Լրահոս
Օրվա լրահոսը

Գանգի ձեւը կարեւոր չէ

Մայիս 03,2017 10:18

Նորից Ֆեյսբուքում հայտնվեց հայ աղջկանից եւ սեւամորթ ամուսնուց բաղկացած ընտանեկան մեկ այլ զույգի նկարը, եւ էլի սկսվեց «ուսյալ հայրենասերների» խրախճանքը «հայի գենի» վերաբերյալ: Մարդիկ ամենայն լրջությամբ պնդում են, որ կա, ասենք, հայկական գանգ եւ ոչ հայկական՝ չիմանալով, հավանաբար, որ այդ տեսությունն իրենցից մոտ 80 տարի առաջ պետական մակարդակով կյանքի էին կոչում Գերմանիայի իշխանությունները: Նրանք ունեին գանգերի հստակ մոդելներ, որոնց մի մասը համապատասխանում էր «արիական» չափանիշին, իսկ մյուսը՝ ոչ: Մեկը, հետեւաբար, բարձր կարգի ազգ է, իսկ մյուսը՝ ցածր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: «Գենը» նույնն է՝ իբր ինչ-որ գենետիկ կոդեր կան, որոնցով ազգերը տարբերում են, եւ այդ կոդը, պարզվում է, պետք է պահել «անբասիր մաքրության» մեջ:

Ենթադրենք, իմ գենետիկ կոդն ուսումնասիրեցին եւ պարզեցին, որ այդ գենը համընկնում է թուրքի գենի հետ, դա որեւէ ձեւով ազդո՞ւմ է իմ գործունեության բնույթի վրա: Ես գրում եւ խոսում եմ հայերեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ծնվել եմ եւ մեռնելու եմ Հայաստանում: Դա՞ է կարեւորը, թե՞ ինչ-որ գենետիկ կամ «գանգային» փորձագիտության արդյունքները: Եվ հակառակ դեպքն էլ վերցնենք. պատկերացրեք մի հայի, որի գեները «շատ մաքուր» են, գանգն էլ համապատասխանում է արիացու ամենաբարձր ստանդարտներին, բայց այդ հայը իր համաքաղաքացիների չքավորության հաշվին միլիարդատեր է դարձել: Նա ավելի՞ պիտանի է մեր հասարակության համար, քան «սխալ», թեկուզ թուրքական գենով օրինապաշտ քաղաքացին:

Մի խոսքով, միակ բանը, որի վրա արժե ուշադրություն դարձնել, մարդու վարքն է տվյալ հասարակության մեջ, իսկ սպիտակամորթ է նա, թե սեւամորթ, սայլակով է տեղափոխվում, թե քայլելով, ակնոցավոր է, թե լավ տեսողություն ունի, նրա արյան բաղադրության մեջ ինչ «կոդեր» կան՝ այդ ամենը չափազանց երկրորդական է:
Սովետի քանդվելը, բացի դրական արդյունքներից, ունեցավ նաեւ բացասական հետեւանքներ՝ գործնականում ընդհատվել է շփումն այլ ազգերի հետ: Ոչ բոլորն են, որ հնարավորություն ունեն գոնե մեկ շաբաթով դուրս գալու մեր մոնոէթնիկ հանրապետության սահմաններից եւ տեսնելու այլ ազգի, այլ կրոնի, այլ մշակույթի, այլ գույնի մարդկանց: Այդ «ներփակվածությունն» է պատճառներից մեկը, որ մարդկանց մեջ ձեւավորվում են անհեթեթ կարծրատիպեր ու բարդույթներ:

Եթե հայ աղջիկն ընտրել է սեւամորթ ամուսին, դա իր անձնական գործն է: Միայն գավառական սահմանափակ մտահորիզոն ունեցողներն են, որ կարող են ընդհանրապես քննարկել այդ խնդիրը: Եվ ինչպես շատ-շատ այլ հարցերում, այստեղ նույնպես պետք է գնալ հոսանքին դեմ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. joradzadza says:

    “…պատկերացրեք մի հայի, որի գեները «շատ մաքուր» են, գանգն էլ համապատասխանում է արիացու ամենաբարձր ստանդարտներին, բայց այդ հայը իր համաքաղաքացիների չքավորության հաշվին միլիարդատեր է դարձել:” Դրանք մի քանի հոգի են: Էդ ո՞ր մեկն է, որ “ճիշտ” գանգ ունի: Նորից թերթեցի հայրենակից միլիարդատերերի նկարների ալբոմը`օժանդակ դպրոցի վինետկա ոնց որ լինի:

  2. Մարինա says:

    Շատ հետաքրքիր կլիներ պարզել մաքուր գեներ քարոզողների սեփական գեների բաղադրությունը, ապա հրապարակել հետազոտման արդյունքները, իսկ հետո պահանջել, որպեսզի այն քարոզիչը, ում մոտ կհաստատվի օտար գեների առկայությունը, ազատվի իր այդ սխալ գեներից՝ ցանկացած եղանակով և մի շաբաթվա ընթացքում։ Հակառակ դեպքում թող հրապարակավ հայտնի, որ ինքը մաքուր գեներ չունի, ստախոս է և պրովոկատոր և համաձայն է, որպեսզի իրեն պատժեն մաքուր գեներ ունեցողները՝ իրենց նախընտրած եղանակով։ Մուլտֆիլմի համար լավ սցենար դուրս եկավ․․․

  3. Լավատես says:

    ՝միակ բանը, որի վրա արժե ուշադրություն դարձնել, մարդու վարքն է տվյալ հասարակության մեջ՝

    Վարքը կախված է պայմաններից, նույն քոչվորը երբ հնազանդվում է տեղաբնիկին, քոչվորի վարքը շատ դրական է, մեկ այլ պայմանում, երբ նույն քոչվորը տեղաբնիկին է հնազանդեցնում, քոչվորը միանշանակ վաղ թե ուշ ցեղասպանում է տեղաբնիկին, քոչվորը նույնիսկ իր ցեղակիցներին է ոչնչացնում, եթե նրա ցեղակիցները հաշտ ու համերաշխ ապրում են տեղաբնիկների հետ: Այնպես որ մենք ոչ մի այլընտրանք չունենք, մենք միանշանակ պետք է միավորվենք բոլոր տեղաբնիկ ազգերով, իրար պաշտպանենք ու արդյունավետ հակահարված տանք ու հնազանդեցնենք մեր բնական թշնամուն՝ ուժեղ քոչվորին:

  4. Ruben says:

    «Любовь зла, полюбишь и козла».

  5. henri says:

    Ուսանողական տարիներուս,Հռոմի մեր համալսարանը ժամանեց ՝միջազգային համբաւի տէր մեծ հեղինակութիւն վայելող Իտալացի Մարդաբան Վիթթօրիօ Մարկոցցի փրոֆէսօրը եռամսեայ ընթացքի մը համար: Արձանագրուեցայ աւելի իր համբաւին քան աւանդած նիւթին համար:
    Առաջին պահերէն երբ սկսաւ թուարկել հնագոյն ցեղերու խմբաւորումները՝ յանկարծ օրինակ բերաւ Արմէնօիտ ցեղը և շեշտեց որ անոնք ներկայիս Իննսուն միլիոն կը հաշուըւին ՞՞՞:ափ ի բերան մնացած մօտեցայ իրեն դասէն ետք և ներկայացայ :Փրոֆէսօր ԵՍ ՀԱՅ եմ —ըսի ,բայց մենք հազիւ երեք – չորս միլիոն ենք աշխարհիս վրայ,,, պատասխանը եղաւ — Ես չըսի քրիստոնեայ և հայախօս — Արմէնօիտ ցեղի յատկութիւնները ունեցող ԻՆՆՍուն միլիոնի մասին խօսեցայ :մենք գիտնականներս ցեղերը կը դասաւորենք հիմնուած այդ խումբին ՀՆԱԳՈՅՆ և ԿԵՆԴԱՆԻ հաւաքականութեան անունով ,,, Չտագնապինք ուրեմն -Իննսուն միլիոն ենք -մի օր կը խմբուինք հաւանաբար -Իսկէնտարներով տողանցելու փոխարէն Իննսուն միլիոնով կը տողանցենք,-կրնանք տեղի հարցեր ունենալ ,այդ մէկն ալ մեր բանակը կը լուծէ,

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031