Լրահոս
Օրվա լրահոսը

Կալավան. «շոկոլադ» գյուղ, որտեղ օլիգարխների մուտքն արգելված է (Ֆոտոշարք)

Հուլիս 14,2017 16:00

Կալավանցիք ինքնուրույն
ու սեփական ուժերով են գյուղը շենացնում

Նախկինում ամբողջովին ադրբեջանցիներով բնակեցված Ամրխեր գյուղը Արցախյան պատերազմի տարիներին դարձյալ հայաբնակ դարձավ, անունն էլ վերափոխվեց, հիմա շենացող Կալավանն է: Գյուղացիների ասած՝ «աշխարհի ծայրում» գտնվող այս գյուղը սկսեց «կենդանանալ», երբ գյուղացիք երազանք ունեցան:

Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանն 9 տարեկան էր, երբ իր ընտանիքը տեղահանվեց Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից. ասում է՝ հիշում է այդ դեպքերը, բայց ադրբեջանցիների նկատմամբ թշնամանք չի զգում, դրանք քաղաքական «խաղեր էին»:
Ռոբերտն իր օրինակով ապացուցում է՝ եթե շատ ես սիրում գյուղդ, ուրեմն այն կզարգացնես: Հենց սկսում է գյուղի մասին պատմել, առաջինը նշում է՝ հայկական գյուղ էր, էդ հետո՝ 1800-ին սկսեցին ադրբեջանցիներով բնակեցնել, այն ժամանակ անգամ Ադրբեջան պետություն ու ադրբեջանցի ազգ չկար:


Պատերազմի տարիներին Գեղարքունիքի մարզի այս գյուղում հայերով վերաբնակվեցին, նրանք եկան Ադրբեջանի Շամխորի շրջանի մի քանի գյուղերից: Գյուղում 113 բնակիչ կա, Երեւանից էլ 3 ընտանիք է հաստատվել անտառով շրջապատված Կալավանում:
Կալավան մտնելիս դժվար է հավատալ, որ զարգացող համայնք է. այստեղ չորսբոլորը լքված ու քանդված տներ են, այս քանդված տները ադրբեջանցիներինն են եղել, բայց դրանք էլ, ինչպես Ռոբերտն է ասում, հետաքրքիր են զբոսաշրջիկներին: Ռոբերտին հաջողվել է գյուղի թերությունները վերածել զբոսաշրջային հետաքրքրության:

Այսօր Կալավանը արկածային ու էկոտուրիզմի համար աշխարհի լավագույն վայրերից է, եւ սա Ռոբերտին հաջողվել է ընդամենը մի քանի տարում, ծրագիրն ու երազանքը կյանքի է կոչել 2014-ին: Կալավան են գալիս տարբեր երկրներից, անգամ Պերուից ու Չիլիից, Ավստրալիայից ու Իսրայելից: Ռոբերտ Ղուկասյանն ասում է՝ սա տուրիզմի զարգացում չէ, սա համայնքի զարգացում է, որն իր մեջ ներառում է բոլոր ոլորտները: Մասնագիտությամբ հնագետ ու հնակենդանաբան Ռոբերտը «Թայմ լենդ» հիմնադրամի ղեկավարն է, որի միջոցով էլ գյուղի զարգացման գաղափարներն են գեներացրել: «Շատ եմ շրջագայել տարբեր երկրներում, բայց ամեն անգամ, ասենք, Փարիզի կենտրոնում գտնվելով՝ ուզում էի վերադառնալ իմ գյուղ ու մի լավ բան անել: Չէի պատկերացնում, թե ուր կհասնեմ՝ ո՛չ տուրիզմից էի տեղյակ, ո՛չ համայնքային զարգացումից: Բայց ստացվեց, սկսեցի, ու 1 տարի հետո բավականին հայտնի դարձավ Կալավան գյուղը»,- պատմում է Ռոբերտը: Ինչպե՞ս սկսեցիր՝ իմ այս հարցին Ռոբերտն ասում է. «20 դոլարով: Ընկերներս եկան, այդ 20 դոլարով անտառում քարեդարյա կացարան սարքեցինք, ճաշեցինք: Ու միտքը ծնվեց: Ես հորինեցի Մամոնտ խաղը: Զբոսաշրջիկները գալիս են այստեղ ու սկսում ապրել քարեդարյա մարդու կյանքով. Ինքնուրույն կրակ են ստանում, գործիքներ եւ քարեդարյա կացարան սարքում»:


