Լրահոս
Օրվա լրահոսը

Թաներ Աքչամ. Հայոց ցեղասպանության չճանաչումը շատ մեծ խնդիրներ կստեղծի Թուրքիայի համար

Մայիս 09,2017 15:38

Aravot.am-ի զրուցակիցն է թուրք պատմաբան, սոցիոլոգ, հեղինակ Թաներ Աքչամը

-Դուք, լինելով ազգությամբ թուրք, Ձեր կյանքից տասնամյակներ եք տրամադրել ուսումնասիրելու Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:

-Երեք հիմնական պատճառներ կան: Առաջինը՝ ես գիտնական եմ, պատմաբան, աշխատում եմ անցյալում տեղի ունեցած զանգվածային վայրագությունների վրա: Այսպիսով՝ սա իմ աշխատանքն է: Անկախ նրանից, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թե ոչ, իմ պարտքն է, սովորեցնել երիտասարդ սերունդներին զանգվածային կոտորածների մասին, այսպիսով՝ նրանք կիմանան, թե ինչ է կատարվել անցյալում, և նրանք կփորձեն ապագայում կանխարգելել նմանատիպ դեպքերը: Տեսե՛ք, Գերմանիան ճանաչեց Հոլոքոստը, բայց կան Հոլոքոստի խնդրով զբաղվող շատ գիտնականներ, որոնք ուսումնասիրում են թեման: Այսպիսով՝ առաջինը ես անում եմ իմ աշխատանքը որպես պատմաբան և տարօրինակ ոչինչ չկա:

Երկրորդ պատճառը՝ դա, իհարկե՛, կապ ունի Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների հետ: Ես շատ անհանգստացած եմ, որ իմ երկիրը շարունակում է մերժել Հայոց ցեղասպանությունը: Որպես Թուրքիայի քաղաքացի՝ ես գիտեմ, որ պատմական սխալների չընդունումը մեծ խնդիրներ կստեղծի պետության ապագայի համար: Ես հավատացած եմ, որ այսօր Թուրքիան մեծ խնդիրներ ունի կապված ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ և կապված էթնիկ խմբերի կրոնական խնդիրների հետ: Եվ պատճառներից մեկը, որ Թուրքիան այսօր պայքարում է այդ խնդիրների դեմ, այն է, որ Թուրքիան հրաժարվում է առերեսվել իր պատմությանը:

Եթե Թուրքիան ընդունի իր պատմական սխալը, Թուրքիան կարող է հաստատել ավելի լավ ժողովրդավարություն, հասարակություն, որը հարգում է մարդու իրավունքները և ավելի լավ ապագա նրանց համար: Դա ուղիղ կապ ունի հարևանների հետ հարաբերությունների հետ: Սա երկրորդ պատճառն է, որովհետև ես՝ որպես Թուրքիայի քաղաքացի, անհանգստացած եմ Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի համար, և ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանության ընդունումը կօգնի այդ գործընթացներին:

Երրորդ պատճառը՝ տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում զարգացումներն են: Ես կրկին համոզված եմ, որ տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում խաղաղություն կարող է հաստատվել, եթե ազգերը, էթնիկ խմբերը շփվեն միմյանց հետ և ազնվորեն ընդունեն միմյանց նկատմամբ գործած սխալները: Ես հավատացած եմ, այսօր Մերձավոր Արևելքում կենտրոնական խնդիրներից մեկը անվստահությունն է. Էթնիկ խմբերից որևէ մեկը մյուսին չի վստահում՝ պատմական սխալների պատճառով: Յուրաքանչյուր էթնիկ խումբ մյուսին նայում է պատմության պրիզմայից, և նրանք միմյանց չեն վստահում: Եվ պատմական անարդարությունների մերժումը պոտենցիալ է, որ այն կկրկնվի: Գիտեք, որ կարող եք մերժել փաստերը, որ արել եք անցյալում և մեկ ուրիշը կարող է հետամուտ լինել, որ դա կարող է հանգեցնել նրան, որ ապագայում այդ սխալը կրկնվի: Այսպես են տարածաշրջանում մարդիկ հասկանում Թուրքիայի մերժողականությունը:

Քանի դեռ Թուրքիան մերժում է Հայոց ցեղասպանությունը՝ նշանակում է հայերի համար հնարավոր սպառնալիք կա. Թուրքիան դա կարող է կրկնել: Նույնը թուրքերի ու արաբների դեպքում է: Այսպիսով՝ եթե շարունակում ես մերժել պատմական անարդարությունները, դու այլ մարդկանց շրջանակում պոտենցիալ կերպար ես ստեղծում, որ կարող ես կրկնել միևնույն հանցագործությունը:

-Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ կարող է այս տարիների ընթացքում Ձեր այս կատարած աշխատանքը ազդել Թուրքիայի քաղաքականության վրա այն դեպքում, երբ նայում ենք վերջերս Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և Էրդողանի իշխանության աճի տեսանկյունից:

– Ես չեմ կարծում, որ գիտական մոտեցումը կարող է ազդեցություն ունենալ կարճ ժամանակահատվածում: Մերժողականությունը քաղաքական խնդիր է, դա կարող է փոխվել որոշ քաղաքական փոփոխությունների պատճառով:

Ինչ կարող է ակադեմիան անել և ինչ ենք արել մենք այս տարիների ընթացքում՝ դա ջրի մեջ քարեր նետելն է, դա ալիքներ է առաջացնում, այս ալիքները երբեմն կարող են չափազանց թույլ հարվածել ափին, և մենք չգիտենք, թե դրանք, երբ կարող են հարվածել: Այսպիսով՝ ես գիտեմ, որ իմ աշխատանքը և այլ գիտնականների կատարած աշխատանքը տարիների ընթացքում նաև կունենան որոշակի ազդեցություն քաղաքականության վրա: Բայց սա երկար գործընթաց է: Ես կարծում եմ, որ դա ազդեցություն կունենա թուրքական մերժողականության վրա:

Ես կարող եմ օրինակ բերել՝ թուրքական մերժողականությունը պնդում էր, որ հայերի տեղահանումները սահմանափակվում են պատմական Հայաստանի 6 շրջաններով: Թուրքական մերժողականությունը նաև պնդում էր, որ տեղահանվել են միայն առաքելական հայերը: Եվ այսօր գիտնականները ապացուցում են, որ հայերը տեղահանվել են ամբողջ Անատոլիայից, այսպիսով՝ մերժողականները էլ չեն օգտագործում այդ պնդումը:

Ինչքան շատ ապացույցներ ենք մենք գտնում, նրանք այդքան փոխում են իրենց պնդումները: Եվ ես վստահ եմ, իմ նոր բացահայտումով նրանք ստիպված կլինեն փոխել իրենց հռետորիկան:

– Մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկար տեսնո՞ւմ եք:

– Այս կարճ ժամանակահատվածում ես որևէ հեռանկար չեմ տեսնում երկու պետությունների միջև: Դա կապված է նաև Ղարաբաղի հետ, որովհետև Թուրքիան, այսպես ասած, Ադրբեջանի գերին է: Ադրբեջանը Թուրքիային գերի է վերցրել, և քանի դեռ Ադրբեջանը թույլ չի տալիս Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, հարաբերությունների կարգավորում չի լինի: Ես կարճ ժամանակահատվածում ինչ-որ փոփոխություն չեմ սպասում, մինչև Թուրքիայի կառավարությունը չորոշի իր քաղաքականությունը չկապել Ադրբեջանի հետ, ինչը այս օրերում քիչ հավանականություն ունի:

– Ի՞նչ եք կարծում երրորդ կողմ հանդիսացող երկրների միջամտությունը կարո՞ղ է օգնել խնդրի լուծմանը, թե՞ խանգարել:

-Բոլորը կարծում են, որ արտաքին ազդեցությունը, արտաքին ճնշումը չի կարող ազդել Թուրքիայի վրա, որ փոխի իր քաղաքականությունը: Ես համաձայն չեմ այդ քաղաքականության հետ, նամանավանդ, երբ հաշվի ես առնում ԱՄՆ-ի լծակները: Ես տարբերակում եմ Հայոց ցեղասպանության ԱՄՆ-ի ճանաչումը և այլ երկրների ճանաչումը: Ճիշտ է, եթե Գերմանիան կամ Ֆրանսիան է ճանաչում Հայոց ցեղասպանությունը շատ բան չի կարող փոխել: Դա կարևոր է, բայց դա մեծ բան չի փոխի: Բայց եթե Միացյալ Նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը կարող է շատ բան փոխել հետևյալ պատճառով՝ ըստ ամերիկյան օրենքների կարող եք հայցեր ներկայացնել նահանգների դեմ, Միացյալ Նահանգներում Կենտրոնական բանկը, այլ բանկերը կամ այլ կազմակերպությունները, եթե կարողանաս ապացուցել, որ այդ կազմակերպությունները այս կամ այն կերպ կապ ունեն ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործության հետ: Եթե Ամերիկան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Կալիֆորնիայում այնքան հայցեր կան ընդդեմ Թուրքիայի կառավարության և Թուրքիայի կենտրոնական բանկի և այլ բանկերի: Սա հնարավոր կդարձնի կողպել Թուրքիայի ակտիվները Միացյալ Նահանգներում: Դա էլ կբերի ֆինանսական և տնտեսական վնասի, և դրա դիմաց Թուրքիան կսկսի մտածել Հայաստանի հետ բանակցելու մասին:

