Լրահոս
Օրվա լրահոսը

Հավասարությունը ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում ըստ Տիգրան Սարգսյանի

Մայիս 05,2017 11:22
Tigran sargsyan

sut.am. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 2-ին հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն ԵՄ-ից տարբերվում է անդամ երկրների հավասարությամբ: «Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներկայացված է 2 նախարարով, ինչպես ԵԱՏՄ անդամ բոլոր երակները: Բոլոր անդամ երկրներն ունեն հավասար ձայներ: Ավելին, մեր երկրները Միությունում որոշումների կայացման հարցում ունեն քվեի իրավունք: Այն նշանակում է, որ մենք գործ ունենք հավասար իրավունքներ ունեցող անդամներով Միության հետ: Սա սկզբունքայնորեն կարևոր հանգամանք է, ինչով էլ ԵԱՏՄ-ն տարբերվում է ԵՄ-ից», – նշել էր ՀՀ նախկին վարչապետը:

Որպեսզի հասկանանք երկու միությունների «սկզբունքային տարբերությունը» ըստ Սարգսյանի եկեք քննարկենք, թե ինչպես են որոշումներ կայացվում այս երկու միություններում: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում որոշումները կայացվում են բոլոր հինգ երկրների նախագահների կողմից` կոնսենսուսով: Սակայն, նույնը կարելի է ասել նաև ԵՄ անդամ երկրների նախագահներից կազմված Եվրոպական խորհրդի մասին՝ այստեղ ևս ներկայացված են բոլոր անդամ երկրների ղեկավարները և կարևոր որոշումները կայացվում են կոնսենսուսով: Որոշ երկրորդական կարևորության հարցերի դեպքում այս մարմնում կարող են ձայների մեծամասնությամբ կայացվել որոշումներ, սակայն այդ հարցերը սահմանափակ են և ունեն երկրորդական նշանակություն:

Կարևորությամբ երկրորդ ԵՄ մարմինը՝ Եվրամիության խորհուրդը ևս կազմված է բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչներից հավասար թվով և հավասարապես քվեարկելու իրավունքով: Թեև, այս մարմնում որոշումները կայացվում են բացարձակ մեծամասնությամբ, սակայն կան հատուկ մշակված մեխանիզմներ անդամ երկրների հավասարությունը ապահովելու համար: Կա այսպես կոչված որակավորված մեծամասնության քվեարկություն, որը հնարավորություն է տալիս փոքր անդամ պետություններին միավորվել ու դեմ հանդես գալ մեծ անդամ պետությունների որոշումներին՝ փաստացի ապահովելով հավասարություն:

Միևնույն ժամանակ ԵՄ-ն չունի անդամ երկիր, որը կարող է ունենալ միանձնյա ճնշում մյուս անդամ երկրների վրա, ինչպես, օրինակ, ՌԴ-ն ԵԱՏՄ-ում: Եթե համեմատենք Գերմանիան, որը ԵՄ առաջատարն է, ապա նա չի կարող միանձնյա որոշումներ պարտադրել մյուս ԵՄ անդամներին, քանի որ կա, օրինակ, Ֆրանսիան, որի գոյությունը միությունում հավասարակշռություն է ստեղծում:

Բացի այդ ԵՄ անդամ դառնալու համար պետությունները տարիներով ռեֆորմներ են կատարում, ստորագրում պայմանագրեր, անցկացնում անդամակցության ցանկության մասին հանրաքվեներ և ինքնակամ որոշում միանալ Եվրամիությանը թե ոչ: Ցանկության դեպքում նրանք անգամ կարող են լքել միությունը, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիան: Նույնը չի կարելի ասել ԵԱՏՄ մասին: ԵԱՏՄ անդամակցությունը առնվազն Հայաստանի դեպքում Մոսկվայից պարտադրված քայլ էր, այլ ոչ թե ինքնակամ որոշում՝ արագ ընդունված, և նախապես հանրության հետ չքննարկված:

Հետևաբար, Տիգրան Սարգսյանի հնչեցրած սկզբունքային տարբերությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև չի համապատասխանում իրականությանը։ Անգամ ավելին, հարց է, թե ԵԱՏՄ ղեկավար մարմիններում անդամ երկրներից հավասար ներկայացուցիչների թիվն ու քվեարկելու իրավունքն ինչքանով է հավասարություն ապահովում: Թղթի վրա գրված հավասարությունը իրական կյանքում դեռևս հավասարություն չի նշանակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031