Անցյալ տարի Կալավանը 2500 զբոսաշրջիկ է ընդունել: Ռոբերտն անցյալ տարի ստիպված կովը վաճառել է, որպեսզի միջոցներ ունենա Ալյասկայում միջազգային համաժողովին մասնակցելու ու գյուղը ներկայացնելու համար: Այս այցից հետո 10 հազար զբոսաշրջիկի պահանջարկ ունեցավ գյուղը: «Հիմա դադար ենք տվել, այդքան տուրիստի չենք կարող ընդունել, հիմա էժան վարկեր պիտի ստանանք ՓՄՁ ԶԱԿ-ից ու հյուրատները կառուցենք, այսինքն՝ գյուղացիք իրենց տները հարմարեցնեն հյուրատան, ու 2018-ից նորից կսկսենք շատ հյուրեր ընդունել»,- ասում է Ռոբերտը:

Գյուղի զարգացման մեկնարկը դժվար չէր, ինչպես Ռոբերտն է ասում՝ սկսեցին ուսումնասիրել մարդկային ռեսուրսները, եւ ամենեւին հարկավոր չէր, որ գյուղացիք համակարգչային գիտելիքներ կամ օտար լեզու իմանային, բավական էր լավ ճանաչել բնությունն ու կենդանական աշխարհը, ու բնության բարիքներով՝ բույսերով համեղ ճաշատեսակներ, թեյեր պատրաստել: «Եվ կարեւորն այն է, որ գյուղացիք հասկացան՝ նրանք արժեք են, ոչ թե ձայն»,- ասում է Ռոբերտը:


Գյուղացիք բոլորը ներգրավված են զբոսաշրջության ոլորտում, մեկն իր վիլիսով զբոսաշրջիկներին է գյուղ հասցնում, մյուսը համեղ բաներ է պատրաստում, 3-րդն իր տանը զբոսաշրջիկների է ընդունում, 4-րդը լավ գիտի տեղանքը, ամեն մի թռչնի ծլվլոցից գիտի, թե որ թռչունն է, տեղանքի, բնության եւ կենդանիների մասին պատմում է զբոսաշրջիկներին քայլարշավների ժամանակ:

Ռոբերտն ասում է՝ գյուղի կանայք հատուկ տաղանդ ունեն, բույսերով 102 տեսակի ճաշատեսակ են պատրաստում. «Զբոսաշրջիկներին գրավում է մարդու եւ բնության ներդաշնակությունը մեր գյուղում: Այցելուները անտառային խոհանոցում կարող են ճանաչել ուտելի բույսերն ու դրանց պատրաստման եղանակին ծանոթանալ: Ունենք ոչ ստանդարտ քայլարշավներ՝ կովկասյան մայրահավերի պար, որի ընթացքում մենք տեսնում ենք Կարմիր գրքում գրանցված մայրահավը»:


Կալավանում անհատ գործարարի եւ օլիգարխի մուտքն արգելված է. Ռոբերտն ասում է՝ գյուղացիք կտրականապես մերժում են օտարների ներդրումը. «Գալու են եւ միայն իրենց բիզնեսի մասին մտածեն, իրենց եկամուտն ապահովեն, իսկ դա գյուղացու կենսամակարդակի վրա չի ազդելու, եթե անգամ նրանց կառուցած հյուրանոցում աշխատեն: Իսկ մեր համայնքային զարգացման ծրագրով յուրաքանչյուր գյուղացի պիտի ներգրավված լինի ու իր գործն ունենա: Մերժում ենք այլ ներդրումներ, որովհետեւ մենք ունենք երազանք եւ ինքներս պիտի այն իրականացնենք: Մերժում ենք, որովհետեւ մեր ներքին ռեսուրսներով սարքել ենք «շոկոլադ» գյուղ, ու դրա հիման վրա բիզնեսմենը գա իր եկամո՞ւտն ապահովի: Բիզնեսը գյուղը կապականի: Ուրիշն այստեղ գործ չունի, ամեն ինչ ինքներս ենք անելու»:

Գյուղ տանող ճանապարհը դժվարանցանելի է, քարուքանդ, ասֆալտ չկա, էլի քարեդարյա ճանապարհ է: Ռոբերտն ասում է՝ դա չի վրդովեցնում զբոսաշրջիկներին. «Սա հենց այն թույլ կողմն է, որ վերածել ենք մրցակցային առավելության: Երբ մարդը գիտի, որ գնում է դրախտային վայր… ասֆալտը երբեք չի կարող տանել դրախտային վայր»: Զբոսաշրջիկներին գյուղ բերող այդ վիլիս մեքենաները մի օր կփոխե՞ք ջիպերով՝ իմ այս հարցին ի պատասխան Ռոբերտն ասում է. «Այն վայրկյանին, երբ վիլիսը փոխվի ջիպի, գյուղի հետաքրքրությունը կկորի»:


Կալավանի անգամ անմշակ հողերն են գյուղի զարգացման համար մրցակցային առավելության վերածվել. Ռոբերտն ասում է՝ երբ մարդիկ գուցե ծուլությունից, գուցե անհուսությունից հողը չեն մշակել, թունաքիմիկատ չեն լցրել հողը, ստեղծել են իդեալական պայմաններ օրգանական գյուղատնտեսության համար: Կալավանը հիմա 3 դրամաշնորհ է ստացել օրգանական գյուղատնտեսության զարգացման համար՝ մեղվապահությամբ ու այգեգործությամբ են զբաղվում, ազնվամորի աճեցնում:

«Չկա համայնք, որ զարգացման հնարավորություն չունենա, պարզապես պետք է մարդկային ռեսուրսը ճիշտ օգտագործել ու մարդկանց գնահատել»,- ասում է Ռոբերտը:
Թեեւ Կալավանից էլ մեկնում են արտագնա աշխատանքի, բայց Ռոբերտն ասում է. «Դա ժամանակավոր է, այս պահին գումար է պետք հյուրատներ կառուցելու համար՝ մեկնում են: Մեր հաղթանակն այն է, որ կալավանցիք իրենց ապագան գյուղում են տեսնում, իսկ նախկինում ոչ մեկը չէր ուզում իր կյանքը գյուղի հետ կապել: Նախկինում, երբ ուզում էին ասել, թե որտեղ են ապրում, կողքի գյուղերն էին նկարագրում, հիմա հպարտությամբ Կալավանն են մատնանշում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Նյութը պատրաստվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) աջակցությամբ:

«Առավոտ»

13.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրաչուհի says:

    Գերազանց է հարգելի Ռոբերտ , Դուք հենց հայի այն տեսակն էք, որ դարեր շարունակ ջանացել են վերացնել գերտերություններըԵրկրագնդից.սակայն մեր ոգին ԱՆԿՈՏՐՈՒՆ Է ! ՈՐՔԱՆ ՈՐ ԽՓՈԻՄ Է ԹՇՆԱՄԻՆ ԱՅՆՔԱՆ ԱՎԵԼԻ ԵՆՔ ԱՄՐԱՆՈՒՄ ԵՒ ԶՈՐԱՆՈՒՄ…. ԱՀԱ ՀԱՅԸ, ԱՀԱ ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ, ԹՈՂ ՈՐ ԻՄԱՆԱ ԱՇԽԱՐՀԸ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31