Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական երկրաշարժ. ինչու է ցնցվում ձեր «170 միլիոնանոց շուկան»

Մարտ 29,2017 22:00

Հայաստանի իշխանությունների եւ մի շարք քաղաքական ուժերի «հույս ու հավատ», իսկ ոմանց համար նաեւ «սեր» հանդիսացող Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաեւ այս ամենի «անվտանգության երաշխիք» ՀԱՊԿ երկու առանցքային երկրները՝ Ռուսաստանը եւ Բելառուսը, վերջին օրերին հայտնվել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Եվ դրա պատճառը ոչ թե «170 միլիոնանոց շուկայի» ինչ-որ ֆանտաստիկ տնտեսական վերելքն է կամ անվտանգության եւ առաջընթացի նորանոր բարձունքների սրընթաց նվաճումները, այլ զանգվածային քաղաքացիական հուզումները: Մինսկում եւ Բելառուսի մարզկենտրոններում մարդիկ պահանջում են, որպեսզի «Բատկա» հորջորջված եւ Եվրոպայի կենտրոնում բազմած կոլխոզային բռնապետը հեռանա: Այդ գավառամիտ ամբոխավարը ավելի քան քսան տարի ինչ-որ «միութենական պետություն» է ստեղծում Ռուսաստանի հետ՝ մեկուսանալով Եվրոպայից եւ գրեթե անվարձահատույց օգտվելով ռուսների էներգակիրների մատակարարումներից:

Իսկ կիրակի օրը սկսեց ցնցվել ինքը՝ Ռուսաստանը: Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ, հիմնականում երիտասարդներ, Մոսկվայում, Պիտերում, այլ խոշոր քաղաքներում սկսեցին վանկարկել. «Պուտինը գո՛ղ է», «Մե՛նք ենք այստեղ իշխանություն»: Եվ այս ամենի «պայթուցիչը» դարձավ մի վավերագրական ֆիլմ-հետաքննություն՝ «Նա ձեզ համար Դիմոն չէ» վերնագրով, որն իր բլոգում եւ Յութուբում մարտի 2-ին տեղադրեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այն արդեն ավելի քան 12 միլիոն դիտում է հավաքել եւ ցույց է տալիս, թե ինչպես է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վիզավի եւ Սերժ Սարգսյանի հետ հանկարծակի «գրիպի պատճառով» հանդիպումը մեկ օրով հետաձգած Դմիտրի Մեդվեդեւն իր յուրայինների հետ միասին «սղոցում» բյուջեի եւ բիզնեսմենների «կշռաքարերը»:

Իհարկե, սա հեղափոխություն չէ, եւ նույնիսկ վաղաժամ է այն նույնիսկ հեղափոխության սկիզբ համարելը: Թե՛ Բելառուսում, թե՛ Ռուսաստանում բողոքը ներկա դրությամբ ապաքաղաքական է, չկա քաղաքական գաղափարախոսություն, եւ չկա քաղաքական կազմակերպություն, որի ընդերքում այն կձեւավորվի այս բողոքի ալիքի ազդեցության ներքո: Բայց փաստ է, որ մարդիկ, քաղաքացիները դժգոհ են: Դժգոհ են վատթարացող կենսամակարդակից, «մենթական» բարքերից, բազմաթիվ եւ անիմաստ «նելզյա»-ներից:
Բելառուսական հասարակության օրակարգում չկա դաժան դեֆորմացիայի ենթարկված պետականության հարցը, դարերով եկած ռուսիֆիկացիայի հարցը, մայրենի լեզվի նսեմացման քաղաքականության դեմ պայքարի հարցը՝ խնդիրներ, որոնք հանգեցրել են բելառուսների՝ որպես եվրոպական քաղաքական ազգի զարգացման ընթացքի կասեցմանը, բելառուսների ինքնության վտանգմանը: Հետեւաբար նաեւ շատ քչերին է հուզում, որ մահակը ձեռքին տգետ ոստիկանը կոտրում եւ տրորում է Բելառուսի ազգային դրոշը. ոչ սովետականը, որը Լուկաշենկոն կրկին դարձրեց պետական, այլ սպիտակ-կարմիր-սպիտակը, որը 1918-ի՝ մի քանի ամիս գոյություն ունեցած եւ բոլշեւիկների կողմից ոչնչացված Բելառուսական ժողովրդական հանրապետության պետական դրոշն էր եւ այդպիսին դարձավ նաեւ 1991-94 թվականներին:

