Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկուսացումը ճեղքելու Հայաստանի մեծ շանսը

Մայիս 23,2017 22:00

Մի քանի իրար հաջորդած իրադարձություններ աննախադեպ
քաղաքական հնարավորություններ են բացում Երեւանի առջեւ

Անցած շաբաթ Վրաստանի պաշտպանության նախարարության ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանի Զինված ուժերը ս.թ. հուլիսի 30-ին, ի թիվս ութ պետությունների զինված ուժերի, կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Արժանապատիվ գործընկեր-2017» (Noble Partner) բազմազգ զորավարժություններին Վազիանի ռազմաբազայում:

Անկախ մասնակցության չափից եւ ձեւից, որն, ըստ ամենայնի, հայտնի կդառնա քիչ ավելի ուշ, փաստն ինքնին չափազանց կարեւոր է Հայաստանի եւ հայկական բանակի համար, երբ այն դիտարկում ենք տարածաշրջանում եւ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացների համատեքստում:

Քառօրյա պատերազմից հետո բանակցային գործընթացը, որին իր միջնորդությամբ ակտիվ ջանքեր ներդրեց Վաշինգտոնը, ինտենսիվ կերպով վիժեցվեց Բաքվի կողմից բոլորի աչքի առաջ, եւ դա տեղի ունեցավ Մոսկվայի լռելյայն աջակցությամբ եւ Երեւանի աղաղակող պասիվության, թողտվության ֆոնին: Դրանից հետո ԱՄՆ-ն առժամանակ հետ քաշվեց, իսկ տարեսկզբից, երբ ե՛ւ վարչակազմ փոխվեց, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամերիկյան դիվանագիտությունը որոշակի դադար վերցրեց:

Ադրբեջանի վերջին կոպտագույն սադրանքը, երբ կառավարվող հրթիռ արձակելով՝ փորձ արվեց շարքից հանել Արցախի ՊԲ ՀՕՊ համակարգի միավորը, եւ հայկական կողմի տպավորիչ պատասխանը ցույց տվեցին, որ դիմակայությունը որակական առումով թեւակոխել է նոր՝ վտանգավոր փուլ: Իսկ հաշվի առնելով, որ բանակցային գործընթացն այդպես էլ դուրս չի եկել փակուղուց, ապա պարզ է դառնում, որ առանց ակտիվ արտաքին քաղաքական ռազմավարության հնարավոր չի լինի կանխել նոր պատերազմը:
Իսկ միջազգային հարաբերություններում փոփոխվող իրողություններն աննախադեպ կերպով բարենպաստ են հայկական շահերի տեսանկյունից: Ռուսական հույսերը, թե Թրամփի վարչակազմին հնարավոր կլինի ներքաշել «Յալթա-2» ձեւաչափով առեւտրի մեջ, իսկ Եվրամիության մեջ պառակտում մտցնել՝ բթացնելով եվրոպացիների զգոնությունն իրական սպառնալիքի նկատմամբ, հօդս ցնդեցին: Գեներալ Ֆլիննի սկանդալային հրաժարականն ԱՄՆ-ում, Ավստրիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում կայացած ընտրությունները քաղաքական դաշտից դուրս են մղում աջ եւ ձախ ծայրահեղական, հակաեվրոպական, Մոսկվային համակրող ուժերին, Եվրամիությունն անդրդվելի է Մոսկվայի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցում, իսկ սիրիական արկածախնդրությունը բախվեց «Թոմահավկ» հրթիռներով հակահարվածի՝ կանգնեցնելով Մոսկվային կատարյալ քաղաքական փակուղու առաջ:

Ադեկվատությունը սրընթաց կորցնող Էրդողանը թաթախվել է սեփական երկրի՝ գերազանցապես ի՛ր իսկ կողմից ստեղծված խնդիրների մեջ: Նրան այդպես էլ չհաջողվեց իր համար ցանկալի քայլերի դրդել ոչ Մոսկվային, ոչ Վաշինգտոնին, իսկ Եվրոպայում նա հասցրեց հարաբերությունները երկար ժամանակով եւ ալերգիայի աստիճանի փչացնել բոլորի հետ: Եվ հաստատապես կարելի է պնդել, որ ամենավերջին բանը, որի կարիքն ունի Էրդողանը, Ալիեւի ռեժիմի քմահաճույքներն են, որոնք վաղուց արդեն ուղղակի զզվեցրել են թուրքական քաղաքական դասի մտածող հատվածին:

Չափազանց կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ հարեւան Իրանում: Չնայած ընդգծված հակաարեւմտյան պահպանողականների միավորմանը, Հասան Ռոհանին համոզիչ հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում եւ եւս չորս տարի կկառավարի երկիրն այս շրջադարձային ժամանակաշրջանում: Դիմելով այդ կապակցությամբ իրանցիներին՝ նա շեշտեց, որ «հաղթել է նախ՝ իրանցի ժողովուրդը՝ ընտրելով խաղաղությունը եւ փոխգործակցությունն աշխարհի հետ, մերժելով ծայրահեղականությունը» (մեջբերումը՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի): Սա նշանակում է, որ արտաքին քաղաքական, տարածաշրջանային մոտեցումներում Թեհրանը շարունակելու է հավասարակշռության քաղաքականությունը տարածաշրջանում, իսկ Հարավային Կովկասում շարունակում է մնալ անվտանգության կարեւորագույն կոնստանտներից մեկը, ինչից սկզբունքորեն հեռու են մեր տարածաշրջանի մյուս երկու մեծ հարեւանները՝ Ռուսաստանը եւ Թուրքիան: Բացի դրանից, Թեհրանի քաղաքական կուրսի շարունակականությունը լուրջ հիմք է Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքը Հայաստանի եւ Վրաստանի միջոցով ձեւավորելու Ռոհանիի գաղափարն իրականություն դարձնելու համար, ինչի կարեւորագույն շահառուներից են Եվրամիությունը եւ սեւծովյան երկրները՝ Բուլղարիան, Ռումինիան եւ Ուկրաինան:

