Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքը» դիմելու է դատախազություն՝ պարզելու, թե ով է 7/51 տեղամասում ցնդող գրիչ տեղադրել

Մայիս 16,2017 17:38

Թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովում շարունակվում է 7/51 տեղամասի արդյունքների վերահաշվարկը՝ «Ելք» դաշինքի դիմումի հիման վրա:

Ինչպես տեղեկացրել ենք, այս տեղամասում անվավեր քվեաթերթիկների թիվը շատ մեծ էր, ընտրությանը մասնակցել էր 566 ընտրող, 148 քվեաթերթիկ անվավեր էր, իսկ «Ելքն» ու «Երկիր Ծիրանին» չնչին ձայներ էին ստացել՝ համապատասխանաբար 19 եւ 12 ձայն: Սա էլ կասկածելի էր թվացել «Ելքին»:

Վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ անվավեր քվեաթերթիկների մեծ մասը դատարկ է, երբ ավելի ուշադիր զննեցին՝ «Ելքի» լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանն ու Դավիթ Խաժակյանը հայտնաբերեցին, որ իրականում դրանց վրա նշում եղել է, V-աձեւ նշանի հետքը երեւում էր: Նրանք եզրակացրեցին, որ այդ տեղամասում ցնդող գրիչներ են օգտագործել:

Քվեաթերթիկների զննության արդյունքում հայտնաբերվեցին նաեւ այսպես կոչված «դատարկ» քվեաթերթիկներ, որոնց վրա ՀՀԿ-ի օգտին նշում արածի հետք կար: Այսինքն, տուժել էին ոչ միայն «Ելքն» եւ «Երկիր Ծիրանին», այլ նաեւ՝ ՀՀԿ-ն:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ ՀՀԿ-ի օգտին էլ են այդ ցնդող գրիչներն օգտագործել՝ Վահագն Հովակիմյանն այսպես բացատրեց, որ ՀՀԿ-ն ուղղորդել է իր ընտրողներին որոշակի ժամերին. «Այն ժամանակահատվածում, երբ իրենք նախատեսած չեն եղել մարդ բերելու, այդ ժամանակահատվածում իրենք փոխել են գրիչը եւ արանքում կարող են լինել նաեւ ՀՀԿ-ի ընտրողներ: Իրենց համար կարեւորն այն է եղել, որ երբ իրենց հոսքն է եղել, այդ ժամանակ նորմալ գրիչ է եղել: Իրենց ինքնակամ քվեարկող ընտրողը ոչ էլ հետաքրքրել է, որովհետեւ իրենք հասկանում են, որ ինքնակամը մեծ մասը մերն է, մեր ընտրողն է»:

Վահագն Հովակիմյանն ասաց, որ հանձնաժողովը դեռ իրեն տրամադրեց անվավեր քվեաթերթիկների կեսը ու ասացին՝ արդեն փակել ենք, վերջ: Հանձնաժողովը «Ելքի» անդամներին տրամադրեց 3 րոպե ժամանակ՝ այդ քվեաթերթիկները զննելու: Արդյունքում՝ այդպես էլ չհասցրեցին հաշվել, թե, ընդհանուր առմամբ, դատարկ քվեաթերթիկները որքան էին:

Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, որ դիմելու են դատախազություն եւ անվավեր ճանաչեն այդ տեղամասի արդյունքները. «Ասելու ենք՝ գնացեք պարզեք՝ ով է այդ գրիչը դրել, ով է հետո հետ վերցրել: Հակառակ դեպքում բոլորը դատարկ կլինեին: Ակնհայտ է՝ ինչ-որ մեկը դրել է, հետո հետ է վերցրել»:

Մեր հարցին՝ այս նույն մեխանիզմը ուրիշ տեղամասերո՞ւմ էլ են կիրառել՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Չէ, սա ինչ-որ մեկի տաղանդն էր: Ուրիշ տեղամասում անվավերները այդքան շատ չեն: Մեր վստահված անձանցից միակն է եղել այս տեղամասի վստահված անձը, որ ասել է՝ ինձ մոտ կան մեծ թվով դատարկ քվեաթերթիկներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031