Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսին կլինի Սասնա Ծռերի ճակատագիրը

Հունիս 16,2017 18:40

Կա՞ր արդյոք հանցակազմ Սասնա Ծռերի գործողություններում, ժողովուրդն ունի՞ արդյոք ապստամբության իրավունք, ովքե՞ր են նրանք՝ հերոսներ, ահաբեկիչներ թե՞ ապստամբներ, և այլն, և այլն։ Որակումներն ու գնահատականները կախված  են քաղաքական կողմնորոշումներից, իշխանության հետ ունեցած հարաբերություններից, ինչպես նաև, որպես դասը լավ սերտած  «գերազանցիկների»՝ կողմից հնչող՝  իրավական,  միջազգայնորեն ընդունված սահմանումներից ։

Իսկ եթե ապստամբությունը հաջողության հասներ, ապա  պատկերացնել կարելի է թե ինչպես մերձիշխանական մտավորականությունը, քաղաքագետները, ինչպես նաև «գերազանցիկները»  կսկսեին լուրջ դեմքով բացատրել ապստամբության  անխուսափելիությունը և Սասնա Ծռերի պատմական առաքելությունը հայոց պատմության մեջ։

Հրապարակային կօրհներ նրանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։Ինչևէ, այսօր, հատկապես, այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքներից հետո, իշխանությունն իրեն ավելի ինքնավստահ է զգում, իսկ Սասնա Ծռերին  ոչ այնքան ուժեղ աջակցությունն այլևս արհամարհում է։ԵՎ պատահական չի, որ ընտրություններից հետո մեղադրանքների ծավալը մեծացավ, նույնիսկ արդեն անիմաստ դատապարտված Գևորգ Սաֆարյանին նոր մեղադրանք առաջադրվեց։ Այս իրավիճակը շարունակվելու դեպքում, կասկած չունենաք, որ Սասնա Ծռերը կդատապարտվեն ամենադաժան պատժաչափերով՝ ընդհուպ ցմահ դատավճիռներով։ Շանթի և ընկերների  անհամաչափ վճիռները ծիծաղելի կլինեն։

Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը, ոչ միայն Սասնա Ծռերին, այլև նույնիսկ Շանթին և ընկերներին,Անդրեաս Ղուկասյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Արմեն Միքայելյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին,Կարո Եղնուկյանին, Սամվել Բաբայանին քաղաքական հալածյալներ չեն համարում, պատկերն ամբողջական կլինի։Ինչ փույթ, որ Սասնա Ծռերի հետ բանակցություններ անցկացվեցին, եղավ դատախազության հայտարարությունը՝ հանձնվելու դեպքում ինչ-ինչ մեղմացումների խոստումների մասին ։ Ինչ փույթ, որ նման ձևով հանրային կառավարման դեպքում, ընդվզումների գայթակղություն միշտ կարող է առաջանալ։ Կարևորը իշխանության պահպանումն է ամեն գնով և խաղի կանոններին չենթարկվողներին դաժանորեն պատժելը։

Իսկ ինչպես են եղել նմանատիպ իրավիճակներում հանգուցալուծումները տարբեր երկրներում։Չեմ ուզում օրինակներ բերել Մեծ Բրիտանիա- Իռլանդիա և նմանատիպ  միջազգային հակամարտություններից։ Գուցե առավել բնորոշ կլինի օրինակներ բերել ներազգային հակամարտությունների հանգուցալուծումներից։

Այսպես․1991 թ. օգոստոսին ԽՍՀՄ-ում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո, մի քանի ամիս անց հեղաշրջման կազմակերպիչները համաներմամբ ազատ արձակվեցին։Նույն ձևով ազատ արձակվեցին 1993 թ․ Ռուսաստանում կառավարության շենքը գրաված և ապստամբության փորձ արած գործիչները։Հատուկ նշեմ, որ երկու դեպքերում էլ զոհեր էին եղել։Երկու դեպքերում էլ համաներումը հետապնդում էր ազգային համակեցության նպատակ։