Էմանուել Մակրոնի ջախջախիչ հաղթանակը Ֆրանսիայում հնարավորություն է բացում Երեւանի առաջ թարմացնելու եւ նոր հարթություններ ներառելու Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերություններում, այդ թվում՝ անվտանգության բաղադրիչը: Դրա համար բարենպաստ ֆոն է նաեւ Հայաստան-ԵՄ ստորագրվելիք նոր համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնելու հարաբերություններն արտաքին աշխարհի հետ:

…Հայկական մերձքաղաքական բանահյուսության առանցքներից մեկը Խրիմյան Հայրիկի «թղթե շերեփի» պատմությունն է, երբ 1878թ. Բեռլինի Կոնգրեսում հայկական պատվիրակությանը «խնդրում են սպասել դռնից այն կողմ», մինչ մասնակիցները կորոշեն մեր ճակատագիրն առանց մեզ, իսկ Բիսմարկն էլ կշտամբում է, որ «սերբերի թրերի վրա թուրքերի արյունը դեռ չի էլ հասցրել չորանալ, իսկ դուք ինչ-որ թղթով եք եկել…»: Այսօր մեր շերեփը ամենեւին էլ թղթե չէ՛, եւ շերեփի որակից բողոքելու իրավունք չունենք, երբ այդ շերեփի կոթը դրել ենք մեր իսկ ձեռքով ռուսների ձեռքը եւ կամովին հրաժարվել ենք դրանից օգտվել՝ հանձնվելով Մոսկվայի ողորմածությանը…

Իսկ Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների նշանակությունը դժվար է գերագնահատել: Սա արդեն երրորդն է եւ լինելու է ամենալայնամասշտաբը: Մասնակից ութ երկրներից հինգը ՆԱՏՕ-ի անդամ են. ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Սլովենիան, Գերմանիան եւ Թուրքիան, մնացյալ երեքը ՆԱՏՕ-ի գործընկեր պետություններն են. Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան: Նշվում է, որ բազմազգ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի պաշտպանունակությունը, ինչպես նաեւ վրացական զինված ուժերի համատեղելիությունը ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ստորաբաժանումների հետ, տարածաշրջանային եւ միասնական գործընկերային կարողությունների ձեւավորումը եւ զարգացումը, լոգիստիկ եւ օպերատիվ պլանավորման եւ իրագործման բարելավումը: Իսկ Հայաստանի մասնակցությունը նշանակում է, որ մենք այս ամենում ներդրում ունենք եւ ունենալու ենք նաեւ ապագայում:
Եվ ընդհանրապես, սա պատեհ առիթ է, որպեսզի Հայաստանը սկսի որոշակիացնել անվտանգության օրակարգը հարեւան Վրաստանի եւ Արեւելյան Գործընկերության առաջատար, հայ համայնքի թվաքանակով Եվրոպայում Ֆրանսիայից հետո երկրորդ երկիրը հանդիսացող Ուկրաինայի հետ՝ հենց եվրաատլանտյան համատեքստում: Թբիլիսին եւ Կիեւը կարեւորագույն գործընկերներ են Երեւանի համար, որոնց հետ հարաբերությունների ներուժը ոչ միայն չի օգտագործվում, այլեւ դարձել է ռուսական շահերի պատանդը:

Պարզ է դառնում նաեւ, որ ներկայիս որակի դիվանագիտությունն ուղղակի անհանդուրժելի է, եւ այն վաղուց է ինքնին վերածվել սպառնալիքի: Թբիլիսիում եւ Կիեւում Հայաստանի դեսպանատները ռազմավարական կարեւորության, անվտանգության առումով առանցքային խնդիրներ պետք է լուծեն, մինչդեռ մենք տեսնում ենք ուղղակի ողորմելի պատկեր, երբ ոչ կոմպետենտությունը եւ անտարբերությունը հավասարազոր է հենց այդ «թղթե շերեփին»: Իսկ գերազանցապես գավառամիտ եւ ապաքաղաքական սուբյեկտներով լցոնված քաղաքական դաշտն արդյո՞ք ընդունակ է ընկալել այս ամենը: Հազի՛վ թե: Մնում է հուսալ, որ ռազմական գերատեսչության մասնագիտական եզրահանգումները քաղաքական որոշումների վերածելու որոշակի կարողությունները, որոնք, ըստ ամենայնի, դեր խաղացին այս դեպքում, զարգացում կապրեն այս կարեւոր ժամանակահատվածում:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

23.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sargis says:

    “Իսկ Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների նշանակությունը դժվար է գերագնահատել: Սա արդեն երրորդն է եւ լինելու է ամենալայնամասշտաբը”
    Սխալ է միանշանակ: Գոնե նախորդ զորավարժությունների մասնակիցների քանակը և որակը ստուգեք ու հետո այսպիսի հայտարարություններ արեք: Բավական ուռճացված է, նախորդ դեպքերում ավելի լուրջ մասնակցություն է եղել հենց ՆԱՏՕ-ից:
    Եվ հետո, ի՞նչ գիտեք որ երկիրն ինչ անձնակազմով է մասնակցելու,
    վերջիվերջո, դիտորդների խմբի ներկայությունն էլ կարող է մասնակցություն հաշվվել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031