Ռուսաստանցիների ընդվզումը նույնպես ապաքաղաքական է: Այո, նրանք սկսել են պայքարել ընդդեմ կոռուպցիայի, որն ընդունել է համատարած բնույթ եւ դարձել ոչ միայն երկրի կառավարման համակարգ, այլեւ կառավարման նպատակ եւ իմաստ: Բայց այդ կոռուպցիան այսօր չէ, որ առաջացավ, եւ այնպես չէ, որ ֆիլմի շնորհիվ է, ով դրա մասին նոր իմացան՝ չնայած պետք է արժանին մատուցել Ալեքսեյ Նավալնիին իր համառ, սկզբունքային եւ առաջադեմ գործունեության համար:

Մյուս կողմից՝ չմոռանանք, որ 2011-12 թվականներին Ռուսաստանում տեղի ունեցան հետխորհրդային ժամանակաշրջանի ամենամարդաշատ բողոքի ցույցերը միանգամայն ժողովրդավարական եւ ազատական օրակարգով, ինչն իսկապես սարսափեցրեց Կրեմլի կառավարիչներին: Սակայն ուշագրավ է դրանից հետո տեղի ունեցածը: Երրորդ անգամ իշխանության ղեկը ստանձնելով՝ Վլադիմիր Պուտինը նախ՝ բռնաճնշումներով խեղդեց բողոքի ալիքը, իսկ այնուհետեւ բողոքական տրամադրությունները թաղեց «ծնկներից վեր կացող» նոր կայսրության, «ռուսական աշխարհի», «Կռիմնաշ»-ի մեջ եւ նոր թշնամու կերպարի՝ ի դեմս Ուկրաինայի եւ Արեւմուտքի, ստեղծմամբ: Եվ տեղի ունեցավ այն, ինչ դեռ շատ վաղուց ասում էին 19-րդ դարի լեհ մտավորականները, որ «ռուսական ազատամտությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ազատ եւ անկախ Լեհաստանը»…

Պատմականորեն է կանխորոշված, որ Եվրոպայի աշխարհագրական կենտրոնում գտնվող 10-միլիոնանոց երկիրը հնարավոր չէ հավերժ կառավարել ինչպես մի կոլխոզ, եւ դա մի օր վերջանալու է: Նույնպես կանխորոշված է, որ «ժողովուրդների բանտի» կարգավիճակը եւ համբավը վերականգնած եւ 26 տարի առաջ միայն մասամբ փլուզված Ռուսաստանին նույնպես տրված է դառնալ ազատ եւ ժողովրդավարական երկիր՝ հիմնված արժեքների վրա, որոնք այլեւս միայն եվրոպական չեն, այլ համամարդկային են, տարածվելով առանց բացառության բոլոր մայրցամաքներում: Սակայն փաստ է, որ դա անհամատեղելի է կայսրության հետ, այն է՝ ներկայիս սահմաններում Ռուսաստանի: Իսկ անցած շաբաթ տեղի ունեցածն այս ամենի գուցեեւ հեռավոր ազդակներն են: Ի վերջո, «թիթեռի էֆեկտը» ոչ ոք չի կարող չեղյալ համարել, եւ դժվար է ասել, թե որ «թիթեռը» կկոտրի այդ գերբեռնված «ուղտի» մեջքը…

Մնում ենք մենք՝ մեր «անվտանգությամբ», «առաջընթացով», ԵՏՄ-ՀԱՊԿ-ով, «Գազպրոմով», մեր չլուծված խնդիրներով եւ «դարավոր բարեկամ-ռազմավարական դաշնակցով», որն իր իսկ խնդիրները չի կարողանում լուծել, բայց կարող է խնդիր դառնալ մեզ համար, եւ ոչ միայն մեզ: Նախընտրական քարոզարշավի ժամանակ ամեն ինչ էլ կարելի է ասել, եթե չեն սուլում, վաղը դա էլ կմոռացվի: Սակայն երբ այդ «ուղտը» կոտրված մեջքով մեկ օրում վայր ընկնի, իսկ մենք հայտնվենք նրա ողջ ծանրության տակ, հետո չասեք, թե, ասենք, Մեդվեդեւը մեզ «խաբեց»: Մեզ ցարերը, Վորոնցով-Դաշկովը, Յուդենիչը, Դենիկինը, հետո բոլշեւիկները, Լենինը, Ստալինը, Գորբաչովը, Ելցինը, Պուտինը, բոլորը՝ ինչքան պետք է խաբել են, եւ մի բան էլ ավելին, իսկ մենք խաբվելու բոլոր «սահմանային թույլատրելի չափաբաժինները» վաղուց ենք գերազանցել: Բավակա՛ն է: Հետեւություն արեք, եւ մեր այսօրվա 26-ամյա պետության փորձն էլ՝ ձեզ օգնական:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»
29.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031