Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ Վահան Կարապետյան-Արման Սահակյան ծեծկռտուքից

Մարտ 17,2017 10:29

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ վիճաբանություն, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի թիմակիցների եւ «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Վահան Կարապետյանի («Չերրի» ռեստորանային համալիրի սեփականատեր) միջեւ: Վահան Կարապետյանը եւ նրա թիմակիցներից եւս 4 հոգի տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժողներ կան նաեւ Արման Սահակյանի թիմակիցներից:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ նախկինում Վահան Կարապետյանի թիմակից եւ մտերիմներից մեկը այժմ աշխատում է Արման Սահակյանի թիմում եւ առաջիկա ընտրություններում ձայներ է ապահովելու Արման Սահակյանի համար: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, «չարաշահել» է նախկին կապերը՝ փորձելով այժմ Վահան Կարապետյանի որոշ համակիրների ներգրավել Արման Սահակյանի թիմ:

Վահան Կարապետյանը եւ նրա հավատարիմ «զինակիցները» երեկ առավոտյան զրույց են ունեցել այդ երիտասարդի հետ եւ նախազգուշացրել, որ սահմանները չանցնի: Զրույցը վերաճել է լեզվակռվի, ապա քաշքշոցի: Երեկոյան Լենինգրադյան փողոցում գտնվող «Արաքս» խանութի մոտ վիճաբանությունը շարունակվել է՝ վերաճելով լուրջ կռվի:

Մեր տեղեկություններով՝ Արման Սահակյանը վիճաբանությանը ներկա չի եղել, իսկ Վահան Կարապետյանը թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել: Ականատեսներից մեկը պատմեց, որ Վահան Կարապետյանն առավոտյան երեխային դպրոց է տարել:

Aravot.am-ը փորձեց կապ հաստատել Վահան Կարապետյանի եւ Արման Սահակյանի հետ: Վերջիններիս հեռախոսներն անջատված են:

«Ծառուկյան» դաշինքից մեզ փոխանցեցին, որ դեպքի առիթով իրենք շուտով պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության»-ն ավելի ուշ փոխանցել է, որ Վահան Կարապետյանն այսօր բացատրություն է տվել ոստիկանությունում։ Կարապետյանն ասել է, որ միջադեպ տեղի չի ունեցել, ինքը պարզապես ընկել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031