Մենք այստեղ՝ Միացյալ Նահանգներում նման շատ օրինակներ ունենք, հայտնի օրինակ ՝ Հոլոքոստինը, երբ նացիստները ոսկիներ էին պահում Շվեյցարիայում, և Շվեյցարիան էլ հրաժարվում էր տալ դրանք Հոլոքոստը վերապրածներին: Եվ Հոլոքոստի կառույցները ԱՄՆ-ում սկսեցին հայցեր ներկայացնել, Շվեյցարիան վերադարձրեց ոսկին Հոլոքոստը վերապրածներին:

-Ձեր կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կբերի՞ ցեղասպանությունների կանխարգելման:

-Մենք համաշխարհային պատմությունից գիտենք, որ պատմական սխալների ընդունումը երաշխիք չէ, որ նման սխալներ այլ տեղերում կատարեն: «Այլևս երբեք»-ը ճիշտ չէ, բայց անպայման ընդունումը կարող է օգնել թեթևացնել երկրների հարաբերությունները: Պատմական սխալների ընդունումը անպայման կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, նա նաև կօգնի Թուրքիային լուծել թուրք-քրդական խնդիրը:

-Ինչ եք կարծում, որտե՞ղ է խնդրի բանալին:

-Ես չեմ կարծում, որ պետությունների մակարդակով մենք շատ բանի կհասնենք: Գիտեք, որ հակամարտությունների լուծման համար եզրույթ կա՝ տարբերակվում են երեք մակարդակներ: Առաջին մակարդակը պետությունների մակարդակով հակամարտության լուծումն է, երկրորդ մակարդակը՝ ինստիտուցիոնալ հարաբերություններ են, երրորդը՝ հիմնական մակարդակով գործողությունը:

Եթե ինձ եք հարցնում, ապա բանալին հիմնական մակարդակում է՝ թուրքական և հայկական քաղաքացիական հասարակությունները փորձում են ավելացնել իրենց շփումները, հավաքվել և սա կարող է հասնել նաև կառավարություններին, մասնավորապես՝ թուրքական կառավարությանը, որպեսզի զարգացնեն հարաբերությունները Հայաստանի հետ: Սա է բանալին, մենք իսկապես պետք է շարունակենք աշխատել՝ իմանալով, որ վաղը փոփոխություն չի լինի, բայց մենք պետք է հավատանք, որ եթե մենք շարունակենք, ապա մենք շատ շուտով կարող ենք ինչ-որ բան փոխել: Այսպիսով՝ այդ տեսանկյունից այդտեղ որևէ երաշխիք չկա, բայց ինձ համար բանալին որքան հնարավոր է մարդկանց միասին հավաքելն է:

-Կներկայացնեք՝ ձեր վերջին բացահայտումը՝ հեռագիրը, այն ի՞նչ արժեք ունի:

-Հեռագիրը կապված է հայերի համակարգման և վերացման հետ: Շատ պարզ է, թույլ տվեք ինձ այն անվանել ծխացող ատրճանակ: Հեռագրում հարցնում են՝ արդյոք հայերը բնաջնջվե՞լ են, թե՞ ոչ: Սա պաշտոնական հեռագիր է:

Երկու հիմնական ասպեկտ կա՝ առաջինը՝ այն օսմանյան ձևաթղթի վրա է գրված, որը ցույց է տալիս, որ այն պետական փաստաթուղթ է, և երկրորդը՝ հեռագրում կոդավորված թվեր կան, և կոդավորումը հենց այն կոդավորումն է, որ կա օսմանյան արխիվում:

Այսպիսով՝ դա պարզ սպանության հրահանգ է, և շատ պարզ է, որ այն վավերական է: Դժվար է այժմ Թուրքիայի կառավարության համար պնդել, որ դա վավերական փաստաթուղթ չէ: Սա նշանակում է, որ նրանց մերժողական ռազմավարությունը պետք է բացահայտվի. Իրենք չեն կարող մերժել Հայոց ցեղասպանությունը՝ասելով՝ ցույց տվեք վավեր փաստաթղթեր:

Չգիտեմ՝ ինչ են պատրաստվում անել դրա հետ, բայց սա խոշոր հարված է մերժողականությանը: Մեզ՝ գիտնականներիս համար մենք արդեն սահմանել ենք, որ այն ինչ կատարվել է հայերի հետ, ցեղասպանություն է: Եվ սա լրացուցիչ փաստաթուղթ է:

Կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը պետք է լրջորեն մտածի իրենց մերժողական ուսումնասիրությունները փոխելու մասին. Նրանք մեկ այլ եղանակ կգտնեն Հայոց ցեղասպանությունը մերժելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031