Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ցուցմունք է տվել ռազմաբազայից անհետացած Դմիտրի Լոշմանովը․ մանրամասնում է Շիրակի դատախազը

Ապրիլ 20,2017 11:51

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ բացատրություն է տվել ապրիլի 16-ից ռազմաբազայի հանրակացարաններից անհետացած պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը, ինչո՞ւ էր հայտնվել համածառայակցի՝ «Մուշ» թաղամասում վարձակալած բնակարանում։ Վերջինս, Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, նշել է, որ ինքը եղել է խմիչքի ազդեցության տակ, իրեն հանդիպել է համածառայակից զինվորականներից մեկը ու տարել իր վարձով բնակարան։ Լոշմանովը համածառայակցի տվյալները չի կարողացել հայտնել՝ ասելով, թե չգիտի։

«Ես տեղյակ էլ չեմ եղել, որ ոստիկանները ինձ են փնտրում, մի պահ դուրս եկա բակ, խանութից գնումներ կատարելու, տեսա ոստիկանները ինձ հրավիրում են իրենց մոտ։ Շատ զարմացա, թե ինձ ինչո՞ւ եք փնտրում։ Ես որևէ խնդիր չունեմ, ինձ ոչ մեկը չի սպառնացել, որևէ մեկից նեղված ու վիրավորված չեմ, ուղղակի այնպես ստացվեց, որ երեք օր մնացի իմ համածառայակցի տանը», -ասել է զինծառայողը։ Նրա մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Մեր հարցին, երբ խմիչքի ազդեցությունից դուրս եկավ՝ չմտածե՞ց վերադառնալ ծառայության, դատախազի փոխանցմամբ՝ Դմիտրի Լոշմանովն այդ հարցին հետևյալ պատասխանն է տվել․«Մտածեցի մի երկու օր մնամ, կգնամ»։

Նա ոստիկաններին տված բանավոր հայտարարության մեջ ասել է, որ համածառայակիցը, որի տվյալները չգիտի, մի քանի օրով Գյումրու «Պոլիգոն» թաղամասում զորավարժանքների մեջ է գտնվել, բանալին տվել է իրեն, սակայն Լոշմանովը գրավոր ցուցմունքի մեջ նման բան չի գրել։

Ի դեպ, մենք դատախազից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք վերջինս այցելե՞լ է «Լաքի» գիշերային ակումբ, այնտեղ լավ զգացել մերկապարուհիների հետ, խմել ու հենց այնտեղից էլ անհետացել։ «Ոչ, նա գիշերային ակումբում եղել է իր անհետացման նախորդ գիշերը, այսինքն` ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը, որից հետո վերադարձել է հանրակացարան»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930