Պարզ է, որ գյուղը բերում եմ ուղղակի որպես ցայտուն օրինակ:

Այնպես որ՝ «սոցիալիզմը», որը մենք տեսել ենք Հայաստանում, միայն անունով էր «սոցիալիզմ»: Իրականում դա ֆեոդալիզմ էր, որը կար դրանից առաջ եւ կա նաեւ այսօր: Իսկ ֆեոդալիզմի հիմքը բնակչության ճնշող մեծամասնության ուղեղներում է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. henri says:

    Ամէն ինչ շատ յստակ ըսուած է -կարծեմ աւելցնիք բան չկայ:

  2. Ալեքսանդր says:

    Արամ, կարո՞ղ եմ ենթաստորագրել խմբագրականը. ավելի լավ չէի գրի: Բայց «ամեն ժողովուրդ արժանի է այն կառավարության, որն ունի»:

  3. Simak says:

    Պարոն Աբրահամյան.
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ, գրեթե բոլոր շեշտադրություններում: Մեջ բերեմ միայն մի օրինակ,երբ ես չլինելով կոմունիստ մեր հիմնարկի “ազատ” քարտուղարին ասում էի՝ ընկեր Մովսիսյան, ես որպես գիտության թեկնածու ստանում եմ ամսական 400 ռուբլի աշխատավարձ, գումարած դրան մոտ 200 ռուբլի էլ պարգևատրում, բայց արի գնանք տեսնենք, ես եմ լավ ապրում, թե մեր շրջկոմի քարտուղար Սաֆյանը, որի ամսական աշխատավարձը ընդամենը 270 ռուբլի է: Նա քթի տակ ժպտում էր ու ասում, որ ես ճիշտ համեմատություն չեմ անում:Կարող եմ բերել էլի բազմաթիվ օրինակներ, երբ վիրահատություններիս համար միշտ էլ պարգևավճարներ եմ կատարել:

  4. araqel says:

    Է, եթե ժողովուրդը ուզում ա “ֆեոդալիզմ”, ապա դու՞ք ինչից եք բողոքում:
    Եթե դուք ուզում եք կապիտալիզմ, ու այդ ուզողներով Հայաստանում բացարձակ փոքրամասնություն եք, ապա կամ ենթարկվեք մեծամասնության կամքին /ըստ ձեր ըստ երազած դեմոկրատական կանոնների/, կամ էլ հնար գտեք ու տեղափոխվեք էն երկրները, որտեղ էտ կարգերն էն գործում

  5. Ruben says:

    1991—2017 թվականներին կառավարության դեմոկրատական ռեֆորմները վերջապես վերականգնեցին ճորտատիրական իրավունքը:

  6. Հ.Շ. says:

    խորհրդային ժամանակաշրջանի կապակցութեամբ, աւելի խոր հարցադրանքը կարծեմ հետեւեալն է՝ մենք ատակ էի՞նք, ընդունակ ե՞նք՝ Անկախութեան…
    թէ, նա մեզ տարաւ հիմնականօրէն դէպի քաոս, ինքնափճացում

    մեզի համար, ցարդ, Անխախութեան միակ դրական հետեւանքը՝ Արցախի ազատագրումն է

    ես կը շարունակեմ ցմահ հաւատալ, եւ մանաւանդ՝ գործել – այդ հաւատքով -,
    սակայն ընդհանուր պատկերը յաճախ ցաւալի է…

    այնպէս որ, հասկնալի է այդ հին համայնավարների այժմու սուր կարօտախտը. նոյնիսկ կարգ մը բաներ ասում են, որ բոլորովին ել անտեղի կամ ժամանակավրէպ չեն, երանի կարելի ըլլար զանոնք գործադրել

  7. Լավատես says:

    Շատ լավ կլիներ, որ մեր ազգային հզոր ոգով դաստիարակված հայ հոգեւոր այրերը՝ անկախ իրենց կրոնական պատկանելիությունից, իրենց կրոնական արժեքները ազգային արժեքներին ծառայեցնեին, մեկնաբանելով կրոնական գաղափարները քաղաքացիներին ճիշտ ազգային ոգով դաստիարակելու համար: Ժամանակին լինելով թունդ հակակրոնական, բայց միշտ էլ հիացել եմ ու հպարտացել մեր Վազգեն Ա, Գարեգին Ա ու ինձ համար անհայտ հայ կրոնական ղեկավարներով, որոնք ինձ համար իսկական մտավորականների խավին էին պատկանում:
    Օրինակ, երբ մարդը մարդու ու աստծու միջեւ հավասարության նշան է դնում, այսինքն՝ երբ մարդը մարդուն աստվածացնում է, դա ճիշտ է միայն մաքուր բնական իսկական սիրո դեպքում, մնացած դեպքերում դա մեղք է՝ էն որ ասում է թե քեզ համար կուռք մի շինիի մեկնաբանությունը ասենք: Սա նշանակում է, որ մարդն ինչքան էլ վատը լինի, նա չի վատի պատճառը, այլ քո մեղքն է պատճառը, ցանկացած հատկապես վատ իրավիճակ՝ դա միայն միջոց է այն հաղթահարելու աստվածահաճո գործողության համար, միայն հաղաթահարելով վատը մենք առաջ ենք անցնում մյուսներից, որոնք նվնվում են ու բողոքում են, այսինքն՝ եկեք սիրենք հաղթահարել ու պահապան լինենք նրանց համար, ովքեր դժվարություններ ու վախը հաղթահարելուց մեծագույն հաճույք են ստանում, այդ բնական ցանկությունը շատ լավ երեխաների մոտ է երեւում: Բայց ով փորձի ազգային շահերը կրոնական շահերին ծառայեցնի՝ դա անկասկած ՝մոլորյալ՝ է: ):

  8. gib.gibindus says:

    “Էկզոտիկա – որևէ տեղանքի համար բնորոշիչ իրեր և երևույթներ, որոնք անսովոր են նրա համար, ով ընկալում է դրանք”: Ինչու՞ է կոմկուսը Հայաստանի համար բնորոշիչ և տիպական`լավ չեմ հասկանում: Եթե ընդհանրապես ասելու բան չկա ընտրություններից մի քանի օր առաջ`կարիք չկա թեմաներ մոգոնել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031