Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով իմ նկատմամբ, իմ երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել՝ պատասխանատվության են ենթարկվելու». Փոստանջյան

Մայիս 14,2017 18:12

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր հրատապ ասուլիս հրավիրեց՝ Աճառյան 22 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբում տեղի ունեցած բռնությունների եւ միջադեպի առնչությամբ:

Նա հայտարարեց, որ ահազանգ է եղել, որ Տարոն Մարգարյանի այդ շտաբում էին պահում ոչ միայն ընտրակաշառք ստացած մարդկանց ցուցակները, այլեւ թաղային հեղինակությունների, թաղապետերի ցուցակը, որոնց տալիս են մեծ գումարը, որ բաժանի. «Մենք արդեն պատկերացում ունեինք, թե ովքեր են այդ հիմնական ընտրակեղծարարները, իրենց շարժուձեւից, պահվածքից երեւում է, որ այդ մարդիկ աշխատում են ՀՀԿ-ի համար: Մոտեցանք, մտանք այդ գրասենյակը, մի տիկին էր նստած, շատ ջերմ ընդունեց, հետո հասկացավ ես ով եմ: Տպավորություն էր սկզբից, թե մենք իրենց հաճախորդներից ենք, երբ հասկացավ՝ անմիջապես պահեց փաթեթը, զանգահարեց իրենց շտաբի պետին: Շտաբի պետը եկավ բորբոքված եւ ամեն ինչ այդ ժամանակ սկսվեց»:

Զարուհի Փոստանջյանն ափսոսում է, որ մի կերպ չի կարողացել այդ դարակները բացել, որտեղ պահվում էին փաստաթղթերը եւ դրանք չի կարողացել հրապարակել:

Նա ասաց, որ իր աղջիկը հիվանդանոցում է Փաստաբանն էլ հավելեց, որ նրա ախտորոշումը սալջարդ, արյունազեղում է:

Ընտրատեղամասերում շրջելիս Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նկատել են նախկին պաշտոնյաներ, թաղապետարանների աշխատողներ, որոնք փորձել են վերահսկել ընտրությունների ընթացքը, մինչեւ ընտրատեղամաս մուտք գործելը ուղղորդել են մարդկանց:

Փոստանջյանը հայտարարեց, որ հաշվի առնելով այս ամենը՝ ազգային դիմադրության շարժում պետք է սկսեն՝ գործող իշխանությունը տապալելու համար: Այն միտված է լինելու ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ ՀՀ սահմաններից դուրս գտնվող մարդկանց համախմբելու եւ դիմադրության նոր ճակատ ստեղծելու: Ազգային դիմադրության շարժումը, նրա խոսքերով՝ իշխանության ներկայացուցիչների դեմ քրեական հետապնդում է սկսելու: Նա հայտարարեց, որ եթե իշխանությունները հումանիտար ճանապարհով չեն ուզում անցնել, ապա իրենք կգնան այլ ճանապարհով եւ կտանեն բոլորին բանտախցեր. «Մենք մենակ չենք, թիմը շատ հզոր է, մենք ողջ աշխարհով մեկ ենք: Եթե իրենք ունեն ցուցակ 1 մլն մարդու, որոնք այսօր գտնվում են աղքատության մեջ, խոցելի են, մենք ավելի շատ ենք: Մենք այդ խոցելի տատիկ-պապիկներին ազատագրելու ենք»:

Մենք ճշտեցինք՝ ոչ հումանիտար ճանապարհը ո՞րն է, զենքի՞ միջոցով հարց լուծելը՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ եթե այսպիսի հանցագործություն են ցույց տալիս՝ չեն ներելու ու չներողը լինելու է ողջ հայ ժողովուրդը, որը պատրաստ է լինելու ոտքի կանգնելու: Պետք հստակ քաղաքական հայտը ներկայացնի եւ տապալի իրենց:

Հարցին՝ ավագանու մանդատներից հնարավո՞ր է հրաժարվեք՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ իրենք գողերին անվանելու են գողեր, Տարոն Մարգարյանին էլ սպասելու է դժոխքը. «Մենք գործելու ենք՝ որպես Երեւանի քաղաքապետ եւ ՀՀ պաշտոնյաներ: Ինքը ուղղակի օր ու արեւ չի ունենալու»:

Դատախազության արձագանքը, որ Փոստանջյանին ճիշտ են արել, որ ուրիշի տարածքից դուրս են արել՝ Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ դա ուրիշի տարածք չէ, ընտրագողություն է, կեղծարարություն է, եթե որեւէ բան չկար, ազնիվ էին, ապա թող հրապարակեին:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ինքը անձեռնմխելի անձ է. «Յուրաքանչյուրը, ով իմ նկատմամբ, իմ երեխայի նկատմամբ բռնություն են կիրառել՝ բոլորը նաեւ միջազգային օրենսդրությամբ պատասխանատվության են ենթարկվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031