Եղել են արդյո՞ք նմանատիպ իրավիճակներ Հայաստանում։

Հիշենք 1990թ․ ՀԱԲ-ի զինաթափումը, անդամների ձերբակալությունները և հետագայում ազատ արձակումը։Ի դեպ, այդպես էլ չբացահայտվեցին Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքայելյանի մահվան հանգամանքները։ 1995,1996թթ․ ՀՅԴ-ի անդամների և ԱԺՄ-ի անդամների և համակիրների ձերբակալությունները, մի դեպքում  հեղաշրջման փորձի, մյուս դեպքում իշխանությունը զավթելու մեղադրանքներով։ 1998թ.ներքին  իշխանափոխության շնորհիվ, բոլորն ազատ արձակվեցին իրադրության փոփոխության հոդվածով(բացառությամբ Տիգրան Ավետիսյանի, որը մահապատժի էր դատապարտված,իսկ այդ հոդվածը,ինչպես  այժմ ցմահը իշխանությունների համար տաբու է)։ Ի դեպ նույն հոդվածով կարճվեցին Ղարաբաղ կոմիտեի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործերը։ Հաջորդը 2008 թ․ ՀԱԿ-ի համակիրների ձերբակալումներն էին, նույն իշխանության զավթման մեղադրանքով։ Նրանք 2009, 2011 թթ. համաներումներով ազատ արձակվեցին Հայաստանի և միջազգային հանրության հուժկու աջակցության շնորհիվ: Ըստ որում` չբացահայտվեցին 10 զոհերի մահվան հանգամանքները, որոնցից  2-ը հատուկ շեշտում եմ 2-ը ոստիկաններ էին։

Այսպիսով, եթե հույս ունենք ինչպես բուն Սասնա Ծռերի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների ազատ արձակմանը (արդար դատավարության մասին խոսելը ավելորդ մտավարժանքներ են), ապա, կամ Հայաստանում պետք է լինի թեկուզ ներքին իշխանափոխություն, կամ հայաստանյան  և միջազգային  հանրության լուրջ ճնշումներ։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Միլիոն անգամ ել եթէ այդ անձերը «Սասնա Ծուռ» կոչէք, անոնք Սասնոյ ամենակարճ բլուրին ամենակարճ թուփիկի շուքի ծայրին իսկ չեն հասնելու:

    Պիտի չյաջողիք նաեւ առասպելական Սասնա Ծռերի անունը կեղտոտել, պղծել այս նիւթով, զորս Պատմութեան մէջ եթէ երբեւիցէ յիշուի, յիշուելու է միայն որպէս մի յիմար, մի անիմաստ, մի անհեթեթ, ամօթալի եւ զզուելի արարք:

    Քանի որ փաստօրէն ուրիշ բան չէք կարող հասկնալ, եկէք հետեւեալ տարրական կերպով ջանանք մի բան բացատրել՝ անկախաբար որեւէ այլ նկատողութիւնից, եթէ այս հանցագործները չարժանանան իրենց արիւնալի արարքի օրինական հետեւանքներին, պատկերացնո՞ւմ էք վիճակը նահատակուած ոստիկանների այրիներին, որբերին, մայրերին… Թէ ոչ, անոնք ալ պէտք է որ հպարտ լինեն որ իրենց ողբացեալ հայրը, ամուսինը, զաւակը, գերագո՜յն պատիւն է ունեցել սպանուելու, իր կեանքը կորսնցնելու, շնորհիւ ձեր «Սասնա Ծռերին»…

    Ապստամբութեան փորձի երեւակայական «յաջողութեան» վերաբերեալ վերեւի պատկերացումները կատարեալ ցնորաբանութիւն են:

    Յատկապէս այս նիւթով, Հայոց Պետութեան եւ Հայութեան լուռ մեծամասնութեան համբերանքի աստիճանը գերմարդկային է: Այս տեսանկիւնից, խնդրոյ առարկայ հանցագործների իսկութիւնը լաւապէս ըմբռնողներն են որ արժանի են երեւի դիւցազներգական տիտղոսների:

  2. Հ.Շ. says:

    Ի դէպ, ըստ «իրավական, միջազգայնորեն ընդունված սահմանումներից», այս յօդուածը ստորագրողն ալ ենթակայ է օրինական հետապնդումների: Քանզի ահաբեկչութեան ջատագովումը ինքնին հանցագործութիւն կը հանդիսանայ, ըստ բազմաթիւ նորմալ երկիրների Քրէական Օրէնքին:

    Օրինականից անկախ, քաղաքական գետնի վրայ եւս՝ իսկապէս տպաւորիչ է որ Հայաստանի նման երկրի մը մէջ, հնարաւոր է այսպիսի հանրային յայտարարութիւններ կատարել, ամենայն ազատութեամբ: Այս երեւոյթն ալ հաւանաբար մտահոգեցնում է մեր թշնամիներին, որովհետեւ կ’ապացուցէ մեր զօրութիւնը: Մինչ իրենք հարկադրուած են իրենց բանտերը լեցնելու բիւրաւոր քաղաքացիներով, որոնք ոչ մի անօրէն արարք չեն գործած:

    • Հայ մարդ says:

      Aravot.am-ի մշտական մեկնաբան Հ.Շ.-ի ոճից կարելի է ենթադրել, որ նա մեր երկրի իշխանական վերնախավի լուրջ նվիրյալն է և անչափ նեղվում է, երբ նրանց հասցեին որևէ մեկը որևէ քննադատական խոսք է գրում: Նույնիսկ գործը հասել է նրան, որ հոդվածի հեղինակին Հ. Շ. –ն զգուշացնում է օրինական հետապնդւմների ենթակա լինելու մասին` իր խոսքերով ասած “ըստ բազմաթիւ նորմալ երկիրների Քրէական Օրէնքին”;
      Պարոն Հ.Շ., հետաքրքիր է իմանալ, այդ որ նորմալ երկրում եք Դուք ապրել կամ ապրում, որտեղ կարծիք հայտնելու և հոդված տպագրելու համար քրեական հետապնդման են ենթարկում: Ձեր տարօրինակ արևմտահայերենից դժվար է ենթադրել Ձեր սփյուռքահայ լինելը: Առավել դժվար է գուշակելել մեր իշխանավորներին փութաջանորեն պաշտպանելու ուղղությամբ Ձեր հետևողական մեկնաբանություններ գրելու դրդապատճառները:

      • Հ.Շ. says:

        հենց խնդիրն ել սա է, մեղմն ասած՝ ուղեղային տարբեր ալիքների վրայ ենք…

        ո՞ւր եմ ես ասել թէ «կարծիք հայտնելու և հոդված տպագրելու համար քրեական հետապնդման են ենթարկում »

        մինչդեռ գրածս հետեւեալն է ՝
        «ահաբեկչութեան ջատագովումը ինքնին հանցագործութիւն կը հանդիսանայ»

        բնաւ նոյն բանը չէ,
        որովհետեւ ձեր ըսածին մէջ էական կէտ մը պակաս է՝
        խօսքը ահաբեկչութեան ջատագովումի մասին է,
        բրտութեան մղող հանրային կոչերի եւ քաջալերման մասին է,
        եւ ոչ թէ որեւէ նիւթով կարծիք յայտնելու

        իսկ ահա իմ ըսածիս տարրական հիմնաւորումը (նմոյշներ են միայն)՝

        https://www.service-public.fr/particuliers/vosdroits/F32512

        https://www.jac-cerdacc.fr/le-delit-d-apologie-du-terrorisme-entrave-justifiee-a-la-liberte-d-expression

        https://www.findlaw.com.au/articles/4516/what-is-incitement-and-how-is-it-a-criminal-offenc.aspx

        https://www.law.cornell.edu/uscode/text/18/2101

        եւայլն., եւայլն.

        • Հայ մարդ says:

          Ես հասկացա, որ Դուք Ձեզ ուղեղային ավելի բարձր կամ կատարյալ ալիքի վրա եք պատկերացնում: Դե, ինչ, բավարարվեք ինքնահիացմամբ և Ձեզ քննադատողների համար էլ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներ գտեք և համապատասխան կայքերի հղումներ մեջբերեք: Երևում է, որ դրանում Դուք վարպետ եք: Բայց ամբողջ հարցը նրանում է, որ հոդվածում ահաբեկչության ջատագովման նշույլ անգամ չկա: Կա վերլուծություն: Ավելի ուշադիր կարդացեք: Պետք չէ նյութը պիտակավորել անհամապատասխան պիտակով:
          Ինչ վերաբերվում է Սասնա Ծռերի գործողությունները ահաբեկչություն անվանելուն (այլ հոդվածներում գրած Ձեր մեկնաբանություններում), ապա իմացեք, որ Դատարանը Սասնա ծռերի համար դեռ ահաբեկչության հոդվածով վճիռ չի կայացրել: Առաջ մի ընկեք և Ձեզ դատարանից բարձր մի դասեք:
          Բայց մոռացա, որ Դուք ավելի լավ գիտեք, թե նորմալ երկրներում ինչպես է:

  3. Էդգար says:

    Անվիճելի է, որ, եթե Հայաստանում փոփոխություններ չլինեն, Սասնա Ծռերը տանջամահ են արվելու, այնպես, ինչպես Հաց Բերողը։ Ավելին, եթե այսպես շարունակվի, Հայաստանից ոչ միայն կշարունակվի արտագաղթը, այլև կցամաքի ֆինանսական ու այցելուների ներհոսքը։ Մի երկրում, ուր չկա ոստիկանություն, արդարադատություն, չկա վստահելի որևէ կառույց, ոչ ոք իրեն ապահով չի կարող զգալ։

    • Հ.Շ. says:

      Արթուր Սարգսյանը ինքնասպան եղաւ, իր վիճակի մէջ մէկու մը համար չափազանց երկարատեւ հացադուլով:

      Երկրում պետական կառոյցներ կան, սակայն տակաւին զարգացման կը կարօտին (evolution; եւ ոչ թէ revolution) : Եղածն ալ քանդելը, տուեալ կացութեան մէջ՝ հաւաքական ինքնասպանութիւն է :

      «Այցելուների ներհոսքը» կը վնասուի, այո, նիւթի առարկայ մեղադրեալներու բիրտ արարքի եւ անոնց երկրպագուների անհաճոյ վարքագծի պատճառով: Համացանցի վրայ ձեր գրածները կարդացող, նորմալ աշխարհ ապրող անձը, երեւի շատ սիրտ չունենար այցելելու երկիրը… Կու գան ուրեմն միայն այն այցելուները որոնց երկիրները անհամեմատօրէն աւելի վատ վիճակի մէջ են, ուր իսկական մարդկային իրաւունքների խնդիրներ կան, եւ որոնց համար, բաղդատաբար, Հայաստանը կատարեալ դրախտ է:

      «Տանջամահ» ?!
      . Արարքի ընթացքում, հակառակ ոստիկանների սպանութեան, իրենց կեանքերը խնայուեցան,
      . դատարանում ծայրագոյն մեղադրանքների իսկ չեն ենթարկուած (ահաբեկչութիւն), ինչ որ անպայման լինելու էր պարագան, որեւէ այլ երկրում
      . ամէն մէկը իր ուղղակի գործած արարքների համար միայն մեղադրուած է, մինչ մեղսակցութեան օրինական հիմքի վրայ, հնարաւոր էր բոլորը մէկ ամենածանր մեղադրանքով դատել եւ պատժել…
      ասկէ աւելի նրբօրէն կարելի չէր տնօրինել այս խնդրի օրինական բաժինը:

      Ի դէպ, ասացին որ իրենց կեանքերը տալու են իրենց Մեծն Դատին:
      Իսկ հիմա բա՞նտ իսկ չեն ուզում նստել…

  4. Էդգար says:

    Ակնհայտ է, որ իշխանության ներսից որևէ փոփոխություն ակնկալել չի կարելի։ Որևէ լծակի զիջում համարժեք է ինքնաոչնչացման․ անօրեն ձևով ձեռք բերված հարստությունը երբեք չեն զիջի։ Միաժամանակ հասկանում են, որ վիճակը գնալով վատանում է հենց իրենց ներկայության շնորիվ։ Գոյատևելու միակ միջոցը մնում է պատժիչ համակարգի ամրապնդումն ու վախի մթնոլոտ ստեղծելը, ինչը և տեսնում ենք։ Հետևաբար, առանց արտաքին միջամտության Հայաստանին լավ ապագա չի սպասվում։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930