Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Սա այս ճգնաժամի հանգուցալուծման վերջին ու միակ ճանապարհն է»

Հունիս 10,2017 12:48

Հունիսի 9-ին «Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմեցին Սահմանադրական դատարան։ Նրանք պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքի այն դրույթը, որով ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 անդամներով Վանաձորում գումարում են ավագանու նիստեր։ Նրանք պահանջում են նաեւ չեղարկել այն որոշումները, որոնք կայացվել են այդ նիստերի ընթացքում։

«Մենք պահանջում ենք ՏԻՄ օրենքի դրույթների սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչում, այն դրույթը, որ իրենք մեկնաբանելով առանց քվորումի ապօրինի նիստեր են գումարում եւ որոշումներ են ընդունում։ Դրանից բխող նաև այն որոշումները, որոնք, որ ընդունվել են, դրանք ևս սահմանադրությանը հակասող և անվավեր պետք է ճանաչվեն։ Նաև ՏԻՄ մասին օրենքի այն դրույթը, որն ասում է, որ կառավարությունը կարող է կրճատել ժամկետը, եթե նիստեր չեն լինում, որովհետև դա մեծ հայեցողություն է և իրավական անորոշության խնդիր կա, դա նույնպես վիճարկում ենք։ Շատ լուրջ համակարգային խնդիր է դրված, մենք մի մեծ փաթեթ օրենքի դրույթներ ենք վիճարկում։ Սա այս ճգնաժամի հանգուցալուծման վերջին ու միակ ճանապարհն է»,- ասում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ էր ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրությունը։ «Ելք» կուսակցության դաշինքի 9-ը պատգամավորների և «Ծառուկյան» կուսակցություն դաշինքի 17 պատգամավորների ստորագրության հիման վրա երեկ դիմումը մտել է դատարան։

Aravot.am-ը Էդմոն Մարուքյանից հետաքրքվեց, թե ինչ է կարծում, արդյոք Գյումրու օրինակով Վանաձորում ևս «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ավագանու անդամները կմասնակցե՞ն նիստերին. «Ես կարծում եմ այստեղ ՀՎԿ-ն չունի այդպիսի որոշում։ Ինձ թվում է կսպասեն, թե Սահմանադրական դատարանը ինչպիսի որոշում կկայացնի»։

Սահմանադրական դատարանում ավագանու որոշումների սահմանադրության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է։ Սա նաև առաջին դեպքն է, երբ 6-րդ գումարման Ազգային ժողովից դիմում են Սահմանադրական դատարան։

Տաթևիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930