Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը քաղաքական լուրջ առաջխաղացում չի արձանագրի. Քաղաքագետ

Ապրիլ 13,2017 21:22

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով, Արցախի հարցով առաջիկայում նախատեսված եռակողմ հանդիպումը հոգևոր առաջնորդների մասնակցությամբ վստահության մեխանիզմների կամ դեէսկալացիային միտված քայլ կարելի է համարել:

«Դրանից հեռու գնացող հետեւություններ կամ հակամարտության լուծման հարցում առաջխաղացման մասին խոսելն ավելորդ է: Նույնիսկ, եթե վաղը նախագահների մակարդակով հանդիպում լիներ, դա չէր նշանակի, որ հակամարտության լուծման առումով լուրջ առաջխաղացումներ կարող են տեղի ունենալ, որովհետեւ կողմերի մոտեցումներն այնքան իրարամերժ են, այնքան իրար հակասող, նույնիսկ բոլոր դրական պայմանների դեպքում դժվար է սպասել, որ մոտակա տարիների, եթե ոչ տասնամյակների ընթացքում կունենանք լուրջ առաջխաղացում»,- կարծում է պարոն Մինասյանը:

Մեր հարցին՝ ինչ կարող են անել հակամարտության լուծման հարցում հոգեւոր առաջնորդները, պարոն Մինասյանը պատասխանեց. «Որոշ առումով մեղմացնել լարվածությունը շփման գծում, ստեղծել նոր կանալներ, որոնք որ մեղմացնում են ատելությունը ժողովուրդների եւ պետությունների միջեւ»:

Մեր հարցին, շփման գծում այն լարվածության մակարդակին, որին հասել ենք վերջին ժամանակահատվածում հոգեւոր առաջնորդների հանդիպումը հնարավորություն կտա՞ մեղմացնել ատելությունը, պարոն Մինասյանը պատասխանեց. «Չհանդիպելն էլ սխալ կլինի, յուրաքանչյուր պահ պետք է օգտագործել այդ լարվածությունը մեղմացնելու համար, եթե մեր նպատակը գոնե հրադադարի ռեժիմը պահպանելն է»:

Ըստ նրա, ոչ միայն Արցախի հարցում, այլեւ աշխարհի տարբեր կոնֆլիկտների դեպքում հոգեւոր առաջնորդների հանդիպումները քաղաքական լուրջ առաջխացման չեն կարող բերել, այդպիսի հանդիպումները միայն նպաստում են լարվածության թուլացմանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930