Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավների տարբերությունը

Մայիս 05,2017 10:19

Որքան էլ ասվի, որ Երեւանի ավագանու ընտրությունները նույնպես քաղաքական են, որովհետեւ դրան մասնակցում են քաղաքական ուժերը (եւ դա, իհարկե, ճիշտ է), միեւնույն է՝ խորհրդարանական քարոզարշավը պետք է մարտավարական առումով տարբերվի ավագանու քարոզարշավից: Խորհրդարանական ընտրություններում թիրախը Սերժ Սարգսյանն էր (ի հեճուկս այն հանգամանքի, որ նա չէր առաջադրվել), եւ մեր քաղաքացիներից շատերի գնահատմամբ՝ նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ անելը խիզախության եւ չափազանց ընդդիմադիր լինելու նշան է:

ԱԺ ընտրարշավի ժամանակ ընդդիմադիր թեկնածուները գնում էին հեռուստաընկերություններ, իրենց ուզածն ասում էին եւ վերջում էլ հաճախ ավելացնում՝ «ի դեպ, մեզ մոտ բռնապետություն է, ու խոսքի ազատությունն ամենադաժան կերպով ճնշվում է»: Մեր հասարակական կազմակերպություններն էլ այդ ոգով զեկույցներ են գրում «Ֆրիդոմ հաուսին» ու մնացածներին եւ շատ ուրախանում այդ միջազգային կառույցների կոշտ գնահատականների վրա, որոնք իրենց համար հետագա գործունեության ասպարեզ են բացում:

Երեւանի ավագանու ընտրարշավում նախ՝ բռնապետությունից չես բողոքի, իսկ երկրորդ՝ Տարոն Մարգարյանին վիրավորելը չի ընկալվում որպես հերոսություն: Երբ մարդիկ տեսնում են, որ 10-րդ կամ 20-րդ անգամ հնչած հայհոյանքը որեւէ արձագանքի չի արժանանում (ի դեպ, նույնկերպ վարվում էր նաեւ Անդրանիկ Մարգարյանը), նրանք սկսում են կասկածել՝ իսկ արդյո՞ք հայհոյելն այդքան վտանգավոր է: Մի խոսքով՝ ավագանու ընտրությունների պարագայում նույն սրությունը չի պահանջվում: Էլ չասած, որ երբ սկսում ես աջուձախ բոլորին «քլնգել», ապա մտնում ես այդ ոճի մեջ եւ ակամա հարվածում ես քո ընկերներին եւ քո բարին կամեցողներին:

Բռնապետության եւ ժողովրդավարության խնդիրն այս ոճով գուցեեւ լուծվում է, բայց քաղաքային տրանսպորտի եւ վթարային շենքերի ամրացման հարցը, ենթադրում եմ, չի լուծվում: Այստեղ պետք է ավելի մանրակրկիտ, ավելի պրակտիկ մասնագիտական մոտեցում, որը հիմնված է հաշվարկների վրա: Քաղաքի տնտեսության պարագայում հնարավոր չէ պարզապես ասել՝ «ես ծանոթ շեյխ ունեմ, նա միլիարդներ կներդնի»: Որովհետեւ միլիարդներից առաջ (եթե դրանք նույնիսկ կան) պետք է իմանաս, թե ինչ տրանսպորտային համակարգ ես ուզում ստեղծել քաղաքում: Դա մի ամբողջ գիտություն է, որը խոր գիտելիքներ եւ ուսումնասիրություններ է պահանջում:

…Չէ, քաղաքի ավագանու ընտրությունների պարագայում թարմ մոտեցումներ են անհրաժեշտ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    5 տարի է աշխատում եմ մի քաղաքում, որտեղ բնակչությունը 2.5 մլն է, ասպիրատի թոշակը 1000 դոլարի համարժեք, 101 հարկանի շենք կա`չնայած անընդհատ երկրաշարժ է: 5 տարվա մեջ կառուցվել է նոր “հայվեյ”-մոտավորապես 80կմ, մետրոյի 5 գիծ, քանդված ճանապարհ չկա: 30-40 հարկանի քանի շենք սարքվեց այս 5 տարում`դժվար է հաշվել: Եվ այլն… Չալարեցի, հարցում անցկացրի տեղացի պրոֆեսորներ մեջ`ի՞նչ է քաղաքագլխի անունը: 7-ից միայն մեկը ինչ որ բան հիշեց: Նախկին սովետականները, որ հիմնականում ցածրորակ գիտնական են, գրեթե բոլորը գիտեին անունը: Ասածս ինչ է` ինչքան մեղք ենք մենք հայերս: 3 “գեղցի” փորձում են դառնալ Երևանի քաղաքագլուխ ու իրար “հաթաթա” են տալիս, թե դու “էրեվնցի” չես ու ոչ ոք չի ծիծաղում:

  2. Լավատես says:

    `…Չէ, քաղաքի ավագանու ընտրությունների պարագայում թարմ մոտեցումներ են անհրաժեշտ:`

    Ով վճարում է ու տանիք է աշխատում, նա էլ երաժշտություն է պատվիրում, այսինքն՝ նախքան քաղաքացիների ընտրությանը, այդ վճարող տանիքները արդեն իրենց ընտրությունը կատարել են՝ թեկնածուների տեսքով, այնպես որ մեր պետական ծառայողները եթե մակարդակով ու անկախ լինեին, այդ վճարող տանիքները նրանց քաղաքականապես արագ կվերացնեին, դրա համար էլ մեր պետական ծառայողները ծառայում են իրենց վճարող տանիքներին եւ ոչ թե քաղաքացիներին: Քանի որ վճարող տանիք լինելը շատ արդյունավետ է, ուրեմն ընտրող քաղաքացիները իրենք պետք է դառնան այսօրվա գործող վճարող տանիքին մրցակից վճարող տանիք, թե չէ մի քանի խելքը գլխին մարդկանց են մեջտեղ գցում, սրանք էլ ուրախանում են, որ մի լավ բան արեցին երկրի կամ քաղաքի համար, բայց ոչ մի ռազմավարական հարց նրանք չեն լուծում, որովհետեւ իրենց քանակը փոքր լինելու պատճառով որակ չի ստեղծում:

    Խնդրի լուծումը՝ Ա պետական ծառայողների համար հատուկ օրենքների, դատարանների ու կալանավայրերի ստեղծում, կարճ ասած՝ պետական ծառայողին հավասարեցնել զինվորական ծառայողին:

  3. Ruben says:

    Երևանի գլխավոր հատակագծի (1906-1911 թթ.) հեղինակ, հայ ճարտարապետ Մեհրաբյանի Երեւանի հոգին լքում է ձեզ ընդմիշտ:
    Քաղաքը դարձել է դատարկ, անհոգի, դատապարտված կործանման:

  4. Margar Makhsudyan says:

    Դա մի ամբողջ գիտություն է, որը խոր գիտելիքներ եւ ուսումնասիրություններ է պահանջում… որին տիրապետում է Տարոն Մարգարյանը, իր՝ լրագրողներից թաքուն պաշտպանած թեկնածուական թեզի շնորհիվ: Սաքուլիկ-Մաքուլիկներն էլ՝ ձեզ նվեր…

  5. Հ.Շ. says:

    ո՜ւֆ… նորէ՞ն ընտրութիւնների մասին…

    ուրիշ նիւթ չկա՞յ, Հայաստանում

    անդադար ու միայն ընտրութիւններ!
    մէկ հատը կը վերջանայ, միւսը կը սկսի,
    իսկ մինչեւ անկէ յաջորդը՝
    նախորդների մասին անվերջանալի վիճաբանութիւններ

    այնքան միօրինակ, ձանձրանալի է,
    որ գրեթէ մարդ երանի կու տայ՝ որ իսկական, բառացի ու կարգին բռնատիրութիւն լինէր, որպէսզի այսքան ուժ եւ ժամանակ չկորսնցնէինք ընտրութիւներով

    lol

  6. henri says:

    Երբ դու ուզած բանդ խօսիս — ազատօրէն— և իշխանութիւնները քեզ չձեռբակալեն այդ ալ ԲՌՆԱՊԵՍՈՒԹԵԱՆ ամէնէն նենգ տեսակն է – քանի որ իրենք պիտի շարունակեն ուզածնին ընել,և աշխարհի քթին ծիծաղիլ որ հայաստանը դարձած է ժողովրդավարական երկիր /առաջին հորիզականներուն վրայ գտնուող, և բնակչութիւնն է որ –ազատօրէն– իր կամքով զիրենք կ՝ընտրէ միշտ քանի լաւագոյնն են իրենք,չեն նմանիր մնացեալ –փողոցային– խուժաններուն,,,

    • Հ.Շ. says:

      ուրեմն այսպէս, բռնատիրութեան [այդ ալ՝ գլխագիր տառերով] «ամէնէն նենգ տեսակը» այն է, «երբ դու ուզած բանդ խօսիս – ազատօրէն – »

      այս խորիմաստ հաստատումը կը նշանակէ թէ՝ աւելի բաղձալի է, նախընտրելի է, որ իշխանութիւն մը խստօրէն կաշկանդէ ազատ արտայայտութեան իրաւունքը, քան թէ հանդուրժող ըլլայ այդ իրաւունքի նկատմամբ…

      հետաքրքրական մօտեցում է

      re-lol

      «յեղափոխական» այսպիսի տարօրինակ յղացներէ անդին, պարզ իրողութիւնը այն է թէ Հայաստանի իշխանութիւնը մնաց իշխանութիւն, ժողովրդավարութեան խաղը վարպետօրէն խաղալով. ինչպէս որ կ’ընեն աշխարհի բոլոր ժողովրդավարական երկիրներու բոլոր իշխանութիւնները.

      այո, դժուար է, երբ որ ծայրայեղօրէն այլախոհ փոքրամասնութեան մաս կը կազմես, բայց այսպէս է աշխարհը.

      իսկ շատ լաւ ալ կրնաս նաեւ ոչ մէկ կողմին հետ չըլլալ, լման հեռու մնալ քաղաքական խնդիրներէն, եւ լծուիլ քո հայրենասիրական գործիդ, առանց խառնուելու ուրիշ բանի. բուն «մարիֆէթը» այս է, նոյնիսկ.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031